Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎԱՆԴԱՏՈՒՆԵՐԸ 5-6 ՏԱՐԻ ԷԼ ՊԵՏՔ Է ՍՊԱՍԵՆ

Փետրվար 07,2009 00:00

Իսկ այդ ընթացքում՝ նրանցից շատերը կմահանան

Արդեն 3-րդ տարին է, ինչ Հայաստանի Հանրապետությունն իրականացնում է մինչեւ 1993թ. հունիսի 10-ը «Հայխնայբանկում» ներդրված ավանդների փոխհատուցում: Այդ նպատակով 2006 եւ 2007թթ. պետբյուջեից հատկացվել էր 1-ական միլիարդ դրամ, 2008-ին՝ 1,3 միլիարդ, իսկ արդեն այս տարվա պետբյուջեով նախատեսվում է ավանդատերերին փոխհատուցել 1.6 միլիարդ դրամ: Ըստ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տվյալների՝ այսօրվա դրությամբ հաշվառված 62 000 քաղաքացիներից 18 912-ը ստացել է սահմանված կարգով փոխհատուցում: Միայն այս տարվա հունվար ամսվա ընթացքում վճարման ցուցակ է ընդգրկվել 659 անձ, ինչը նշանակում է, որ նրանց ավանդների փոխհատուցումն արդեն ընթացքի մեջ է:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մեթոդական օգնության բաժնի պետ Արմեն Մարգարյանի գնահատմամբ՝ հաշվառված բոլոր ավանդատերերին փոխհատուցելու համար կոպիտ հաշվարկներով կպահանջվի եւս 8-10 միլիարդ դրամ, այսինքն, եթե առաջիկա տարիներին էլ պահպանվի պետբյուջեով հատկացումների ներկա թիվը՝ 1.6 միլիարդ դրամը, ապա 5-6 տարի կպահանջվի փոխհատուցելու համար ցուցակում ընդգրկված բոլոր ավանդատերերին:

Իսկ հնարավո՞ր է, արդյոք, որ դրանից հետո պետությունը սկսի իրականացնել նաեւ այն անձանց ավանդների փոխհատուցումը, ովքեր հաշվառման համար հատկացված ժամանակահատվածում ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել հաշվառվել կամ առայժմ դուրս են առաջնային խմբերից՝ «Առավոտի» այս հարցին ի պատասխան, պարոն Մարգարյանն ասաց. «Առայժմ դրա մասին չենք մտածում: Համբերեք՝ դեռ այս 62 հազարին բարեհաջող փոխհատուցենք, հետո կտեսնենք»:

Անշուշտ, հետո տեսնելու քիչ բան կմնա, ավելի ճիշտ՝ քիչ թվով ավանդատու, քանի որ նրանց գերակշիռ մասն արդեն տարեցներ են, որոնցից շատերը, տարիների ընթացքում, բնականաբար, կմահանան՝ այդպես էլ չհասնելով ավանդների փոխհատուցման իրենց հերթին: Իսկ նրանց ժառանգները չեն կարող ստանալ իրենց ծնողների գումարները, քանի որ, ըստ սահմանված կարգի, մահացած ավանդատիրոջ ժառանգներին փոխհատուցում տրվում է միայն այն դեպքում, եթե այդ քաղաքացին մահացել է այն բանից հետո, երբ ընդգրկվել է վճարման անվանական ցուցակ: Իսկ եթե նա մահացել է հաշվառումից հետո, սակայն՝ մինչեւ վճարման ցուցակում ընդգրկվելը, ապա նրա ժառանգները մնում են ձեռնունայն: Թեեւ՝ նրանց իրավունքը ավանդի նկատմամբ պահպանվում է:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մեթոդական օգնության բաժնի պետ Արմեն Մարգարյանի ներկայացրած տվյալներով, անցած 3 տարիների ընթացքում արդեն իսկ մահացել է 1420 հաշվառված ավանդատու:

Նշենք, որ «Ավանդների փոխհատուցման ծրագիրը» հաստատվել է «2006 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով», որի համաձայն՝ փոխհատուցվում են 2005թ. հուլիսից մինչեւ 2006թ. ապրիլն անընդմեջ նպաստի իրավունք ունեցող քաղաքացիները՝ հետեւյալ սոցիալական խմբերի առաջնահերթությամբ. 70 տարին լրացած եւ դրանից բարձր տարիքի կենսաթոշակառուները, մինչեւ 70 տարեկան կենսաթոշակառուները, միայնակ կենսաթոշակառուները, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներն ու նրանց հավասարեցված անձինք, Հայաստանի Հանրապետության պաշտպանության 1990-1994թթ. ընթացքում մարտական գործողությունների մասնակցած անձինք եւ նրանց ընտանիքի անդամները, դրա հետեւանքով հաշմանդամություն ձեռք բերած անձինք եւ նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաեւ զոհվածների ընտանիքների անդամները: Այնուհետեւ՝ 1-ին, 2-րդ եւ 3-րդ կարգի հաշմանդամները, ՀՀ պաշտպանության 1990-94թթ. ընթացքում մարտական գործողություններից տուժած սահմանամերձ բնակավայրերի բնակիչները, ապա երկրաշարժից տուժած աղետի գոտու բնակիչներն ու բազմազավակ ծնողները, ինչպես նաեւ նրանց երեխաները:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը, թեեւ անցյալ տարի տեղեկացրել էր, որ 2009-ին փոխհատուցման հերթը կհասնի մինչեւ 70 տարեկան կենսաթոշակառուներին, այնուամենայնիվ, մեզ հետ զրույցում չցանկացավ հստակեցնել, թե այս պահին որ խմբին է հասել հերթը՝ մտավախություն հայտնելով, որ քաղաքացիները հաճախ սխալ են ընկալում «70 տարին լրացած» սահմանումը: Մինչդեռ խոսքն այն անձանց մասին է, որոնց 70 տարին լրացել էր մինչեւ 2006թ. ապրիլի 1-ը: Տիկին Մինասյանը նաեւ նշեց, որ իրենք աշխատում են համաձայն 2006թ. հաստատված կարգի, որում որեւէ փոփոխություն չի արվել: Այսինքն՝ քաղաքացիների դժգոհություններն ու սպասելիքները՝ կապված գործող կարգի հետ, առայժմ որեւէ լուծում չեն կարող ստանալ: Տիկին Մինասյանը նաեւ նշեց, որ վիճահարույց դեպքերը շատ չեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել