Մարզի որոշ գյուղերում տարածված բրուցելոզ հիվանդության պատճառով անասունները զանգվածային ոչնչացվում են:
Այս օրերին Սյունիքի մարզի մի շարք գյուղերում հարյուրավոր խոշոր եղջերավոր անասուններ են սատկում՝ գյուղացիներին պատճառելով հսկայական վնասներ: Պատճառն այն է, որ անասունները վարակվել են բրուցելոզ հիվանդությամբ, որը վտանգավոր է ոչ միայն կենդանիների, այլեւ՝ մարդկանց համար, քանի որ հիվանդ անասունի կաթը կամ կենդանու հետ շփումը վարակիչ է: Իրավիճակը ծայրաստիճան վատ է հատկապես Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ գյուղում, որտեղ արդեն ավելի քան 100 գլուխ անասուն է ոչնչացվել: Ծղուկի գյուղապետ Մեսրոպ Ամիրջանյանը «Առավոտի» հետ զրույցում հավաստիացնում էր, որ իրենց գյուղի անասունները ամիսը 1 անգամ սահմանված գրաֆիկով ստուգվում են, իսկ ներկայումս էլ նատրիումի ու քլորի լուծույթով ախտահանվում են բոլոր գյուղացիների գոմերը: Մեր այն հարցին, եթե գյուղում այդքան պարտաճանաչ միջոցառումներ են իրականացվում, ինչպե՞ս վարակը միանգամից տարածվեց, գյուղապետն ասաց. «Չեմ կարող ասել, բարդ հարց է: Դե, ուզում ենք հիվանդության դեմն առնել, մի քանի օրից ստուգումներ որ անենք, արդեն պարզ կլինի՝ ավելացե՞լ է հիվանդ կովերի քանակը, թե՝ ոչ»: Նրա ներկայացմամբ, գյուղացիներին հասցված վնասի չափը ճշտելու համար մոտ օրերս ստեղծվելու է հանձնաժողով. «Մեկ անասունի հաշվով գյուղացին կտուժի 50-60 հազար դրամ, քանի որ մորթված անասունի վաճառքն այնքան գումար չի կազմի, որ կարողանան այլ անասուն գնել»:
Զրուցեցինք նաեւ Սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության Սյունիքի մարզային կենտրոնի պետ Էդգար Թոխսանցի հետ. «Ծղուկից եմ գալիս, նաեւ Սյունիքի մարզպետն էր այնտեղ, ժողովրդի հետ հանդիպեցինք եւ մարզպետը գյուղացիներին օգնելու պատրաստակամություն հայտնեց: Անհրաժեշտ մասնագիտական կանխարգելիչ բոլոր աշխատանքները կատարում ենք, գյուղում կարանտին է հայտարարված, որպեսզի անասունների մուտքն ու ելքը դադարեցվի: Կազմակերպված է ախտահանություն, Երեւանից ջոկատ է գալիս, եւ 2-3 օրերի ընթացքում ամբողջ գյուղը կախտահանեն: Մինչեւ անասունների առողջացումը՝ 20-25 օրը մեկ անընդհատ արյուն ենք վերցնելու»: Պարոն Թոխսանցը չկարողացավ կոնկրետ նշել, թե գյուղացիները որքան վնաս են կրել. «Մենք վնասի հարցերով չենք զբաղվում: Բայց ասեմ, որ կան մարդիկ, ովքեր հիվանդ անասունը մորթում-վաճառում են, հետեւաբար նրանց վնասը 30-40 հազար դրամի չափ կլինի»: Ի պատասխան Ծղուկի գյուղացիների այն դժգոհություններին, որ անասնաբույժներն իրենց գյուղի մասին հիշում են միայն այն ժամանակ, երբ համաճարակ է լինում, Է. Թոխսանցն ասաց. «Ես ամեն օր գնում-գալիս եմ Ծղուկ, ժողովրդի հետ զրուցում ենք եւ ոչ մեկը գյուղի անասնաբույժ Արարատ Ամիրջանյանից չի բողոքում, ընդհակառակը՝ նրանից շատ գոհ են, նա իր պարտականությունների մեջ ոչ մի անգամ չի թերացել»:
Նշենք, որ 1-2 տարի առաջ էլ Սյունիքի մարզի Տոլորս, Ախլաչյան, Վաղատուն եւ այլ գյուղերի գյուղացիները զգալի չափերի վնասներ կրեցին մարզում տարածված դաբաղ հիվանդության պատճառով: