Լրահոս
Օրվա լրահոսը

ԷՋՄԻԱԾՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿՐՃԱՏՎԵԼ Է

Փետրվար 07,2009 00:00

Քաղաքապետարանի բյուջեի նվազման հետեւանքով կարիքավորների համար նախատեսված սոցիալական օգնությունները մի քանի միլիոն դրամով կրճատվել են:

Այս օրերին հանրապետության մի շարք մարզերում հաստատվում են համայնքային բյուջեները: Գրեթե բոլոր համայնքներում այս տարվա բյուջեն, նախորդ տարվա համեմատությամբ, նվազել է, ինչը, որոշ համայնքների ղեկավարների հավաստմամբ, պայմանավորված է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով:

Օրերս ավագանու նիստով հաստատվեց նաեւ Էջմիածնի քաղաքապետարանի 2009 թվականի բյուջեն, որը 2008-ի համեմատ բավականին նվազել է: Եթե նախորդ տարի Էջմիածնի բյուջեն 1 միլիարդ 100 միլիոն դրամ էր, ապա այս տարի այն կլինի 24 միլիոն դրամով պակաս: Խնդիրն այն է, որ վերջին տարիներին բավականին անկում են ապրել հատկապես հողի եւ գույքի հարկի հավաքագրման ցուցանիշները եւ, ըստ կանխատեսումների, այս տարի եւս այդ ցուցանիշները խիստ ցածր են լինելու:

Եթե 2008-ի բյուջեով հողի հարկը կանխատեսվել էր 80 միլիոն դրամ, ապա այս տարի մոտ 1.5 անգամ կրճատվել է՝ հասնելով մոտ 46 միլիոնի: Նվազել է նաեւ գույքահարկը: Այս տարի կանխատեսվում է հավաքագրել մոտ 170 միլիոն դրամ՝ նախորդ տարվա 200 միլիոնի փոխարեն:

Կրճատվել են նաեւ քաղաքապետարանի համար նախատեսվող ծախսերը: Այս տարի քիչ կհատկացվեն կարիքավորների համար նախատեսված սոցիալական օգնությունները՝ 20 միլիոն դրամ, 2008-ի 30 միլիոնի փոխարեն: «Առավոտը» Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանից հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված բյուջեի նվազումը: Ըստ Կ. Գրիգորյանի՝ ո՛չ Հայաստանն է աշխարհից կտրված, ո՛չ էլ՝ Էջմիածինը Հայաստանից, եւ բնական է, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը որոշակի ազդեցություն, այնուամենայնիվ, ունեցել է: «Պարզապես, նախկինում բնակչությունը գույքահարկի գծով մեծ պարտքեր էր կուտակել, որի պատճառով առաջացել էին նաեւ հսկայական տույժեր: Մենք բնակչության հետ աշխատեցինք, հայտարարեցինք, որ ով որոշակի ժամկետներում պարտաճանաչ վճարի պարտքի մայր գումարը, նախկինում հաշվարկված տույժերն ամբողջությամբ կզիջվեն: Նման քաղաքականության արդյունքում բյուջե ահագին գումարներ մուտք արվեցին ու նպատակային ծախսվեցին քաղաքի հոգսերի համար: Գոհ մնաց նաեւ բնակիչը, որովհետեւ ազատվեց գոյացած տույժերից, որը կիսով չափ առաջացել էր նրանց անտեղյակության հետեւանքով: Հիմա, հասկանալի է, որ նախորդ տարիներից մնացած պարտքերի մասով բազան բավականին կրճատվել է, եւ մենք հիմնական շեշտը դնում ենք ընթացիկ տարվա հարկերի հավաքագրման վրա, միաժամանակ՝ շարունակելու ենք պարտաճանաչ քաղաքացիներին խրախուսումը, անապահովներին եւ զոհված ու վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին արտոնությունների տրամադրումը»,- մեզ հետ զրույցում ասաց Կարեն Գրիգորյանը՝ հավելելով նաեւ, որ քաղաքապետարանն իր վրա է վերցնում պետական բուհերում լավ առաջադիմություն ցուցաբերող էջմիածինցի ուսանողների ուսման վարձերի վճարումը: Կ. Գրիգորյանից նաեւ հետաքրքրվեցինք, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում Էջմիածնի քաղաքապետարանում սպասվող կադրային ջարդի մասին խոսակցությունները: Քաղաքապետի ներկայացմամբ. «Դրանք ստահոդ, հնարովի լուրեր են, նման խնդիր երբեւէ չի դրվել, որ քաղաքապետարանի աշխատակիցներին կրճատեն: Բացի այդ, համայնքի ավագանին արդեն հաստատել է հաստիքացուցակը, եւ ոչ մեկը չի կրճատվել»: Քաղաքում դժգոհությունների տեղիք է տվել նաեւ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում վերջերս կատարված փոփոխությունը: Եթե նախկինում ոգելից խմիչքի եւ ծխախոտի վաճառքի թույլտվության համար առանձնացված էր հիմնական եւ ոչ հիմնական շինությունների համար սահմանվող վճարը, եւ համայնքապետերը կարողանում էին մինչեւ 20 քառակուսի մետր տարածքով վաճառակետերի համար ցածր տուրք սահմանել, ապա օրենքում կատարված փոփոխությունից հետո հիմա քաղաքի կենտրոնի սուպերմարկետն ու ծայրամասի փոքրիկ վաճառակետը նույն տուրքը պետք է վճարեն: Քաղաքապետարանը, իհարկե, սահմանել է միջինացված միասնական վճարաչափ, բայց փոքրերի համար դա եւս կարող է խնդիր լինել: Ուստի քաղաքապետի նախաձեռնությամբ ավագանին դիմել է մարզպետին, որ վերջինս կառավարությանը միջնորդի հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, որից հետո տեղական ինքնակառավարման մարմինները հնարավորություն ստանան մեծ եւ փոքր խանութների նկատմամբ տարբերակված մոտեցում ցուցաբերել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել