Արդյոք ժամանա՞կն է այսօր 300 մլն դրամ ծախսել Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի վրա
Փետրվարի 5-ին ՀՀ կառավարությունը որոշել է 2009 թվականի իր պահուստային ֆոնդից 300 միլիոն դրամ հատկացնել Երեւանի քաղաքապետարանին՝ Երեւանում Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի կառուցման աշխատանքներն իրականացնելու համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունը: Այս տեղեկությունը մի շարք հարցեր է առաջացնում:
Նախ՝ ես չեմ հասկանում, թե Երեւանում ինչ տուն-թանգարան կարող է ունենալ մեկը, ով անգամ մեկ օր Երեւանում չի ապրել: Բայց սա ամենացավոտ հարցը չէ: Շառլ Ազնավուրը մեծ վաստակ ունի Հայաստանի առաջ, նրա անվան հրապարակներ կան Երեւանում եւ Գյումրիում, արձան էլ կա: Շառլ Ազնավուրին մեծարելու ծրագիր ունի նաեւ ՀՀ սփյուռքի նախարարությունը եւ անելու է այս տարի: Իրոք, արժե մեծարել նրան:
Խնդիրն այստեղ այլ է. կառավարության վերը նշված որոշումը չի տեղավորվում նույն կառավարության պաշտոնական դիրքորոշման մեջ: Շառլ Ազնավուրի տուն-թանգարան կառուցելու համար 300 միլիոն դրամ առանձնացնելու որոշումից ընդամենը մեկ օր առաջ կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե 2009-ը մեզ համար ամենածանր տարին է լինելու: Իսկ ծանր պահին ունեցած ռեսուրսի յուրաքանչյուր մասնիկը կարեւոր է եւ պետք է ծախսվի խիստ նպատակային: Այնինչ մեր կառավարությունը 300 միլիոն դրամ է ծախսելու ոչ առաջնային, ոչ գերակա մի նպատակի համար: Ի դեպ, գաղտնիք չէ, որ շինարարությունը հատկապես Հայաստանում այն ոլորտն է, ուր կարելի է գործ չանել կամ գրեթե չանել, բայց եղած գումարը ամբողջությամբ ծախսել:
Ես համոզված եմ, որ Շառլ Ազնավուրը չի նեղանա, եթե Երեւանում տուն-թանգարան չունենա կամ ունենա, ասենք, 2012 կամ 2015 թվականին: Ավելին, Շառլ Ազնավուրը հաստատ ըմբռնումով կմոտենա իր տուն-թանգարանի կառուցումը միջազգային ճգնաժամով պայմանավորված՝ հետաձգելու որոշմանը: Առավել եւս, որ կառավարությունը, դատելով նրա առանձին ներկայացուցիչների հայտարարություններից, դեռ չունի ճգնաժամի բերած վնասների ամբողջ պատկերը: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը մեկ ասաց, որ ճգնաժամի արդյունքում գործազուրկ է դարձել 1500, հետո թե՝ 3000 մարդ:
Իսկ ընդհանրապես, Շառլ Ազնավուրի ու նրա արածի մասին իմ ունեցած տեղեկությունները հիմք են ենթադրելու, որ նա Հայաստանի համար ինչ էլ անում է, անում է ոչ մեծարման արժանանալու ակնկալիքով:
Վստահ եմ, որ Շառլ Ազնավուրը կուզեր օգնել Հայաստանին նաեւ ճգնաժամը նվազ ծանր տանելու հարցում: Այնպես որ, Հայաստանի կառավարությունը ճիշտ կանի տուն-թանգարանի կառուցման համար նախատեսված գումարը ուղղի ճգնաժամը հաղթահարելուն: Ու եթե շատ է ուզում մեծարել Շառլ Ազնավուրին, թող հայտարարի, թե նա Հայաստանին 300 միլիոն է նվիրել ճգնաժամի դեմ պայքարելու համար: Թե չէ՝ կառավարության արածի մեջ տրամաբանություն չկա: