Դրանք ուղղված են ինչպես քաղբանտարկյալների, այնպես էլ «Մարտի 1»-ի 10 զոհերի ընտանիքներին
«Եվրոկանչ» զարգացման հասարակական կազմակերպությունը, որը 2008թ. օգոստոսից ի վեր ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանի քաղբանտարկյալների եւ քաղաքական պատճառներով հետապնդվողների ու հալածյալների, ինչպես նաեւ «Մարտի 1»-ի իրադարձությունների ժամանակ 10 զոհերի ընտանիքների սոցիալական եւ իրավական աջակցության, նաեւ քաղկալանավորների նկատմամբ կայացված ապօրինի վճիռների՝ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում բողոքարկմանը աջակցելու ուղղությամբ, ամփոփում է նախորդ տարվա իր աշխատանքների արդյունքը:
«Եվրոկանչի» եւ ամերիկյան երկու կազմակերպությունների՝ Հայկական քաղաքացիական ընկերակցության եւ Քաղաքացիական զարգացման կենտրոնի միջեւ համագործակցությունը համակարգող Մանուշակ Պետրոսյանի փոխանցմամբ, հ/կ-ն, որն ունի նաեւ բարեգործական գործունեություն իրականացնելու իրավունք, 2008թ. սեպտեմբերի վերջերից սկսած վերոնշյալ ուղղություններով հսկայածավալ աշխատանքներ է կատարել: Ու թեեւ «Եվրոկանչը» ունի, Մ. Պետրոսյանի ձեւակերպմամբ՝ «զարգացման ծրագիր», որի նպատակը պետական կառավարման այլընտրանքային ծրագրերի մշակումն է կառավարման բոլոր, այդ թվում՝ տնտեսության, կրթության, նաեւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում, բայց առաջնայինն ու օպերատիվ լուծում պահանջող ծրագիրն այսօր համարում է հե՛նց հիշյալ՝ բարեգործական ծրագրի իրականացումը:
Տիկին Պետրոսյանի մատուցմամբ, թվով 74 նպաստառուներին, այդ թվում՝ ազատազրկվածների, հետախուզման մեջ գտնվողների եւ 10 զոհերի ընտանիքներից յուրաքանչյուրին, սեպտեմբերից ի վեր փոխանցվող նպաստի չափն անփոփոխ է՝ 80 հազարական դրամ: Դա այն գումարն է, որը հատկացվում է այդ ընտանիքներին՝ իրենց անձնական ծախսերի համար՝ չհաշված մյուս ծառայությունները, օրինակ՝ ազատազրկվածների փաստաբանական ծառայությունն ապահովելու համար վճարները: Նրա հավաստմամբ, բոլոր 10 զոհերի ընտանիքները ստացել են արդեն 300.000-ական դրամ: Բարեբախտաբար, այս պահին «Եվրոկանչի» նպաստառուներն արդեն 45-ն են:
Մեր հարցին, թե արդյոք ՀՀ քաղաքացիները անցած ամիսներին մասնակցություն ունեցե՞լ են այդ բարեգործությանը, տիկին Պետրոսյանը դրական պատասխան տվեց: Ըստ նրա, մինչ հ/կ-ի ակտիվ գործունեությունը՝ եղել են անհատներ, որոնք օգնել են քաղբանտարկյալների ընտանիքներին, բայց դա արվել է ուղղակիորեն՝ առանց «Եվրոկանչի» մասնակցության: Այդուհանդերձ, հ/կ-ի բացած բանկային հաշվեհամարում 2008թ. սեպտեմբերից մինչեւ դեկտեմբերի 31-ը մուտքագրվել է 18 114 285 դրամ, այդ թվում՝ ԱՄՆ-ից՝ 17 035 577 դրամ եւ ՀՀ-ից՝ 1 078 708 դրամ: ԱՄՆ-ից ստացված գումարը փոխանցել էին երկու կազմակերպություններ՝ Հայկական քաղաքացիական ընկերակցությունը ($ 41 հազար) եւ Քաղաքացիական զարգացման կենտրոնը ($15 հազար), այդ թվում է նաեւ ավելի վաղ Արշավիր Բոզինյանի անունով բացած հաշվեհամարին փոխանցված $5 հազարը: Արդեն այս տարվա հունվարին ԱՄՆ-ի Քաղաքացիական զարգացման կենտրոնը «Եվրոկանչին» է փոխանցել եւս $15 հազար, որը դեկտեմբերի 22-ին ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում կազմակերպված հեռուստամարաթոնի ժամանակ տեղի ունեցած հանգանակության արդյունքն է:
Մ. Պետրոսյանի ասելով, հ/կ-ն սպասում է ԱՄՆ-ից ստացվող նոր ֆինանսական աջակցության: Այնպես որ, ինչպես նախորդ յուրաքանչյուր, այնպես էլ ընթացիկ ամսվա կեսին «Եվրոկանչի» նպաստառուները կստանան իրենց հատկացվող հերթական նպաստները: Մ. Պետրոսյանը միաժամանակ Հայաստանի եւ արտերկրի մեր հայրենակիցներին կոչ արեց՝ շարունակել օգնել ազատազրկվածների եւ «Մարտի 1»-ի զոհերի ընտանիքներին. «Հավատացեք, սա ավելի շատ քաղաքացիական հասարակության ձեւավորմանն ուղղված ծրագիր է: Մեզանից յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ ազատազրկված մարդկանց խնդիրը ոչ միայն նրանց ու նրանց ընտանիքների, այլեւ մեր բոլորի խնդիրն է, առավել եւս, որ այդ մարդիկ անազատության մեջ են հայտնվել իրենց, նաեւ մեր բոլորի իրավունքների պաշտպանության համար»: