Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍՏՎԵՐԸ ԱՄԵՆԱԲԱՑԱՀԱՅՏ ՏԵՂՈՒՄ Է»

Փետրվար 07,2009 00:00

\"\"«Ինչպես են միլիարդատեր դառնում մի քանի հարյուր դոլար աշխատավարձով». ըստ Արմեն Մարտիրոսյանի՝ հենց սա է հարկավոր բացահայտել:

«Ոճրագործների գնդակն ուղղված էր ոչ միայն կոնկրետ մարդու, պաշտոնյայի դեմ, այլ մի ողջ համակարգի՝ ոստիկանության դեմ, ողջ իրավապահ համակարգի դեմ: Գեւորգ Մհերյանի վերջին ամիսների գործունեությունն ուղղված է եղել կոռուպցիոն մեխանիզմների վերացմանն ուղղված պայքարին, եւ սա էլ մենք պետք է գիտակցենք: Պետք է գիտակցենք եւ համարժեք պատասխան տանք: Մեր գործողությունները պետք է բխեն նաեւ այս հանգամանքից»,- ՀՀ փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության կապակցությամբ հրավիրված խորհրդակցության ժամանակ հայտարարել էր հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Նաեւ պահանջել էր առավել մանրամասն հաշվետվություն ներկայացնել հանցագործության բացահայտման ուղղությամբ կատարված աշխատանքների, պարզված հանգամանքների եւ առաջ քաշված վարկածների վերաբերյալ: Քաղաքական ուժերը կատարվածի վերաբերյալ առայժմ խորհրդավոր լռություն են պահպանում, վարկածների մասին հակված չեն խոսել, թեպետ չեն բացառում որեւէ վարկած: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի պնդմամբ, կատարվածը կարող էր իրոք կապված լինել փոխոստիկանապետի աշխատանքային գործունեության հետ. «Որովհետեւ եթե կենցաղային հողի հետ կապված լիներ այդ սպանությունը, ապա իրավապահ մարմինները, կարծում եմ, շատ արագ բացահայտած կլինեին: Կիսո՞ւմ եմ, թե՞ չէ նախագահի տեսակետը՝ ասեմ, որ որոշակիորեն այնքան էլ համամիտ չեմ, որովհետեւ մենք մինչ այժմ աղմկահարույց որեւէ կոռուպցիոն գործ չենք լսել այս պահի դրությամբ, ուստի այս առումով չեմ կիսում, բայց ես իմ հարցադրումն ունեմ, թե ինչն էր այդ սպանության պատճառը: Կարծում եմ՝ պատճառն այն է, որ հասարակական հարաբերություններում, ինչպես նաեւ իշխանական համակարգում, հարցերը դեռ սրանից էլ առաջ սկսել են լուծվել բացառապես կրակոցների եւ արյան միջոցով, եւ դա շատ վաղուց է սկսվել: Եվ շարունակվելու է այնքան ժամանակ, մինչեւ իշխանությունները չձեւավորվեն ժողովրդի կողմից ընտրված մարդկանցով, եւ նրանք էլ չկատարեն օրենքով վերապահված իրենց լիազորությունները: Դրա արդյունքում այնպես չի ստացվի, որ պաշտոնյան ամսագրի էջում հայտնվի իր մի քանի հարյուր դոլար աշխատավարձով մի քանի տարվա մեջ միլիարդատեր դարձած: Բոլոր այս մեխանիզմներն են, որ բերում են նմանատիպ վիճակների»: Հարցրինք, թե հատկապես ո՞ւմ նկատի ունի, երբ ասում է մի քանի հարյուր դոլար աշխատավարձով հայտնվում են միլիարդատերերի ցուցակում: Արմեն Մարտիրոսյանը հիշեցրեց, որ որոշ ժամանակ առաջ Հայաստանում հայերեն լեզվով տպագրվեց հայտնի «Ֆորբս» ամսագիրը՝ եւ նրա էջերում հայտնվեցին. «օրինակ, նախկին մաքսայինի պետը (խոսքը Արմեն Ավետիսյանի մասին է.- Մ. Ե.), որը, ըստ էության, Հայաստանում տպագրված «Ֆորբս» ամսագրում Հայաստանի ամենահարուստ մարդկանց շարքում էր, ինչպես նաեւ ՀՀ երկրորդ նախագահը նույն ամսագրում բազմամիլիարդանոց հարստության տեր էր նշվում, որից հետո այդ ամսագիրը, չգիտես ինչու, փակվեց:

Սրանք բավականին հետաքրքիր փաստեր են, եւ շարքային քաղաքացիներն այդ մասին են խոսում, այնպես որ՝ չեմ կարծում, որ դրանցից որեւէ մեկը հարուստ ազգականներ ուներ արտասահմանում, որոնց մահվանից հետո հարուստ ժառանգություն էր ստացել: Այս հարցը շատ հետաքրքիր է, եւ ինչպես իմ գործընկեր Լարիսա Ալավերդյանն է ասում՝ ստվերը Հայաստանում ամենաբացահայտ տեղում է»,- ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը:

ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ անդամ Հրայր Կարապետյանի կարծիքով՝ կատարված սպանությունը «առաջացնում է հուսահատություն բոլորիս մոտ՝ ե՛ւ պաշտոնյաների, ե՛ւ հասարակ մարդկանց, մեր երկրի ապագայի նկատմամբ հուսահատության զգացումներ է առաջացնում, վախի մթնոլորտ է սերմանում: Տեսեք, քանի այդպիսի սպանություններ եղան, սկսած… սկսելու բան էլ չկա, եթե սկսենք, Ղանդիլյանից պիտի սկսենք»: Հրայր Կարապետյանն ասաց, որ խնդիրը նախագահի վերահսկողության տակ է, եւ այդ ուշադրությունը կազդի, որպեսզի հանցագործությունն արագ բացահայտվի. «Բայց մենք չպետք է մոռանանք Շահեն Հովասափյանի սպանության մասին, չպետք է մոռանանք Գագիկ Պողոսյանի եւ այլնի սպանությունների մասին»: «Առավոտը» հարցրեց՝ եթե այդ չբացահայտված սպանությունների շարանը կա, ապա նման իրավիճակում այլ երկրում արդյոք գլխավոր դատախազը հրաժարական չէ՞ր տա, կամ՝ դատախազին ընտրած Ազգային ժողովը չէ՞ր փորձի վերանայել իր իսկ ընտրությունը եւ ետ չէ՞ր կանչի ոլորտի պատասխանատուին: Հրայր Կարապետյանը կարծես համամիտ էր մեզ հետ. «Այո, եթե այդ շարանը ընթանում է այնպես, որ որեւէ բացահայտում տեղի չի ունենում, իսկապես պետք է… իմիջիայլոց, սա միայն դատախազի խնդիրը չէ, ինչպես գիտեք՝ դատախազությունից շատ լիազորություններ հանվել են, դատախազը վերահսկիչ դեր ունի նախաքննության վրա: Այո, իսկապես, եթե նախկինների պատմությունը կրկնվի, ապա ոչ միայն դատախազը, բոլոր իրավապահ մարմինները ներկայացնողները պետք է լուրջ եզրակացություններ անեն, եւ նաեւ՝ նրանց նշանակողները»: «Այս անգամ» Հրայր Կարապետյանը հուսով է, որ պետական պաշտոնյայի սպանությունը կբացահայտվի. «Սա իսկապես պատվի հարց է, պատվախնդրության հարց է, նաեւ գիտեմ նոր ոստիկանապետին. ես իր հետ կոլեգա եմ եղել, մենք միասին մարզպետներ ենք եղել, կարծում եմ՝ ինքը կբացահայտի»:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, թե կատարվածը «ապտակ էր ամբողջ իրավապահ համակարգին, եւ իրենք՝ իրավապահները, որոնք լիազորված են, պիտի ամեն ինչ անեն բացահայտումների առումով: Իրավապահ մարմինները պիտի կարողանան հասնել հիմնական նպատակին՝ բացահայտմանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել