Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցեղասպանություն՝ առանց մեկնաբանության»

Փետրվար 06,2009 00:00

Հայաստանի Հանրապետության գրականության եւ արվեստի թանգարանում օրերս ցուցադրվեց Ալեքսանդր Սարդուրիի «Ցեղասպանություն՝ առանց մեկնաբանության» փաստագրական ֆիլմը: Այն ստեղծված է գերմանական արխիվային նյութերի հիման վրա: Ֆիլմում դրանք ներկայացնում էր գերմանացի լրագրող Վոլֆգանգ Գուստը, որը, երկար տարիներ ուսումնասիրելով հայոց պատմությունը, եկել է այն եզրակացության, որ ցեղասպանությունն այնպիսի ողբերգություն է, որի մասին անընդհատ պետք է խոսել: Վ. Գուստը ներկայացնում է փաստաթղթեր, որտեղ գերմանացի քաղաքագետներն ու պատմաբանները մանրամասն ներկայացնում են պատմական Հայաստանի տարածքներից որեւէ հատվածի զոհերի մասին: Ֆիլմում կան նաեւ պատմաբաններ, ովքեր հայերի զանգվածային ջարդը ցեղասպանություն չեն համարում: Կինոաշխատանքում պատահական անցորդների հարցեր էին տալիս՝ արդյո՞ք Հայաստան բառն իրենց ինչ-որ բան ասում է եւ լսե՞լ են Օսմանյան Թուրքիայի գործած ոճրագործության մասին: Մի քանիսը լսել էին միայն, որ Հայաստանը երկիր է, իսկ ցեղասպանության մասին ոչինչ չգիտեին: Մի երիտասարդ, օրինակ, ասաց. «Եթե Թուրքիայում ինչ-որ մեկը խոսի հայերի ցեղասպանության մասին, նույն օրը բանտում կհայտնվի: Սակայն Գերմանիայում այն այլեւս վատ չի դիտվում եւ կարելի է խոսել: Չնայած ես կարդացել եմ, որ գերմանացիներն էլ են մեղադրվում դրա մեջ, քանի որ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նրանք Թուրքիայի հետ համախոհներ են եղել, բայց երկար ժամանակ բարձրաձայնելով ցեղասպանության մասին՝ քավել են իրենց մեղքը»: Հետաքրքիրն այն է, որ յուրաքանչյուր գերմանացի, ով գիտե ցեղասպանության մասին, օտարերկրացիներին կոչ է անում անընդհատ խոսել դրա մասին եւ ճանաչել այն: Մի ծերունի բավականին շատ բան գիտեր Հայաստանի եւ եղեռնի մասին: Նա խոստովանեց, որ ազգությամբ հայ ծանոթ ունի, որը հաճախ պատմում է Հայաստանի գեղատեսիլ վայրերի եւ պատմության մասին: Ֆիլմում կար մի հատված, որը ներկայացնում էր պատմական Հայաստանն ու նրա պատմամշակութային ժառանգությունը: Ֆիլմում ցուցադրվող եկեղեցիները հայկական էին, սակայն խաչի փոխարեն մուսուլմանական կիսալուսինն ու աստղն էին դրված:

Ֆիլմի ռեժիսոր Ալեքսանդր Սարդուրին կարծում է, որ պետք է խոսել ոչ թե այս ֆիլմի, այլեւ հիմնախնդրի մասին. «Կան թեմաներ, որոնք մենք շրջանցում ենք կամ խուսափում ենք խոսել դրա մասին: Ես կուզենայի, որ դրանք հիշատակվեն եւ մակերես դուրս գան: Ես բացարձակ անտարբերություն եմ տեսնում այս երեւույթի նկատմամբ եւ բացատրությունը չգիտեմ: Դա հատկապես կապված է Հայաստանի մշակույթի նախարարի հետ, որը հեքիաթներ է պատմում, թե տեսել է իմ ֆիլմը եւ կարծիքներ է արտահայտում դրա մասին: Անտարբեր է նաեւ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, որին արդեն երկար ժամանակ է, ինչ նամակ ենք ուղարկել ֆիլմը ցուցադրելու խնդրանքով, սակայն՝ ապարդյուն»: Ռեժիսորի խոսքերով, նույնը կատարվում է նաեւ Սփյուռքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել