Լրահոս
Օրվա լրահոսը

Զգուշացեք ալկոհոլից

Փետրվար 06,2009 00:00

\"\"Մի՛ չարաշահեք ալկոհոլը, այն վնասում է ձեր առողջությանը, եւ սադրում է անօրինական գործողությունների, անգամ՝ հանցանքների:

Ոգելից խմիչքներ օգտագործում են ոչ միայն առիթների՝ ուրախության, տխրության ժամանակ, այլեւ հաճախ՝ նույնիսկ անառիթ: Ինչ առիթով էլ, որ ալկոհոլը օգտագործվի, միեւնույն է՝ պետք է պահել չափը եւ չտրվել գայթակղությանն ու իրար ետեւից դատարկել շշերը: Ոմանց կարծիքով, մի քանի բաժակ խմելուց ու թեթեւ օրորվելուց վնաս չկա, քանի որ դա ամենօրյա բնույթ չի կրում: Սակայն նմանատիպ «անմեղ» պատկերացումները ալկոհոլի մասին ավելի վտանգավոր ե,ն եւ այդպես արտահայտվողները վտանգում են իրենց կյանքը, չնկատելով, որ կամաց-կամաց կախվածության մեջ են ընկնում: Բժիշկների խոսքերով, ալկոհոլը չարաշահող մարդիկ սովորաբար ավելի ինքնավստահ են լինում եւ չեն ընդունում իրողությունը, որ չափից դուրս են խմել: Նրանց կարծիքով, իրենք սովորական «խմող» են եւ ցանկացած պահի կարող են վերջ դնել իրենց խմելուն, բայց՝ իզուր: Այս առիթով Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշել է, որ «Ալկոհոլի չարաշահման պատճառով առաջացող հասարակական խնդիրները նվազեցնելու լավագույն ձեւը չափավոր խմողների եւ ոչ թե մոլի հարբեցողների թվի կրճատումն է»: Իզուր չէ, որ բազմաթիվ բռնությունների, սեռական ոտնձգությունների, սպանությունների զգալի մասը կատարվում է ալկոհոլի ազդեցության տակ ու երբ խմիչքի ազդեցությունը թուլանում է՝ փորձում են արդարանալ, թե «խմած ենք եղել, չենք գիտակցել»: Իրոք, ալկոհոլը բարենպաստ պայմաններ է ստեղծում բռնության համար, ու, չնայած բոլոր արդարացումներին, ալկոհոլի ազդեցության տակ՝ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցավոր արարք կատարողների պատիժը ծանրանում է: Հարբեցնող խմիչքների ազդեցության տակ գտնվող մարդը հեշտությամբ կորցնում է ինքնատիրապետումը, զսպվածությունը: Օրինակ, Գերմանիայում անցկացված մի ուսումնասիրության համաձայն, այդ երկրում կատարված բռնության եւ սեռական բնույթի հանցագործությունների 2/3-ը կատարվել է հարբածության ժամանակ: «Polityka» թերթի փոխանցմամբ, Լեհաստանում բռնության ենթարկված կանանց 80%-ի ամուսինները հարբեցողներ են: Իսկ ԱՄՆ-ում խնդիրն այնքան մտահոգիչ է, որ մի քանի անգամ լուրջ քննարկումներ են ծավալվել Կոնգրեսում: ԱՄՆ-ում միայն 1998 թ. ալկոհոլի չարաշահման արդյունքում քաղաքացիները $184 միլիարդ 5 միլիոնի վնաս են հասցրել պետության տնտեսությանը:

Մասնագետները տարբերակում են ալկոհոլի չարաշահման երեք տեսակ: Առաջինի դեպքում մարդը վնաս է հասցնում իր ֆիզիկական եւ հոգեւոր առողջությանը, ինչպես նաեւ՝ հասարակությանը: Երկրորդի ժամանակ նույնպես վնասը հասցվում է նշված արժեքներին, սակայն մի տարբերությամբ, որ խմելը դեռ ալկոհոլամոլության չի հասնում: Երբ մարդու մեջ անհաղթահարելի ցանկություն է առաջանում խմիչքի հանդեպ (երրորդ փուլ), այդ պեպքում բժշկի միջամտությունը պարտադիր է, քանի որ առաջանում է կախվածություն, որից ինքնուրույն ձերբազատվելն այնքան էլ դյուրին չէ:

«Աջակցություն հոգեկան առողջությանը» հ/կ-ի նախագահ Արամ Ալեքսանյանը, որը նաեւ Սեւանի հոգեբուժարանի փոխտնօրենն է, «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ իրենց հաստատությունում ալկոհոլից կախում ունեցողների համար առանձին ստորաբաժանում չկա, այդ պատճառով հիվանդները ստացիոնար բուժում չեն ստանում: Ըստ Ա. Ալեքսանյանի, խորհրդատվության եւ բուժման համար տարեկան իրենց դիմում է ալկոհոլից կախվածություն ունեցող մոտ 150 անձ, որոնք մեծ մասամբ քաղաքաբնակներ են եւ հիմնականում՝ տղամարդիկ: Ըստ նրա, իրենց հիվանդները 30 եւ բարձր տարիքի են: «Նրանց բուժելու տարբեր մեթոդներ կան: Դեղորայքի միջոցով փորձում ենք նրանց առողջացնել, բայց եթե հիվանդն ուզում է այդ ախտից բուժվել, պետք է առաջին հերթին ինքը մեզ օգնի, հակառակ դեպքում, ինչքան էլ փորձենք, եթե հիվանդը կամք չունենա՝ չենք կարող բուժել»,- ասաց Ա. Ալեքսանյանը:

Ալկոհոլի բացասական դրսեւորումները

Բժիշկների պնդմամբ, էթանոլը, որն առկա է գրեթե բոլոր ալկոհոլային խմիչքներում, քայքայում է մարդու նյարդային համակարգը: Էթանոլի մեծ քանակություն ընդունելու դեպքում մարդը կարող է կոմայի մեջ ընկնել եւ նույնիսկ մահանալ: Գաղտնիք չէ, որ հարբածությունը եւս թունավորման ձեւ է, ուստի չափից դուրս խմելը մարդկանց մոտ առաջացնում է խոսելու ունակության արգելափակում, արտաբերած բառերը աղավաղված են հնչում, մարդը կորցնում է հավասարակշռությունը եւ այլն: Այս ամենի պատճառը նյարդաբջիջներում կատարվող բարդ քիմիական ռեակցիաներն են: Ալկոհոլամոլությունը սկսվում է այն բանից հետո, երբ ուղեղը սովորում է ալկոհոլի առկայությանը եւ առանց դրա չի կարողանում բնականոն գործել: Բազմաթիվ ուսումնասիրություններից պարզվել է, որ նման դեպքերում ուղեղի բաղադրությունը որոշակիորեն փոխվում է, քայքայվում են բջիջները, եւ դրանից փոխվում է ուղեղի կառուցվածքը:

Ալկոհոլը նաեւ լյարդի ամենամեծ թշնամին է, քանի որ էթանոլի քայքայումը խոչընդոտում, նույնիսկ դադարեցնում է ճարպերի մարսման գործընթացը, որոնք կուտակվում են լյարդում, ինչն էլ առաջ է բերում հեպատիտ հիվանդությունը: Բացի այն վտանգից, որ հնարավոր է առաջանան լյարդի չարորակ նորագոյացումներ, ալկոհոլը խիստ նպաստում է նաեւ բերանի, ըմպանի, կոկորդի եւ կերակրափողի քաղցկեղով հիվանդանալուն: Հատկապես կրծքագեղձի քաղցկեղի նկատմամբ խոցելի են դառնում այն կանայք, ովքեր ամեն օր ալկոհոլ են օգտագործում: Ոգելից խմիչքներից առաջացող կամ որոշակի հիվանդությունների զարգացմանը նպաստող ցանկը այսքանով չի սպառվում: Տարբեր երկրների բժիշկները ալկոհոլային խմիչքների չափավոր քանակության տարբեր սանդղակներ են նշում, սակայն ընտրված «ոսկե միջինով» օրվա ընթացքում տղամարդկանց թույլատրվում է գործածել 20 գրամ մաքուր ալկոհոլ, իսկ կանանց՝ 10:

Օգտակար խորհուրդներ

Թեեւ լավագույն տարբերակը ընդհանրապես չխմելն է, սակայն առօրյա կյանքում հնարավոր չի լինում խուսափել խնջույքների, տարբեր արարողությունների ժամանակ կենաց ասելու գայթակղությունից: Որպեսզի ալկոհոլ ընդունելիս չհարբեն՝ ներկայացնում ենք մի քանի խորհուրդ: Ինչպես ասում են, ալկոհոլը «շտապողականություն» չի սիրում եւ պետք է ընդունել քիչ-քիչ: Խմելուն զուգընթաց, խորհուրդ չի տրվում ծխախոտ օգտագործել, քանի որ համադրումը առաջացնում է խումհարային վիճակ: Իսկ եթե արդեն հարբել եք, ալկոհոլը օրգանիզմից չեզոքացնելու համար օգտակար է կիտրոնով կամ անանուխով թեյը: Ուժեղ հարբածության ժամանակ պետք է 1 բաժակ սառը ջրին ավելացնել 4-5 կաթիլ անուշադրի սպիրտ եւ խմել: Լուծույթը ընդունելուց հետո հարբածությունը զգալիորեն կթուլանա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել