Բասկետբոլի Ազգային ասոցիացիայի (NBA) առաջնության հերթական տուրում «Քլիվլենդը» արտագնա խաղում 107:102 հաշվով կամային հաղթանակ է տարել «Նյու-Յորքի» նկատմամբ:
Դրանում անսովոր ոչինչ, կարծես, չկա, եթե նկատի չունենանք, որ այդ հանդիպման լավագույն խաղացող ճանաչված «գերաստղ» Լեբրոն Ջեյմսը միայնակ վաստակել է իր թիմի միավորների գրեթե կեսը (52 միավոր), մրցակցի հետ գնդակի համար պայքարում հաղթել 10 անգամ եւ 11 անգամ էլ նրա փոխանցումից հետո գրավվել է մրցակցի զամբյուղը:
«Կարծում եմ, մարզասերների մեջ տպավորվեցին իմ մասնակցությամբ բոլոր դրվագները: Բոլորը տեսան, թե ես այսօր ինչպիսի կրքով էի գործում խաղադաշտում: Հաճելի է, երբ քո խաղը հիացմունք է պատճառում: Իսկ առավել հաճելի է այն, որ քեզ համեմատում են պրոֆեսիոնալ բասկետբոլի ողջ պատմության մեջ այնպիսի անհատականությունների հետ, ինչպիսիք են Մայքլ Ջորդանը կամ Քարիմ Աբդուլ-Ջաբարը: Դա արդեն ինչ-որ բան նշանակում է»,- ասում է Լեբրոն Ջեյմսը: