Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵՐԵՔ՝ 100%-ԱՆՈՑ ԱՐԴՅՈՒՆՔ

Փետրվար 06,2009 00:00

\"\"«Moscow Open» շախմատի հոբելյանական 5-րդ բաց առաջնությունը մոտենում է եզրագծին:

Երեկ մասնակիցները խաղացին վեցերորդ տուրում: Իսկ մինչ այդ «B» խմբում հանդես եկող հայաստանցի շախմատիստներից երեքը՝ Դավիթ Գեւորգյանը, Սուրեն Պողոսյանը եւ ՖԻԴԵ-ի վարպետ Ռոբերտ Աղասարյանը, գերազանց մրցելույթներ էին ունենում: Նրանք պարտության էին մատնել իրենց բոլոր մրցակիցներին եւ 100%-անոց արդյունքով կազմում էին միայն հաղթանակներ տոնած հինգ հոգուց բաղկացած խմբի կորիզը: Իրենց վստահ են զգում մեր հանրապետության եւս չորս շախմատիստներ՝ Վարդան Մելքոնյանը, Սարգիս Մանուկյանը, Սարգիս Սարգսյանը եւ միջազգային վարպետ Վահագն Խաչատրյանը: Նրանք հինգ տուրից հետո վաստակել էին 4-ական միավոր եւ տեղ էին զբաղեցնում մրցաշարային աղյուսակի վերին հատվածում:

Ուժեղագույնների խմբում հանդես եկող գրոսմայստերներ Ռաֆայել Վահանյանը (նկարում) եւ Գաբրիել Սարգսյանը դեռ շարունակում են պայքարը մրցանակային տեղերի համար: Բազմափորձ Վահանյանը հերթական հաղթանակից հետո վաստակած միավորների քանակը հասցրել էր 4-ի, իսկ Գաբին հինգ տուրից հետո ուներ 3,5 միավոր:

Երեկ Վահանյանը սպիտակներով խաղում էր գրոսմայստեր Իվան Պոպովի, իսկ Սարգսյանը, նույնպես սպիտակներով՝ գրոսմայստեր Յուրի Յակովիչի հետ:

Մոսկվայի բաց առաջնության տարբեր խմբերում հանդես են գալիս բավականին մեծ թվով հայ շախմատիստներ, որոնք ներկայացնում են հատկապես Ռուսաստանը եւ Ուկրաինան: Նրանք շուրջ քսանն են ու նրանց մեջ կան գրոսմայստերներ, միջազգային ու ՖԻԴԵ-ի վարպետներ: Արտերկրի հայերի մեջ երեկվա դրությամբ լավագույնը ուժեղների թիմի անդամ՝ «ուկրաինացի» Յուրի Հայրապետյանն էր, որը չորս տուրում կորցրել էր ընդամենը կես միավոր: Երկու հայ ներկայացուցիչներ կան նաեւ կանանց «C» մրցաշարում՝ Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող կանանց միջազգային վարպետներ Կարինա Համբարձումովան եւ Տաթեւիկ Հայրապետյանը:

«Առավոտը» ուշադրության կենտրոնում կպահի նաեւ նրանց մրցելույթները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել