Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գեղարվեստական ղեկավարը փոխարինվել է խորհրդատուով

Փետրվար 06,2009 00:00

Մարզային թատրոնները նոր աշխատաոճ են ընտրել

Գյումրիի Վ. Աճեմյանի անվան եւ Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոններում, պարզվում է՝ նոր կազմակերպչական ու ստեղծագործական վիճակներ են տիրում: Գյումրիի թատրոնում վեց ամիս առաջ է տեղի ունեցել տնօրենի փոփոխություն՝ դերասանական կրթությամբ եւ վարչական աշխատանքի փորձ ունեցող Գեւորգ Խաչատրյանը փոխարինել է տնօրեն Կարինե Աղաբեկյանին, իսկ Վանաձորի թատրոնում մասնագիտական կրթությամբ եւ մշակութային օջախների կառավարման փորձով Հովիկ Չախմախչյանը՝ տնօրեն Ալբերտ Ժամհարյանին: Երկու թատրոնները հրաժարվել են գեղարվեստական ղեկավարի ինստիտուտից՝ ստեղծագործական կառավարումը հանձնելով գեղարվեստական խորհրդատուներին: Գյումրիում այս պարտականությունը կատարում է բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանը, Վանաձորում՝ Վահե Շահվերդյանը: Թե՛ Գյումրին, թե՛ Վանաձորը, թատրոն հաճախողների թվի նվազմամբ պայմանավորված, հիմնականում աշխատում են պատանի հանդիսատեսի համար: Կան նաեւ տարբերություններ այս թատրոնների միջեւ. Գյումրիի թատրոնը, լինելով քաղաքում միակ մշակութային դահլիճը, հնարավորություն է տալիս վարձակալական վճարների միջոցով լուծել տարբեր ֆինանսական խնդիրներ եւ արտաբյուջետային միջոցների հաշվին բարձրացնել աշխատավարձերը: Մինչդեռ Վանաձորի թատրոնի 360 տեղանոց դահլիճը ծառայում է զուտ թատերական ներկայացումներին: Այսօր ֆինանսական ճգնաժամը եւ թատրոն-հանդիսատես թույլ կապը իրենց դժվարություններն են ստեղծել:

Ըստ Վ. Աճեմյանի անվան թատրոնի տնօրեն Գեւորգ Խաչատրյանի. «Ֆինանսական ճգնաժամը առայժմ թատրոնում չի զգացվում, իսկ թատրոն-հանդիսատես կապը մեզ մոտ միշտ ամուր է: Տեղական հեռուստատեսությամբ մշտապես գովազդվում են մեր ներկայացումները: Ինչ վերաբերում է տնօրենի խորհրդատուին, որի պաշտոնում ճանաչված բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանն է, նա միայն մեր թատրոնում իրականացրել է 21 ներկայացում: Այնպես որ, թատրոնի անձնակազմի համար նա նոր մարդ չէ: 2008-ի օգոստոսից մինչեւ տարեվերջ ունեցել ենք չորս պրեմիերա՝ Սարոյանի «Մի գնա բարկացած» (բեմադրիչ՝ Հ. Ղազարյան), Աննա Պետրոսյանի «Ո՞ւր է քաղաք տանող ճանապարհը» (բեմադրիչ՝ Ռ. Գրիգորյան), Չարլզ Դիկկենսի «Կոպերֆիլդ» (բեմադրիչ՝ Հ. Հովհաննիսյան) եւ Ուստինով-Տոբակովի «Ձյունիկն ու յոթ թզուկները» (բեմադրիչ՝ Հ. Հովհաննիսյան): Կարծում ենք, մի քանի ամիսների այս աշխատանքը մեծ ձեռքբերում է: Այժմ էլ թատրոնում ընթանում են երկու նոր բեմադրությունների փորձեր»:

Հ. Աբելյանի անվան թատրոնի տնօրեն Հ. Չախմախչյանն էլ հայտնեց. «Առայժմ ֆինանսական դժվարություններ չենք զգում: Մեր ներկայացումներն անցնում են լեփ-լեցուն դահլիճներում: Գեղարվեստական ղեկավա՞ր, թե՞ խորհրդատու հարցի առնչությամբ էլ ասեմ, որ, հուրախություն վանաձորցիներիս, այսօր մեր թատրոնում դարձյալ Վահե Շահվերդյանն է: Կարծում եմ, պետական թատրոնը միանշանակ պետք է ունենա գեղարվեստական ղեկավար՝ ով թելադրում է ձեռագիր: Առաջին անգամ Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի ռեկտորի խնդրանքով երկու շրջանավարտներ՝ Նունե Խեչումյանն ու Արմեն Ներսիսյանը անցյալ տարի մեզ մոտ բեմադրեցին իրենց դիպլոմային աշխատանքները, առաջինը՝ Հովհաննես Թեկգյոազյանի «Մետաստազը», երկրորդը՝ Սամվել Խալաթյանի «Սիմոն թագավորը»: Հաջողությունն այնքան ակնհայտ էր, որ դրանք ընդգրկվեցին խաղացանկ: Բեմադրիչ Սարգիս Մանուկյանի «Գիշատիչներն» էլ, ըստ Վահե Քաչայի ստեղծագործության, 2008-ին ճանաչվեց լավագույն ներկայացում… Ինչ խոսք, ստեղծագործական ընթացքն առանց դժվարությունների չի լինում: Աշխատում ենք դրանք հաղթահարել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել