Հայերն էլ ակնկալիք ունեն Լիբանանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից
Ըստ պատմական աղբյուրների՝ հայերը Լիբանանում մեծ թիվ են կազմել՝ սկսած 17-րդ դարից, իսկ 1861թ. Լիբանանի ինքնավարության առաջին կառավարիչ է նշանակվել հայազգի Արթին Դաուդյանը կամ Դաուդ փաշան:
Վերջերս Հայաստանում էր ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի անդամ Հովիկ Մխիթարյանը: Նա կարծում է, որ ներկայումս էլ լիբանանահայությունը համարվում է Միջին Արեւելքի ամենաազդեցիկ գաղութներից մեկը: Հ. Մխիթարյանի խոսքով՝ լիբանանահայ գաղութը հաստատված է Առաքելական, Կաթոլիկ եւ Ավետարանչական համայնքներով, ավանդական երեք կուսակցություններով՝ ՀՅԴ, ՌԱԿ, ՍԴՀԿ, կրթամշակութային օջախների լայն ցանցով: Մեր զրուցակիցը նշում է, որ ինչպես ԽՍՀՄ-ի տարիներին, այնպես էլ հիմա լիբանանահայությունն ամենակապվածն է հայրենիքի հետ ու մեծ ներդրում ունի Հայաստան-Սփյուռք կապերի հաստատման գործում: Թե ինչպես են անդրադարձել պատերազմները, հատկապես շուրջ 15 տարի տեւած քաղաքացիականը, գաղութի վրա, ըստ պարոն Մխիթարյանի. «Գաղութը նոսրացել է, այժմ թիվը 145 000-150 000 է, չնայած չեզոքություն պահպանելու շնորհիվ հայերը խուսափել են առավել մեծ վտանգներից: Որոշ իմաստով նաեւ տնտեսական դժվարություններ կան, որոնք բնորոշ են բոլոր երկրներին ու ժողովուրդներին: Մեծ հաշվով, լուրջ մտահոգություններ չունենք, լիբանանահայ գաղութի անվտանգությունն ապահովված է: Ի դեպ, վերջին ամիսների Պաղեստինի դեպքերին էլ հայերս իբրեւ Լիբանան չներառվեցինք»: Ցավոք, այս երկրի հատկապես երիտասարդները՝ նաեւ հայերը հակված են արտագաղթելու: Քիչ չեն վերջիններիս՝ Հայաստանում հաստատվելու դեպքերը:
Նշենք, որ 17 մեծուփոքր համայնքներից բաղկացած Լիբանանում հայկականը 7 գլխավոր համայնքներից մեկն է հանդիսանում: «Խորհրդարանում 6 հայ երեսփոխանական աթոռ ունենք: 7-րդը Ավետարանչական եկեղեցու աթոռն է, որը նույնպես կարող է հայ զբաղեցնել: Քաղաքական ներկայություն ունենալով հայկական երեսփոխանական բլոկով, մենք թե Լիբանանի քաղաքական կյանքում, թե ներազգային ճակատում՝ հայությունն իբրեւ գաղութ ամրապնդելու առումով աշխատանքներ ենք տանում»,- ասում է Մխիթարյանը: Նաեւ հավելում է, որ հատկապես օրհասական պահերին բոլոր բարեսիրական կազմակերպություններն ու կուսակցությունները համախմբվում են՝ ի շահ ազգայինի մոռանալով ներքին տարաձայնությունները:
«Հունիսի սկզբին խորհրդարանական ընտրություններ են կայանալու Լիբանանում, պետք է ձեւավորվի նոր խորհրդարան, մենք էլ նպատակ ենք դրել, որ հայկական երեսփոխանական բլոկը ավելի ճիշտ ներկայությամբ հանդես գա»,- ասում է մեր զրուցակիցը:
Խոսելով, իրենց բնորոշմամբ, հայադրոշմ գաղութում պատահող խառն ամուսնություններից, պարոն Մխիթարյանն ասում է, որ դրանք մեծ թիվ չեն կազմում, երեւույթն էլ բնական է համարում. «Սփյուռքի ցանկացած տարածքում ապրող հայ անհատին վերջիվերջո այդ վտանգը սպառնում է: Նման հարցերի լուծումը Հայաստանում կայացած պետականությամբ միջավայր ունենալն է, որպեսզի մեր հայրենակիցները եթե ո՛չ մասսայական, ապա գոնե հանգրվանային տեղափոխումներ կատարեն հայրենիք: Գիտակցում ենք, որ սա դժվար է Հայաստանի ներկա տնտեսական պայմաններում, բայց ամեն դեպքում ցանկալի է, որ մեր զավակները հայրենիքի հետ սերտ կապեր ունենան»: