Լրահոս
Օրվա լրահոսը

Փետրվար 06,2009 00:00

ՕԲԱՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԶԻՆԱԹԱՓՎԵԼ

\"\"Ապրիլին Լոնդոնում կայանալիք 20 երկրների համաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, հավանաբար, կառաջարկի իր ռուսաստանյան գործընկեր Դմիտրի Մեդվեդեւին թողնել ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի զինված ուժերում միայն 1000-ական միջուկային մարտագլխիկ: Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչն արդեն իսկ արձագանքել է այդ հայտարարությանը՝ ասելով, որ դա թարմ ազդանշան է, որը պետք է զարգացնել նախարար Լավրովի եւ պետքարտուղար Քլինթոնի հանդիպումների ժամանակ, ինչպես նաեւ ռազմական փորձագետների մակարդակով: Եթե Օբամայի առաջարկն իրականություն դառնա, ապա 2 երկրների միջուկային զինանոցները կկրճատվեն մոտ 50%-ով: «Վրեմյա նովոստեյ» թերթը հիշեցնում է, որ 1991 թվականի պայմանագրով մարտագլխիկները կրճատվել են՝ 10-11 հազարից մինչեւ 6 հազար, իսկ այնուհետեւ՝ մինչեւ 3,5 հազար: Հնարավոր է, որ Օբամայի եւ Մեդվեդեւի հանդիպման ժամանակ քննարկվեն նաեւ Արեւելյան Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղադրման ծրագրերը, որոնց մասին հայտարարել էր ամերիկյան նախորդ վարչակազմը: Սպիտակ տան նոր ղեկավարն առայժմ չի կողմնորոշվել՝ արժե՞, արդյոք, Չեխիայում տեղադրել ռադարային սարք, իսկ Լեհաստանում՝ նոր հակահրթիռային համալիր, քանի որ այդ ծրագրերի իրականացումը ԱՄՆ հարկատուներին $4 միլիարդ կարժենա: Թերթի աղբյուրները նշում են, որ ապագա բանակցությունները չեն կարող սահմանափակվել միայն միջուկային զենքով եւ անպայման առնչվելու են նաեւ տիեզերքի ապառազմականացմանն ու սովորական սպառազինություններին:

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՐՃԱՏՈՒՄ Է ԲՅՈՒՋԵՆ

Ռուսաստանի կառավարությունը պատրաստվում է կրճատել բյուջեի ծախսային մասը: Այդ մասին երեկ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Իգոր Շուվալովը: Չնայած փոխվարչապետը այդ մասին հայտարարել է փակ հանդիպման ժամանակ, սակայն լրագրողներին հայտնի է դարձել, որ, պաշտոնյայի կարծիքով, մի քանի ամիս առաջ հաստատված բյուջեն չափից ավելի ամբիցիոզ է՝ հաշվի առնելով ճգնաժամային իրավիճակը: Շուվալովի խոսքերով, 2008-ի վերջում կառավարությունը ծրագրում էր եկամուտներ եւ ծախսեր՝ ելնելով բացարձակապես այլ գնային կոնյունկտուրայից: Այժմ նավթի գները, որոնք կազմում են Ռուսաստանի եկամուտների հիմքերի հիմքը, մոտենում են մեկ տակառի դիմաց՝ $40-ի սահմանի: Ավելի վաղ տնտեսական զարգացման նախարար Էլվիրա Նաբիուլինան հայտարարել էր, որ ճշգրտված բյուջեում պետք է ելնել $41 գնից, մինչդեռ անցած տարի բյուջեն հաշվարկվել էր $95-ի համար: Կյանքն ապացուցեց, որ բյուջե պլանավորելը անշնորհակալ գործ է. 2008 թվականին ՌԴ կառավարությունը կարծում էր, որ պետական բյուջեն պրոֆիցիտ է ունենալու, այսինքն՝ եկամուտները գերազանցելու են ծախսերը, իսկ այժմ Շուվալովը ենթադրեց, որ բյուջեի դեֆիցիտը կազմելու է ՀՆԱ-ի մոտ 10%-ը: Ըստ փոխվարչապետի, տեսականորեն հնարավորություն կա պահպանել բյուջեի ծրագրված ծախսերը, բայց այդ դեպքում անհրաժեշտ կլիներ ծախսել պահուստային հիմնադրամի գումարները: Դա կլիներ, Շուվալովի կարծիքով, անպատասխանատու քաղաքականություն: «Այժմ մեզ համար ամենակարեւորը մակրոտնտեսական կայունությունն է»,- իր հավատամքը ձեւակերպեց ՌԴ փոխվարչապետը:

ԾՈՎԱՀԵՆՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ $3,2 ՄԻԼԻՈՆ

Երեկ ավարտվեց ուկրաինական «Ֆաինա» նավի բռնազավթման պատմությունը: Ըստ ռուսաստանյան լրատվամիջոցների՝ նավի իսրայելցի սեփականատերը ծովահեններին վճարել է $3,2 միլիոն՝ որպես փրկագին: Նավը բարեհաջող ուղեւորվել է Քենիա: «Ֆաինան» բռնազավթվել էր 2008-ի սեպտեմբերի 25-ին, երբ նավի անձնակազմում էին Ուկրաինայի՝ 17, Ռուսաստանի՝ 2 եւ Լատվիայի 1 քաղաքացիներ: Բռնազավթումից մի քանի ժամ անց «Ֆաինայի» ռուս նավապետ Վլադիմիր Կոլոպկովը մահացավ սրտի նոպայից: Նա դարձավ ծովահենների առաջին ՌԴ քաղաքացի զոհը: Ծովահենները սկզբնական շրջանում որպես փրկագին պահանջում էին $25 միլիոն, այնուհետեւ գինն իջեցրին մինչեւ $3 միլիոն: Սակայն փրկագնի շուրջ բանակցությունները դժվար էին ընթանում նախ եւ առաջ այն պատճառով, որ նավը սպառազինություններ էր տեղափոխում, այդ թվում՝ 33 միավոր T-32 հրասայլ: Ըստ փաստաթղթերի, այդ զինտեխնիկան նախատեսված էր Քենիայի կառավարության համար, սակայն, որոշ լուրերի համաձայն, զենքերը գնել էին Սուդանի խռովարարները՝ այդ երկրում քաղաքացիական պատերազմում օգտագործելու համար: Պաշտոնապես այդ լրատվությունը հերքվեց, բայց բռնկվեց սկանդալ, որը ձեռնտու էր նախ եւ առաջ ծովահեններին: 4 ամիսների ընթացքում նավի անձնակազմը չափազանց ծանր վիճակում էր գտնվում: 20 նավաստիները այդ ժամանակահատվածում գտնվում էին 12 քմ մակերեսով նավախցիկում, որտեղ հնարավորություն չունեին նույնիսկ պառկելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել