Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԴԵՌ ՓԱՅՏԻ ՎԱՌԱՐԱՆՈՎ ԵՆ ՏԱՔԱՆՈՒՄ

Փետրվար 06,2009 00:00

\"\"Չնայած ոչ բարվոք պայմաններին՝ թիվ 6 արհեստագործական ուսումնարանում աշակերտները հաճույքով են սովորում խոհարարություն, ավտոէլեկտրիկություն եւ այլ արհեստներ: \"\"

Աջափնյակ համայնքում գործող միակ՝ թիվ 6 արհեստագործական ուսումնարանում յուրաքանչյուր ուսումնական օր սկսվում է ժամը 8:30-ին, երբ ուսուցիչները վառում են դասասենյակներում տեղադրված փայտի վառարանները, որ մինչեւ աշակերտների գալը սենյակները տաք լինեն: «Առավոտն» այցելեց միջին մասնագիտական այս կրթօջախ՝ տեղում ծանոթանալու ուսումնարանի առօրյային: Այստեղ սովորում է 270 ուսանող: Նրանք ստանում են ե՛ւ հանրակրթական դպրոցներում դասավանդվող առարկաներից գիտելիքներ, ե՛ւ արհեստ են սովորում՝ դերձակ-մոդելավորող, վարսավիրական արվեստ, հասարակական սնունդ, ավտոէլեկտրիկ-փականագործ, շինարարական հարդարման աշխատանքներ մասնագիտությունների գծով: Տնօրեն Սոնա Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ԿԳ նախարարությունից պարբերաբար հետաքրքրվում են իրենցով, օգնում են ծրագրային հարցերում, վերջերս էլ համակարգիչներ են նվիրել, բայց դեռ որոշ խնդիրներ ունեն, օրինակ՝ աշակերտներին արտադրական պրակտիկայի ուղարկելու հարցում. «Դժվարություններ են առաջանում հատկապես այն պատճառով, որ գործ ունենք մասնավոր սեկտորի հետ: Որոշ պայմանագրեր ունենք ռեստորանային համալիրների, կարի արտադրամասերի հետ: Ներկարարների պրակտիկան է դժվար կազմակերպել, քանի որ շինարարության մեջ նրանց չեն ընդգրկում, ուստի ուսումնարանում ենք անցկացնում նրանց պրակտիկան, օրինակ՝ վերանորոգում են մեր դասասենյակները, վերջերս էլ ուսումնարանի շինարար- սաների ուժերով վերանորոգվեց մարզադահլիճը»: Ս. Գրիգորյանը նշեց, որ քաղաքաշինության նախարարությունը որոշակի գումար է տրամադրել ուսումնարանին, բայց խնդիրներն այնքան շատ են, չգիտեն՝ հատկապես ինչի վրա ծախսել գումարը. «Մտածում ենք այդ գումարով ջեռուցո՞ւմ անցկացնել, կտո՞ւրը վերանորոգել, թե՞ այլ խնդիրների լուծման վրա ծախսել: Ցավ եմ զգում, որ այս դարաշրջանում մենք դասասենյակները դեռ փայտի վառարաններով ենք տաքացնում: Նախկինում նավթի վառարան էինք տեղադրում, բայց դասարաններում տհաճ հոտ էր ընկնում»:

Մեր հասարակության մեջ անհասկանալի ձգտում կա՝ անկախ երեխաների կարողություններից, նրանց պարտադիր բուհական կրթություն տալ: Այս կապակցությամբ զրուցակիցս նշեց. «Մեզ տնտեսություն է պետք, լավ վարպետներ: Եթե ուսումնարանները փակվեն, համալսարանները հո չե՞ն կարող որակյալ բանվորներ պատրաստել, կամ՝ բանվորություն ասելով չպետք է հասկանալ մի գործ, որ ցանկացած ոք էլ կարող է անել»: Մեր այն դիտարկմանը, թե դրա պատճառը գուցե այն է, որ երեխաները չգիտեն այս կրթօջախների գործունեության մասին, քանի որ դրանք լավ չեն ներկայացված, Ս. Գրիգորյանը այսպես պատասխանեց. «Քանի որ հանրակրթական դպրոցները ֆինանսավորվում են աշակերտների թվով, ապա տնօրենների մեծամասնությունը չի ցանկանում աշակերտների շրջանում ագիտացիա տանել, որ նրանք գան ուսումնարան: Բայց կան նաեւ այնպիսի տնօրեններ, որոնք մեզ ասում են, թե երեխաներ կուղարկեն ուսումնարան, քանի որ անիմաստ են համարում նրանց՝ ավագ դպրոցում ուսումը շարունակելը: Պիտի աշխատանք տանենք ծնողների հետ, քանի որ սկզբից նրանք թերահավատորեն են մոտենում ուսումնարանի տված կրթությանը: Բայց մեզ մոտ կարգուկանոնը խիստ է դրված»:

Ս. Գրիգորյանը նաեւ մտահոգված է, որ իրենց ուսումնարան հաճախող՝ հիմնականում անապահով ընտանիքների երեխաները, որոնք ամեն օր Երեւան են գալիս Բյուրականից կամ Արմավիրի մարզից, տրանսպորտի վրա օրական ծախսում են միջինը 500 դրամ: Ու հաճախ այդ պատճառով բացակայում են դասերից:

Մյուս մտահոգությունը կապված էր աշակերտներից Դավիթ Գեւորգյանի զինծառայության հետ: Նրա մայրը ծայրահեղ վատառողջ է, բնակվում են «Զվարթնոց» օդանավակայանի մոտ գտնվող անօթեւանների հանրակացարանում: Վատառողջ Դավիթին, դեռ ուսումը չավարտած, զորակոչել են բանակ, այնինչ. «Ես ամեն ուսումնական տարվա սկզբին ԿԳՆ եմ ուղարկում այն աշակերտների ցանկը, որոնց զորակոչման տարիքն է մոտենում, բայց դեռ սովորում են: Նախարարությունը միջնորդագիր է ուղարկում պաշտպանության նախարարություն, որի շնորհիվ այդ երեխաների զորակոչումը հետաձգվում է մինչեւ ուսումնարանն ավարտելը: Սակայն Դավիթը նույնիսկ անձնագիր էլ չուներ, ուստի նրա անունը այս տարեսկզբին չեմ ուղարկել՝ մտածելով, որ նրան չեն զորակոչի, քանի որ դեռ չի ավարտել ուսումը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել