Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԻՆՉԻ՞ ԵՆՔ ՄԵՆՔ ՀԱՅ»

Փետրվար 06,2009 00:00

«Սարերից իջան մի խումբ ձիավոր: Ու տեր ու տիրական են դարձել մեր Երկրին: Երբ հարցնում ես՝ բա ե՞րբ է Երկրի վիճակը լավանալու, ասում են՝ դե լավ ա, էլի: Արտագաղթի պատճառները փնտրեք Երեւանում: Ոչ ոք հենց էնպես չի լքում հարազատ օջախը»,- ասում է բժիշկ Գրիգոր Խաչատրյանը:

 Փախստական Արուսյակի ընտանիքը Երեւանից եկել, հասել է Լեհաստան: Վիզան Լեհաստանի է եղել: Այնտեղից ինչ-որ գետով, գիշերով լողալով անցել են Գերմանիայի սահմանը, իրենց հետ եղել է մի հղի կին: Այնուհետեւ 14 հոգով տեղավորվել են մի տաքսու մեջ, երկուսին տեղավորել են մեքենայի բեռնամասում: Հասել են մի անտառի: 5 կիլոմետր անտառով կտրել-անցել են ոտքով, 2-3 տարեկան երեխաների հետ, գիշերով, աշնան սառնամանիքին: Հասել են մի քաղաք ու հանձնվել իշխանություններին: Նրանց տեղավորել են Մյունխենից ոչ հեռու, վագոնների մեջ, ուր, բացի իրենցից, ապրում են եւս 180 վիետնամցի ընտանիքներ: «Մեր վիճակը լավ է, ուրիշ վագոններում 400-450 ընտանիք է ապրում»,- ասում են փախստականները: Լեհ տաքսու վարորդը պատմել է, թե իր ընկերներից մեկը, էլի մի այդպիսի գործի ժամանակ, շտապելուց մոռացել է իջեցնել իր մեքենայի բեռնամասում պառկած ալբանացուն: Մինչեւ հիշել է՝ մարդը խեղդվել էր:

Ալիսի ամուսինը Մյունխենում իրավաբան է, քննում է նաեւ փախստականների հայցերը: Հայաստանից փախած երեք աղջիկներ պատճառաբանել են, որ իրենց հանձնում էին Ղարաբաղում կռվող տղամարդկանց, նրանց սեռական կարիքների համար, դրա համար էլ փախել են Հայաստանից:

Փախստական Լեւոնն ու իր կինը, որպես զբոսաշրջիկներ, ավտոբուսով եկել են Գերմանիա: Կինը 8 ամսվա հղի է եղել, իսկ ավտոբուսը 10 օր փչացել, լռվել է Ուկրաինայում: Կերել, քնել են ավտոբուսում, կարիքները հոգացել են ավտոբուսի կողքին: Երբ վերջապես ավտոբուսը նորոգվել ու հասել է Գերմանիա, հաշված րոպեներ անց դատարկվել է, ուղեւորները փախել, հանձնվել են տեղի իշխանություններին: Հրապարակում մնացել է «ԼԱԶ» մակնիշի փչացած, աղբ ու մրի մեջ կորած ավտոբուսն ու շփոթված վարորդը:

Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ բաժինն ավարտած Ֆեդյան թուրքի տուն է թալանել, ծեծել ընտանիքին, բռնվել ու բանտում հայտարարել է, որ ինքը համասեռական է: Բանտում գերմանացիներից երգչախումբ է ստեղծել, որը հաջողությամբ Կոմիտաս, Եկմալյան է երգում:

Արոն վիդեոյի գող էր, գործի մեջ առաջ գնաց ու հիմա էլ Ռուսաստանից աղջիկներ է բերում, վաճառում անառականոցների վրա:

Համբուրգի Թեսսանովեգ շրջանի փախստականների ճամբարի փայտաշեն բարաքի երկրորդ հարկի պատուհանից դուրս ենք նայում: Գեւորգը երկար վերարկուն հագել, կանգնել է, գնում է գողության: Ռուս Սանյայի հայտնի վերարկուն է՝ հատուկ կարված է միայն գողություն անելու համար, ներսը՝ վերից վար երկար գրպաններով, որը շատ ապրանք, հատկապես սիգարետ է տեղավորում: Սանյան առաջ ինքն էր գողություն անում այս վերարկուով, հիմա վերարկուն վարձով է տալիս տարբեր մարդկանց, տոկոսներ է վերցնում յուրաքանչյուր գողությունից ու լիուլի ապրում է: Շուտով Գեւորգը վերադառնում է: Հագին նոր կուրտկա կա: Կողքի բարաքից մի սեւամորթի հետ խոսելով՝ մտնում է ներս: Քիչ անց դուրս է գալիս առանց կուրտկայի: Կուրտկան վաճառված է:

Նարինեի ամուսինը 12 հազար է վերցրել ու փախել Ռուսաստան: Նարինեն գեղեցիկ աղջիկ է: Հայերը նրան բռնացրել են իր վերեւի հարեւան փախստական հարավսլավացու հետ, հայտնել ամուսնուն, որն արդեն 5-6 ամիս է՝ չկա: Ամուսինն ասել է՝ գալու եմ, երկուսին էլ սպանեմ: Հետո Նարինեն փախավ քրդի հետ ու հիմա ապրում է Բեռլինում:

Կիրովականցին 10 հազար է վերցրել մի գերմանացուց, որի տունը մաքրություն է անում ու տվել ամուսնուն, որ փախչի, քանի որ սա սպանել է նույն ճամբարից քրոջը սիրահետող մի շատ կարգին հայ տղայի: Ամուսինը փողն առել ու կորել էր Ռուսաստանում՝ ահա երկու տարի լուր չտալով: Պարտքի փոխարեն, շաբաթվա մեջ մեկ գիշեր կիրովականցին կանոնավորապես անցկացնում է պարտքատիրոջ հետ՝ այդպես կամաց-կամաց մարելով պարտքը… Հետո փախավ արաբի հետ, թողնելով իր երկու երեխային ճամբարում, ամուսնու քրոջ ու մոր հույսին:

Նունեենց հարեւանությամբ ապրում է երկու փախստական սեւամորթների ընտանիք՝ Եթովպիայից: Նրանցից մեկի ամուսինը նաեւ գերմանացի կին ունի: Սեւամորթ կինը ասաց՝ երբ մեր ամուսինները սպիտակների հետ են լինում, մենք չենք անհանգստանում, համոզված ենք, որ նրանք կվերադառնան, ժամանակ են անցկացնում: Այդ օրը նրանցից մեկի ամուսնու հարսանիքն էր գերմանուհու հետ: Եթովպացու կինը ուշադիր զննում էր ամուսնու սպիտակեղենը, ուղղում, հարդարում նոր հագուստները: Վերջում, երբ ճամփու էր դնում ամուսնուն ամուսնանալու, հուզվեց ու լաց եղավ:

Արմինեն՝ Հայաստանում հայտնի գրականագետ, ազգագրագետ պրոֆեսորի դուստրը, Երեւանում նկարչի հետ էր ամուսնացել: Վեց տարի երեխա չէր ունենում, ու հանկարծ, Արմինեն վերջապես մայրացել էր: Եվ որպեսզի կինն անվտանգ, ապահով ծննդաբերի, նկարիչ ամուսինը նրան ուղարկում է Համբուրգ, Արմինեի քրոջ մոտ, որը տարիներ առաջ ամուսնացել էր Սիրիայից մի գերմանացու հետ: Այստեղ Արմինեն սիրահարվում է քրոջ ամուսնու՝ իրենից տասը տարով փոքր գերմանացի եղբորը եւ նկարիչ ամուսնուց գաղտնի ամուսնանում նրա հետ: Նամակ են գրում Երեւան՝ նկարիչ ամուսնուն տեղեկացնելու այդ մասին: «Ցուրտ ու մութ» տարիներն էին, նամակը տեղ չի հասնում: Ամուսինն անտեղյակ այս դավադրությանը, անհամբեր, առանց տեղյակ պահելու կնոջը, գալիս է Համբուրգ՝ կնոջն ու նորածին երեխային տեսության: Դուռը բացում է Արմինեի քույրը ու պապանձվում: «Ո՞ւր է կինս»,- հարցնում է նկարիչը: «Բա չես իմացե՞լ, բա նամակը չե՞ս ստացել»: Նկարիչը վերադառնում է Երեւան ցնորվածի պես, այդպես էլ իր երեխային չտեսած: Արմինեի հայ տղան, հայագետ պրոֆեսորի թոռը, այժմ հայերեն չի խոսում, իսկ Արմինեն երկրորդ անգամ մայրացավ, այս անգամ գերմանացուց:

Ինժեներ Սարգիսը դաշնակահարուհի կնոջ հետ հանձնվել էր Համբուրգում: Ինքը քաղաքական պատճառ չուներ, կյանքն էր Երեւանում դժվար: Դատարանից խնդրեց իրեն ապաստան տալ: Գերմանացի դատավորը խիստ բարի էր, ասաց՝ պատճառը քաղաքական պիտի լինի, գոնե գրեք, որ իշխանությունը ձեզ հետապնդել է, գոնե մի շաբաթով բանտ եք նստել, որ մի պատճառ գրենք ու որոշ ժամանակ տանք այստեղ ապրելու: Սարգիսը համառեց. «Որ չեն նստացրել՝ ո՞նց խաբեմ»: Էնքան ազնիվ էր՝ չկարողացավ խաբել ու նրան մի շաբաթ անց ետ ուղարկեցին Երեւան:

Հայերից մեկն էլ՝ անձնագրերն ու վիզան պատրաստ, տոմսերը առած, երեկոյան պիտի թռչի Համբուրգ՝ 6 տարեկան երեխայի հետ: Բայց երեխան անակնկալ հիվանդացել էր, 40 աստիճան ջերմություն ուներ: Այս մարդը իրեն չէր կորցրել, իր երեխայի փոխարեն վերցրել էր քրոջ երեխային ու եկել: Գերմանիայի իրավապահները գալիս են՝ երեխային տանեն: Երեխան կպչում է քեռու ոտքից ու սկսում աղիողորմ լաց լինել, քեռին էլ նույն լացով միանում է երեխային: Իրավապահները շփոթվում են, այդպիսի նախադեպ չկա իրենց օրենքում, ինչ անեն, ի վերջո՝ թողնում են երեխային:

Մեծ մասը Ղարաբաղի պատերազմից փախչելու պատճառն էին բռնում. «Մեր ջոկատը ՀՀՇ-ն զինաթափեց, մենք դաշնակ էինք, փախանք սարերը ու Լեհաստանից անցանք Գերմանիա»: «Անդամատոմս ունե՞ք, ի՞նչ գույն ունի, ո՞վ է ձեր քարտուղարը»: Գերմանացի քննիչը գիտի, որ դաշնակցական անդամատոմս չկա, իսկ հանձնվածը վստահ շարունակում է՝ «այսինչ գույնի, քարտուղարն էլ այսինչն է»:

Դատերից մեկի ժամանակ փաստաթուղթ ներկայացնելու ռեկորդ սահմանվեց: Ասելով, թե Հայաստանում իրեն ոչ միայն հետապնդել ու բանտարկել են, այլեւ բանտում ենթարկել խոշտանգումների, Գալուստը լրջորեն ներկայացրեց Հայաստանից հաստատագրված, սեւով սպիտակի վրա գրված մի փաստաթուղթ՝ ոչ ավել, ոչ պակաս, իրեն ծեծողի կողմից: «Սույնը տրվում է Գալուստ Հովակիմյանին առ այն, որ նա իմ կողմից դաժան ծեծի է ենթարկվել քննչական մեկուսարանում: Ծեծի հետեւանքով վնասվել են քիթն ու բերանը: Ծեծողի կողմից (ստորագրություն)՝ Ասատուր Ասատրյան»:

«Երբ հանձնվելու հարցազրույց ես տալիս, ախր բոլոր դեպքերում սուտ ես խոսում, զրպարտում ես Հայրենիքդ, ինքդ էլ գիտես, որ դա սուտ է: Բարդ գործ է ստելը,- պատմում է փախստականներից մեկը:- Բայց ես մտա դերի մեջ, կեսից անկեղծ հուզվեցի ու սկսեցի լաց լինել: Ասացի, որ ինձ իմ Հայրենիքում հետապնդում են, ահա թղթերը: Իսկ այդպիսի թղթեր ինչքան ուզես Հայաստանից կճարես: Քննիչը քիչ էր մնում հուզմունքից արտասվի, մի կերպ իրար հանգստացրինք»:

Տիկին Մարինեն ուսուցչուհի է: Եկել է Համբուրգ՝ տղաների մոտ ու հանձնվել: Հարցազրույցից ուղիղ 7 օր հետո մերժել են: Տիկին Մարինեն Երեւան չվերադառնալու համար ստիպված ամուսնության հայտարարություն է տվել թերթում, որ գրանցվի մեկի հետ ու այդ ճանապարհով մնա Գերմանիայում: Նրան արձագանքել է թերթի համապատասխան ցանկում իր տարիքին հարմար մեկը, զանգել է ամուսնության առաջարկությամբ: Տիկին Մարինեն հուզվել է, որոշել է իր մտքի ռոմանտիկան ցույց տալ: Ռուս-գերմաներեն բառարանը վերցրել ու ընտրելով Տերյանի քնարական բանաստեղծությունների տողերից, թարգմանել ու մի ներբող է նվիրել նրան: «Գարնան հոտավետ ծաղիկների մի փունջ եմ նվիրում ձեզ»,- հեռախոսազրույցը գեղեցիկ պաթետիզմով ավարտել է նա: Հաջորդ օրը գերմանացի «փեսացուն» փոստային ծառայություններ էր զանգում ու պահանջում տիկին Մարինեի «ուղարկած» հոտավետ վարդերի փունջը:

Վահագը Մալյանի թատրոնի ստուդիայի սան է, ընտանիքով Համբուրգում է հայտնվել: Արցունքն աչքերին, ժամերով Սեւակ է կարդում, Չարենց, Շիրազ: Ու… խանութներից գողություն է անում: «Ինչ անեմ, մեկ-մեկ էլ պետք է գողանամ, 3 երեխա ունեմ, մի գործ պիտի անեմ: Հեռախոսի գործը լավ է, սեւերը մեջ ընկան, ծեծեցի, լարեցի»:

Համբուրգից զանգեց Նունիկը: Անակնկալ հյուր ունի: Երեւանից բերել էին ուսանողների աշխատանքային մի խումբ, որ Գերմանիայում երեք ամսով աշխատեն: Տեղ հասնելուն պես՝ խմբի ղեկավարը փախել է անհայտ ուղղությամբ, խումբը մնացել է փողոցում, եւ ով ոնց կարողացել էր՝ վերադարձել էր Երեւան: Նունիկի ընկերուհու աղջիկն էլ է եղել խմբում: Նունիկը վերցրել է իր մոտ ու պիտի ճանապարհի Երեւան:

Փախստական Հակոբն իր ընտանիքով ապրում է Համբուրգի Ավետարանական եկեղեցիներից մեկի բակում, փայտաշեն տնակում: Եկեղեցին է տրամադրել, Հակոբը նաեւ երգում է այդ եկեղեցու երգչախմբում: «Ես հիմա Ավետարանական եկեղեցու հավատավոր եմ, ինձ համար Առաքելական եկեղեցին այլեւս անցյալ է,- մեր աչքերին չնայելով՝ փորձում է արդարանալ Հակոբը,- նոր Ավետարան եմ գրում՝ ըստ Պողոսի: Հավաքվում ենք, մեր հոգեհայր Ալբերտը կնունքներ է անում, սրբերից խնդրում է, որ այսինչը գերմաներեն շուտ սովորի»: Հակոբի կինը հպարտ ավելացնում է. «Տեսա՞ք, ինչ ուզում եմ, այս հավատը տալիս է, տուն ուզեցի, տուն տվեց»:

«Աշխատում էի Հայաստանի կապի նախարարությունում,- պատմում է մեկ այլ փախստական,- սինխրոն թարգմանություններ էի անում: Ես դատարկվեցի, երբ հասկացա, որ հիմնարկում առանց ստելու, կաշառք վերցնելու, առանց մեկնումեկի սիրուհին դառնալու՝ հնարավոր չէ ինքնուրույնություն ապահովել: Դուրս եկա գործից: Ինձ հրավիրեցին Ամերիկյան դեսպանատուն աշխատելու, մերժեցի, երբ շատերը երազել կարող էին: Դատարկ էր հոգիս, շուրջս: Ես ժամ առաջ ուզում էի աչքերս փակել, փախչել Երեւանից: Ապրում էի ակամա: Ինձ վերակենդանանալ էր հարկավոր: Այդքան պայքարը, անքուն գիշերները, մութն ու ցուրտը ըմբռնումով տանելը, պարզվում է, ընդամենը մի բուռ մարդկանց վայելքների, մեր կուռքին թագադրելու համար էր, իսկ մեզ՝ ներքեւում կանգնածներիս, երեք մատի կոմբինացիա էր հասնում: Ամուսնուս հետ եկանք Համբուրգ: Դատարկությունը չլցվեց, ավելի խորացավ, մի առավելությամբ միայն. լույս, ջուր, տաքություն եւ ուտելիք էր տվել կառավարությունը երեխայիս: Մնացածը նույնն է՝ ուրախություն չկա: Ես ոչ մեկին հարկավոր չեմ, այս ամենը իմը չէ, ես օտար եմ: Սիրտս ուզում է ետ գնալ, բայց հասկանում եմ, որ էնտեղ էլ մի բան չի: Չեմ հավատում նրանց, ովքեր պնդում են, թե այստեղ երջանիկ են: Ոչ գնալ եմ ուզում, ոչ մնալ: Ոչ հագնվել, ոչինչ չեմ ուզում, միայն թե ինձ հանգիստ թողնեն, աչքերս փակեմ ու ննջեմ»: «Սոնային դժվարությամբ եմ տանում դպրոց,- շարունակում է նա,- նոր է հաճախում անգլիական դպրոցի նախադպրոցական դասարան: Դեռ չի հաղթահարել լեզվի խնդիրը: Երբ ուզեցի իրեն թողնել դասարանում ու դպրոցից դուրս գալ, լաց եղավ, ստիպված մեկ ժամ նստեցի դասին: Տունդարձի ճանապարհին անչափ տխուր էր: Լացն աչքերին էլ հարցրեց. «Մամ, ինչի՞ ենք մենք հայ»: «Բա ինչ լինենք»,- հարցրի: «Անգլիացի,- ասաց,- որ մեզ բոլորը հասկանային»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել