Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Շիրակից՝ Ասկերան ու հակառակը

Փետրվար 06,2009 00:00

\"\"Հայաստանը եւ Ղարաբաղը փորձում են համագործակցել շրջանների մակարդակով

ՀՀ Շիրակի մարզի եւ ԼՂՀ Ասկերանի շրջանի միջեւ հաստատվել են բարեկամական եւ գործնական հարաբերություններ: Դրանց վառ վկայությունն էր Շիրակի մարզի մի խումբ խոշոր շինարարական կազմակերպությունների ղեկավարներից, մարզպետարանի մասնագետներից կազմված պատվիրակության՝ վերջերս կատարած այցը Ասկերանի շրջան: Մարզպետարանի պատվիրակությունը գլխավորում էր ճարտարագիտության եւ շինարարության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը: Եվ Շիրակում, եւ Ասկերանում կարեւորվում են շինարարության տեխնիկական զինվածության, ինժեներաշինարարական արդիական տեխնոլոգիաների կիրառման, շիննախագծային աշխատանքների հստակ կատարման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ փորձի փոխանակման ու ընդօրինակման, բարձրակարգ մասնագետների եւ բանվորական ուժի օգտագործման հարցում հնարավոր համագործակցության հարցերը:

Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ շինարարության բնագավառում շիրակցիների աշխատանքային ու մասնագիտական փորձը ընդօրինակման է արժանի. «Ճիշտ է, երկրաշարժի ու պատերազմի ավերակներից ոտքի կանգնելու, մեր տունը շենացնելու անհրաժեշտությամբ թելադրված ճակատագրով մենք շատ նման ենք իրար, սակայն այսօր մենք շիրակցի շինարարից սովորելու շատ բան ունենք»:

Այս այցից մեկ շաբաթ անց կրկին Ասկերանում էր Շիրակից մի նոր պատվիրակություն՝ այս անգամ գյուղատնտեսության բնագավառի մասնագետներ՝ մարզպետարանի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանի գլխավորությամբ: Վարչակազմի ղեկավար Վահրամ Բաղդասարյանի եւ ԼՂՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Վլադիմիր Զաքիյանի հետ նրանք եղան «Հայ տեխնոլոգիական խումբ» կազմակերպության հիմնադրած նռնենիների այգում, ապա Խրամորթի խաղողի տնկարանում: Այս տնկարանը ներկայումս ի վիճակի է տարեկան 42 հեկտարի տնկանյութ ապահովել: Այստեղ արդեն իր հպարտությունը չկարողացավ թաքցնել վարչակազմի ղեկավարն ու ասաց. «Եթե շինարարության առումով մենք ունենք ձեզանից սովորելու շատ բան, ապա խաղողագործության մեջ սովորելու հերթը ձերն է»:

Հյուրերը եղան նաեւ Այգեստան գյու ղի «Տոհմային կայան» ՓԲԸ անասնապահական ֆերմայում, Աստղաշենի պետական սորտափորձարկման տեղամասում: Այցից գոհ էին երկու կողմերն էլ՝ մշակվեց համագործակցության հետագա ծրագիրը: Հավելենք, որ նմանատիպ շփումներ են նախատեսվում Հայաստանի եւ Ղարաբաղի այլ շրջանների միջեւ եւս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել