Պատերազմի օրերի ե՛ւ աշխարհիկ, ե՛ւ հոգեւոր զինվորը հնարավոր չի համարում ազատագրված տարածքների վերադարձը:
Եթե չլիներ մեր 88-ը, շատ մարդկանց ճակատագիրն ու ուղին այլ կլիներ, շատերի կյանքն էլ կիսատ չէր մնա: 88-ից փոխվել է նաեւ տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի կյանքի ուղին: Ուղի, որը մինչեւ 88-ը շատ ղարաբաղցիների ապրելաձեւից չէր տարբերվում: Այն ժամանակ նա հոգեւորական չէր, Լեռնային Ղարաբաղի Վանք գյուղի, իր հողուջրի սովորական բնակիչ էր:
«Երբ Շարժումը սկսվեց, մենք տարբեր բաներ սկսեցինք անել, օրինակ՝ պարարտանյութերից պայթուցիկներ էինք պատրաստում ու սկսեցինք չընդունել ադրբեջանցիների պարտադրանքները՝ սկզբից քարով, փայտով, հետո՝ որսորդական հրացաններ եւ այդպես…»,- 20 տարիների հեռվից հիշում է տեր Հովհաննեսը: 88-ից մեկ տարի անց՝ 89-ին տասնյակ տարիների պարտադրված «զնդանից» ազատվեց նաեւ հայ եկեղեցին՝ վերաբացվեց Արցախի թեմը: Թեմի առաջնորդ նշանակվեց Պարգեւ սրբազանը, Արցախում՝ Վանք գյուղից քիչ հեռու՝ Գանձասարում, հոգեւոր ծառայության անցավ այժմ Շիրակի թեմի առաջնորդ սրբազան Միքայել Աջապահյանը: Հենց Միքայել սրբազանի նախաձեռնությամբ էլ Վանք գյուղին ու հարակից տարածքներին քաջ ծանոթ երիտասարդը՝ այսօրվա տեր Հովհաննեսը, բռնեց հոգեւորական դառնալու ճանապարհը եւ Մայր աթոռում երկու տարի ուսանելուց հետո վերադարձավ հայրենի Վանք ու Գանձասար: «Ուսանելու տարիներին ես կապը չեմ կտրել, միշտ էլ լինում էի Արցախում, իսկ հոգեւորական դառնալուց եւ Գանձասարում ծառայության անցնելուց հետո, բոլոր ջոկատները գալիս էին ինձ մոտ՝ օրհնություն ստանում եւ մեկնում ճակատ»,- պատմում է տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը: Ճակատում, առաջին գծում հաճախ լինում էր նաեւ տեր Հովհաննեսը: Այն ժամանակ Ղարաբաղը բանակ դեռ չուներ, բայց կամավորական ջոկատներ կային, ինչո՞ւ պետք է հոգեւորականը զենք վերցներ՝ մեր հարցին տեր Հովհաննեսը պատասխանեց. «Գանձասարի վերեւում մեր վերջին կետն էր, 40 հոգանոց մի խումբ: 1992 թ. հոկտեմբերի 28-ին ազերիներն օդանավից ռմբակոծեցին Գանձասարը, երկու ռումբ ընկավ գավթի վրա, բայց չանցավ ներս, մի քանիսն էլ ընկան միաբանական շենքի վրա եւ շենքն ամբողջությամբ այրվեց, փլվեց, ունեցանք մեկ զոհ, երկու վիրավոր: Այդ օրվանից պարզ էր, որ ազերիները հատուկ ռմբակոծում են եկեղեցիները, եւ ես պետք է պաշտպանեի իմ եկեղեցին: Գանձասարը 800 տարվա եկեղեցի է եւ անգամ մեկ օր գերության մեջ չի եղել»:
Բայց Գանձասարը անառիկ պահելու համար եկեղեցու սպասավորի ցանկությունը քիչ էր: Պատերազմի լարված ու թեժ մի պահի՝ 1993 թվականի հունվարի 17-ին, առաջին գծից ահազանգ եկավ. «Տեր հայր, վերցրու քո խաչը, քո սուրբ գրքերը եւ հեռացիր Գանձասարից, էլ ուժ չունենք, նահանջում ենք»: Տեր Հովհաննեսն այս ահազանգին միանգամից չի արձագանքել: «Այդ պահին մեկը պատարագ էր մատուցում, մեկը երգում էր՝ երեք հոգով պատարագ էինք անում: Ես կռվող տղաներին ասացի, որ չեմ ուզում պատարագից եւ աղոթքից կտրվել, սպասեք: Բայց ուժերն անհավասար էին. 40 հոգանոց ջոկատի դեմ 360 ազերի էր կռվում: Ես տղաներին ասացի՝ գալիս եմ 40 հոգով, 30 րոպեից կլինենք: Այսօր այդ ճանապարհը 30 րոպեում չես անցնի, ես այն ժամանակ 40 հոգի չունեի, 4 հոգի էինք՝ ես, եղբայրս, աներս, վարորդս: Բայց մեզ տեսնելով՝ տղաները ոգեւորվեցին: Ես պատասխանատվությունը վերցրի ինձ վրա եւ կարողացանք ազերիներին 7 կմ հետ շպրտել, ոչ զոհ տվեցինք, ոչ վիրավոր: Երբ վերադարձա Գանձասար, բավականին մարդ կար հավաքված: Գնդացիրս թողեցի եկեղեցու պարսպից դուրս, ծնկաչոք մտա եկեղեցի եւ աղոթքով դիմեցի Աստծուն. տեր Աստված, կներես, ես զենք եմ վերցրել, բայց օրհասական պահ էր ու վերջին ճիգ, թշնամին մտնում էր եկեղեցի: Եթե մեղք եմ գործել՝ ներիր, եթե մեղք չէ՝ օրհնիր: Ես ցերեկը հոգեւորական էի, աղոթք էի անում ու պատարագ մատուցում, իսկ գիշերով՝ արդեն զինվորի համազգեստով՝ հետախուզության էի գնում»,- պատմում է տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը:
Հրադադարից հետո էլ տեր Հովհաննեսը հաճախ է եղել բանակային ստորաբաժանումներում, նաեւ առաջին գծում եւ զուգահեռ նախաձեռնել Գանձասարի վերանորոգումը՝ պատերազմի բերած վնասներից առաջ էլ եկեղեցու վիճակը բարվոք չէր: Բարերար գտնվել է, բայց աշխատուժ չկար, եւ հոգեւորական-զինվորը նաեւ շինարար է դարձել. «շատ դժվար էր քարերը եկեղեցու տանիք բարձրացնելը, բայց անում էի, օգնում: 16 տարի ծառայել եմ Գանձասարին՝ որպես վանահայր, հոգեւոր հովիվ»: Տեր Հովհաննեսն այժմ Արարատյան թեմի Սուրբ Երրորդություն եկեղեցու խորհրդակատար քահանան է. «հոգեւոր ծառայություն է, այդպես է որոշվել, մենք խոնարհաբար կծառայենք մեր եկեղեցուն»: Բայց Գանձասարի հոգեւոր հովիվ-զինվոր-շինարարը վստահ է, որ սա ժամանակավոր է, եւ ինքն անպայման վերադառնալու է Արցախ:
Տեր Հովհաննեսը Արցախից եւ Հայաստանից պարգեւներ է ստացել՝ Արիության մեդալ, Մայրական երախտագիտության մեդալ, «Արծիվ մահապարտ»: Միակ հոգեւորականն է, որ «Հայաստանի Հանրապետության մարտական խաչ» է ստացել:
Հայաստանի պատմության մեջ՝ Վարդանանց պատերազմի ժամանակ էլ, հայ հոգեւորականները զենք են վերցրել ու զինվոր դարձել: Տեր Հովհաննեսն ընդօրինակել է նրանց փորձը ու նկատում է. «Ես չէի կարող կռվողներին օրհնել, հայրենիքը պաշտպանելու կոչել, ճակատ ուղարկել, իսկ ինքս թաքնվել եկեղեցում ու միայն աղոթել: Ես չէի կարող օրինակ չծառայել, չտեսնել կռվի «քաղցրությունն» ու դառնությունը»:
Զրույցի վերջում տեր Հովհաննեսին առաջարկեցինք ներկայացնել ազատագրված տարածքների հնարավոր հանձնման վերաբերյալ իր կարծիքը: «Ես դա հնարավոր չեմ համարում: Այնտեղ մեր տղաների արդար արյունն է թափվել, այդ հողերը արյունով ենք վերցրել, հողը սրբացվել է: Ես չեմ կարծում, թե այդքանից հետո կարելի է կամ հնարավոր է այդ հողերը սկուտեղի վրա մատուցել մեր հակառակորդին»: