Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կարեւոր վկան հիվանդացել էր

Փետրվար 06,2009 00:00

Դատարանի անսպասելի որոշումը

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ, իշխանությանը դիմադրություն ցույց տալու մեջ մեղադրվող Գագիկ Ջհանգիրյանի գործով երեկ դատարան պետք է ներկայանար Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ Սամվել Ասատրյանը: Նա պետք է ներկայացներ այն փաստաթուղթը, որով առաջնորդվել էր՝ Ջհանգիրյաններին բերման ենթարկելիս: Սակայն Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանին՝ նախագահող դատավոր Ժորա Վարդանյանը տեղեկացրեց, որ ԿՀԴՊ-ից ստացված տեղեկանքի համաձայն՝ Սամվել Ասատրյանը վատառողջ է եւ չի կարող ներկայանալ նիստին: Գ. Ջհանգիրյանը եւ նրա պաշտպանները միջնորդեցին՝ վկային բերման ենթարկելու վերաբերյալ որոշում կայացնել, քանի որ նա ինքնակամ չի ներկայացել դատարան: Գ. Ջհանգիրյանը նկատեց. «Երբ իմ եղբայր Վարդան Ջհանգիրյանը, ով իսկապես հիվանդ է, չի կարողանում ներկայանալ դատարան՝ ամեն անգամ նրան բերման ենթարկելու վերաբերյալ որոշում են կայացնում»: Մեղադրող Կորյուն Փիլոյանը առարկեց՝ պատճառաբանելով, որ վկան բացակայում է հարգելի պատճառով: Դատավորն ասաց, որ վկային բերման ենթարկելու հիմքեր չկան. վկան հիվանդ է: Բացի այդ, դատարանը տեղեկացրեց, որ գործում չկա վկայի հասցեն, եւ եթե պաշտպանական կողմը գիտի այն, թող տրամադրի: Պաշտպան Լուսինե Սահակյանն արձանագրեց, որ դա նախաքննական մարմնի թերացման արդյունք է, եւ որ գործում բացակայում են շատ վկաների հասցեներ: Մեղադրողը փորձեց «պլստացնել» կարեւոր վկային եւ միջնորդեց՝ լսել Գ. Ջհանգիրյանի ցուցմունքները: Վերջինս ասաց, որ ինքը չի հրաժարվում ցուցմունք տալ, բայց դա կանի միայն Սամվել Ասատրյանի ցուցմունք տալուց հետո: Դատարանը հայտարարեց, որ հեռանում է խորհրդակցական սենյակ՝ քննարկելու պաշտպանական կողմի՝ նախկինում արված միջնորդությունները եւ որոշում կայացնելու: Դրանք վերաբերում են սույն քրեական գործը կարճելուն, Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելուն, խափանման միջոց կալանքը փոխելուն եւ նրան անհապաղ ազատ արձակելուն: Պաշտպան Լ. Սահակյանը լրագրողներին փոխանցեց, որ դատարանի նման որոշումն անսպասելի էր, որովհետեւ այս փուլը նպատակահարմար չէր այդ միջնորդությունները քննարկելու համար: Դա պետք է արվեր միջնորդությունները ներկայացնելուց անմիջապես հետո: Այդուհանդերձ, պաշտպանն սպասելիքներ չունի: Միաժամանակ նա կարեւորեց վկա Սամվել Ասատրյանի ցուցմունքները. «Դատավարության ընթացքում մի քանի վկաներ պնդել էին, որ օպերացիան ղեկավարել է հենց Սամվել Ասատրյանը եւ ցուցում տվել, թե ով՝ ինչպես պետք է այն անցկացնի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել