Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԻԴՐՈԿԱՅԱՆԸ ՉԿԱՌՈՒՑՎԵՑ

Փետրվար 06,2009 00:00

\"\"Ծրագիրը տեսակետ էր եւ բանահյուսական արժեք

Ազատամարտի վետերանների միության (ԱՎՄ) Գեղարքունիքի մարզի նախագահ, 2-րդ խմբի հաշմանդամ, թոշակառու Ավետիկ Ղազարյանը երեկ դիմել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան: Նա բողոքարկում է ՀՀ Հյուսիսային քաղաքացիական դատարանի հունվարի 8-ի կայացրած վճիռը: Ա. Ղազարյանն ասաց, թե ինքն էր դիմել Հյուսիսային դատարան եւ պարտվել:

1998-2002թթ. Ա. Ղազարյանը կազմում է էլեկտրաէներգիայի արտադրության կազմակերպման եւ վաճառքի բիզնես-ծրագիր: Նախկին ազատամարտիկի երազանքն էր հայրենի Կարճաղբյուր գյուղում կառուցել 1040 կվտ/ժ հզորությամբ հիդրոէլեկտրակայան՝ 1 տարվա ընթացքում:

Նա այդ կապակցությամբ ստացավ համապատասխան թույլտվություններ՝ ՀՀ էներգետիկայի նախարարությունից, գյուղապետարանից, Գեղարքունիքի մարզպետարանից: Խնդրի շուրջ որեւէ առարկություն չի եղել:

2003 թ. մայիսի 5-ին նա պայմանագիր է կնքում «Ռեյգալ» ՍՊԸ-ի հետ, որը պարտավորվում է 5 տարվա ընթացքում ֆինանսավորել, ավարտին հասցնել հիդրոէլեկտրակայանի կառուցումը: Մինչ այդ պայմանագրի կնքումը՝ Ա.Ղազարյանը ծրագրի հետ կապված աշխատանքների, խորհրդատվությունների համար ծախսում է 5 208 000 դրամ գումար: Պայմանագրի ժամկետն ավարտվում է անցյալ տարվա մայիսի 5-ին, սակայն ՀԷԿ-ը չի կառուցվում: Հյուսիսային դատարանում, ինչպես նաեւ ՀՀ վերաքննիչ դատարան ուղարկած իր բողոքում Ա. Ղազարյանը տեղեկացնում է, որ ապամոնտաժվել է հազարավոր մետրեր ձգվող խողովակաշարը, որը նախատեսված էր ջրամատակարարման համար (առանց գետի հունը խախտելու): Ա.Ղազարյանի պնդմամբ, պայմանագրի կնքումից հետո ինքը չի միջամտել ՍՊԸ-ի գործերին: Մեր տրամադրության տակ գտնվող պայմանագիրը նախատեսել էր. «պայմանագրից հրաժարվելու, ծրագիրն ավարտին չհասցնելու՝ մտացածին պրոբլեմներ ստեղծող կողմը պարտավոր է ծրագրի հեղինակին, ծրագիրը խափանելու համար, վճարել $30 000 գումար, որպես հատուցում»: Ա. Ղազարյանը դատարանից պահանջում է վերականգնել իր իրավունքները Կարճաղբյուր ՀԷԿ-ի կառուցման ծրագրի նկատմամբ, հատուցել իր կրած վնասները: Չնայած հայցվորը պնդում է, որ խախտվել են ջրագծի, ՀԷԿ-ի կառուցման հեղինակային իրավունքները, պատասխանող «Ռեյգալը» առարկել է, որ հեղինակային իրավունքը տարածվում է ստեղծագործական գործունեության արդյունք հանդիսացող գիտության, գրականության, արվեստի ստեղծագործությունների վրա: Շեշտելով, որ հեղինակային իրավունքի սուբյեկտ չեն ժողովրդական բանահյուսության ստեղծագործությունները, պատասխանողն ու դատարանը հանգել են այն եզրակացության, որ «Ա.Ղազարյանի ծրագիրը տեսակետ է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել