Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գյուղմթերքների շուկան վերածվում է աղբանոցի

Փետրվար 06,2009 00:00

\"\"

Մալաթիա-Սեբաստիա համայնքում գործող մթերքի տոնավաճառի փնթիության հետեւանքով՝ շրջապատում հակասանիտարական վիճակ է:

Մալաթիա-Սեբաստիա համայնքում, «Լուսաստղ» սուպերմարկետի հարեւանությամբ տարիներ ի վեր գործող գյուղմթերքների շուկան իր շուրջը ստեղծած փնթիության պատճառով նպաստում է, որպեսզի Մալաթիան դասվի ամենակեղտոտ համայնքների շարքին: Օրերս «Առավոտին» էին դիմել այդ շուկայի հարեւանությամբ ապրող բնակիչները՝ դժգոհելով իրենց տարածքի հակասանիտարական վիճակից. «Տարիներ առաջ տարածքի սեփականատերերը երկաթբետոնե կոնստրուկցիաներ բերեցին ու կառուցեցին մոտ 200 մետրանոց ծածկ: Սակայն դրանով խնդիրը չլուծվեց ու շուկան բարեկարգ չդարձավ: Այստեղ անգամ տարրական պայմաններ չկան վաճառողների համար: Չկա ջուր, կոյուղի, ոչ էլ նորմալ վաճառասեղաններ: Մթերքների մեծ մասը ամբողջ փողոցի երկայնքով պարզապես շարված է մայթերին: Գյուղմթերքների շուկայից առեւտուր անելու համար պետք է ցատկոտես կեղտաջրերով լի փոսերի վրայով ու հնարավորինս խուսափես ցեխոտ արկղերին դիպչելուց: Այդ կեղտոտ պայմաններում վաճառում են ձուկ, պանիր, թռչնամիս ու անգամ՝ հաց»: Բնակիչների խոսքերով, չնայած այդ շուկայում վաճառվող մթերքներն այլ վայրերի համեմատ մի քիչ էժան են, բայց ոչ մի երաշխիք չկա, որ դրանք համապատասխան ստուգում են անցնում եւ առողջության համար վտանգավոր չեն: Բնակիչների խոսքերով, տարեցտարի շուկան ընդլայնվել է՝ հասնելով մինչեւ Րաֆֆու, Ծերենցի ու Ջիվանու փողոցներ. «Տարվա բոլոր ամիսներին այս փողոցներում շարքերով կանգնած բեռնատարների թափքերը վերածվում են վաճառասեղանների, որոնց հարեւանությամբ սնվում ու անգամ բազմանում են թափառող շները»:

Ուշագրավ է այն, որ տոնավաճառի ներսում տարածքն աղտոտելու համար տուգանք է սահմանված եւ, անկախ այն բանից, թե աղտոտողն ով է՝ տուգանքը պետք է վճարի տվյալ տարածքի առեւտրականը: Սակայն դա էլ չի փրկում, որ վաճառողներն օրվա ընթացքում ցելոֆանե տոպրակներն ու դատարկ արկղերը դեսուդեն չնետեն կամ օրվա վերջում սննդի մնացորդները փողոցում չթափեն:

Նշենք, որ գյուղմթերքների շուկան գտնվում է 2 փողոցների արանքում, եւ ավտոմեքենաներից արձակված ծուխն ու փոշին ներծծվում են տաղավարներում դարսած սննդի մեջ: Բացի այդ, հատկապես օրվա «պիկ» ժամերին շուկայի հարեւան փողոցներն անանցանելի են: Առեւտրականների մեքենաները փողոցի երկայնքով կայանում են մի քանի շարքով՝ կրճատելով երթեւեկելի հատվածը, ինչի հետեւանքով երթեւեկող մեքենաները ստիպված են մեկ շարքով անցնել, ինչն էլ հաճախ խցանումների պատճառ է դառնում եւ վթարային վիճակներ առաջացնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել