Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԾԱՂԿԻ՞

Փետրվար 06,2009 00:00

\"\"Մեր երկրի համար պատասխանատուները պնդում են, որ ճգնաժամը բացառիկ շանս է մեր գյուղատնտեսությունը զարգացնելու համար:

Այս օրերին աշխարհի մի շարք զարգացած երկրների գյուղացիական տնտեսություններ համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հսկայական վնասներ են կրում՝ խոշոր ֆերմերներ են սնանկանում, գյուղմթերքների իրացման խնդիրներ են առաջանում, ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով չեն կարողանում արտադրություն կազմակերպել եւ այլն: Չնայած աշխարհում տնտեսության այս ոլորտի անկմանը, մեր երկրի իշխանությունները վստահ են, որ ճգնաժամը գյուղատնտեսության վրա կարող է նույնիսկ դրական ազդել: Օրերս ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ համաշխարհային ճգնաժամը մեր գյուղատնտեսության զարգացման համար բացառիկ հնարավորություններ է ստեղծում:

«Առավոտը» հանրապետության ամենաաղքատ մարզերից մեկի՝ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանից հետաքրքրվեց, թե ճգնաժամն իսկապե՞ս լավ առիթ է իր մարզի զարգացման համար: «Ինձ ինչի՞ եք հարցնում, ով այդ մասին արտահայտվել է՝ միգուցե իրե՞ն հարցնեք, բայց իրատեսական է, ինչո՞ւ իրատեսական չպիտի լինի: Իմ մարզի մասով ես ելույթ կունենամ, կասեմ, ես ի՞նչ իմանամ՝ վարչապետն ի՞նչ է մտածում»,- պատասխանեց նա:

Լոռու մարզում եւս շատ են սոցիալապես անապահով համայնքները: Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ ճիշտ է, վարչապետի ասածը չի լսել, բայց. «Իմ կարծիքով, տնտեսական ճգնաժամի պայմաններում մեր տնտեսական քաղաքականությունը որոշակիորեն կուղղվի դեպի գյուղատնտեսություն, ի վերջո, մենք ունենք նաեւ պարենային անվտանգության խնդիր, եւ այդ առումով իրականում գյուղատնտեսության բնագավառում, սուբսիդիայի եւ առանձին ծրագրեր իրականացնելու տեսակետից, միգուցե ճգնաժամը բարենպաստ կլինի մեր գյուղատնտեսության զարգացման համար, բայց բացարձակ չեմ կարող ասել, որ այս իրավիճակում գյուղատնտեսությունը միանգամից վերելք կապրի: Բավականին լուրջ ցանկով գյուղատնտեսական մթերքներ, որոնք ներկրվում են, կարելի է մեր երկրում արտադրել, եւ բնավ դրսից ներկրելու կարիքը չի լինի: Չինաստանի նման հզոր երկիրը ճանապարհներ է գտնում ներմուծումները պակասեցնելու համար, մենք էլ պիտի դրան գնանք: Չեմ ասում արհեստական ճանապարհով, բայց մենք պետք է մեր արդյունաբերությունը զարգացնենք եւ ինչքան հնարավոր է՝ քիչ ներմուծենք: Ես կարծում եմ՝ մեր պետությունն այս քաղաքականությանը պարտադիր պիտի գնա, ըստ իս, հիմա գյուղատնտեսությանն ավելի մեծ ուշադրություն ենք դարձնելու, քան նախկինում է եղել: Համաձայն եմ վարչապետի այդ մտքի հետ, որովհետեւ ճգնաժամը մի առիթ է գյուղատնտեսությանն ուշադրություն դարձնելու եւ խթանելու: Այս պահին չեմ կարող ասել, թե ճգնաժամը հատկապես որ ոլորտների վրա կազդի, բայց հանքարդյունաբերության ներկա վիճակն արդեն ասում է, որ բացասական ազդեցություն է թողնում, փորձում ենք կոմպենսացնել, թեկուզ քիմիական արդյունաբերության մեջ նոր արտադրատեսակներ մշակել, մասնավորապես՝ պարարտանյութի արտադրությունը, որը մեր երկրում լայն սպառում ունի»:

Նշենք, որ այս մարզի սահմանամերձ Չկալով, Պաղաղբյուր, Արծնի, Ապավեն, Ահնիձոր գյուղերը շատ աղքատ են: Բացի այն, որ այդ համայնքներում մնացել են միայն ավագ սերնդի ներկայացուցիչներ, անցած տարիներին մոլեգնած խոզերի ժանտախտը գյուղացիներին վերջնականապես սնանկացրեց: Սահմանամերձ այդ գյուղերում մարդիկ հիմնականում խոզաբուծությամբ էին զբաղված:

Արմավիրի մարզի Ամբերդի գյուղապետ Մանվել Բաբայանն էլ, վարչապետի այն դիտարկումը, թե ճգնաժամից գյուղացիները մեծ օգուտներ են քաղելու, այսպես մեկնաբանեց. «Ինչպե՞ս կարող է նման բան լինել, ոնց նայում եմ՝ տնտեսական ճգնաժամից լավ բան չի սպասվում: Ճիշտ է, մեր գյուղացիները դեռ չեն դժգոհում, բայց արդեն վիճակներից երեւում է, որ լավ չի լինելու: Գյուղացին այս ամենն իր մաշկի վրա կզգա, երբ ցանած բերքը վաճառի, հիմա ձմեռ է, հանգստանում են, անելու բան չկա»: Գյուղապետը նաեւ կանխատեսումներ արեց. «Տնտեսական ճգնաժամի հետ կապված՝ այս տարի գյուղացու բերքն ավելի էժան կլինի: Ամեն դեպքում տնտեսական ճգնաժամը բարենպաստ դեր չի ունենա»:

«Տնտեսական զարգացման եւ հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Գագիկ Թորոսյանը նույնպես հակված էր այն մտքին, որ, հակառակ աշխարհի շատ զարգացած երկրների, մեր գյուղատնտեսությունը շահելու է: «Առավոտի» հետ զրույցում նա կարծիք հայտնեց. «Պատմությունը ցույց է տալիս, որ խելոքները նմանատիպ իրավիճակներում օգտվում են: Մենք պետք է այնքան խելացի լինենք, որ տնտեսական ճգնաժամից օգտվենք: Գյուղատնտեսության առումով էլ շատ հնարավոր է շահեկան վիճակում հայտնվենք, որովհետեւ եվրոպական երկրները գյուղատնտեսությանը տրվող սուբսիդիաները կրճատեցին, մերն էլ սուբսիդավորված չի, արտադրանքն ավելի էժան է եւ հեշտությամբ կարող ենք մեր արտադրանքը եվրոպական շուկաներ արտահանել, որից, բնականաբար, կշահենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել