Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՐԱՎԱՏՆԵՐԸ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ՃԳՆԱԺԱՄԻՑ

Փետրվար 06,2009 00:00

Ճգնաժամից դուրս գալու համար որոշ գրավատներ բարձրացրել են տոկոսադրույքներն ու սահմանափակել տրամադրվելիք գումարը:

Ֆինանսական ճգնաժամն արդեն «թակում» է նաեւ գրավատների դռները:

Որոշ գրավատների հավաստմամբ, այս օրերին մարդիկ այնքան շատ ապրանքներ են բերում գրավատուն, որ իրենց դրամարկղում գումարի դեֆիցիտ է առաջացել: Մոտ մեկ ամիս է, որ որոշ գրավատներ սկսել են քիչ քանակությամբ գումար տրամադրել, բացի այդ, նաեւ բարձրացրել են տոկոսադրույքները: Երեւանում գործող մի շարք գրավատներ 1-2%-ով բարձրացրել են տոկոսադրույքը, եթե նախկինում մինչեւ մի քանի միլիոն դրամի չափով գումար էին տալիս, ապա այսօր 100 հազար դրամից ավելի գումար չեն տրամադրում:

Մասնավորապես, վարկային պայմանների փոփոխություն է տեղի ունեցել «Վալգե» գրավատանը: «Առավոտի» հետ զրույցում գրավատան տնօրեն Վահե Մաթոսյանը հավաստիացրեց, որ փոփոխություններն ուղղակիորեն կապված են ճգնաժամի հետ: Վ. Մաթոսյանի հավաստմամբ, գրավատունը մի քանի ամիս առաջ է տոկոսադրույքը 5-ից դարձրել 6, սակայն վերջերս են սկսել սահմանափակ գումար տրամադրել: Եթե մեկ տարի առաջ «Վալգեն» 2 միլիոն եւ ավելի գումարի չափով վարկ էր տրամադրում, այսօր տրվելիք գումարը 100 հազարից չի անցնում: Ընկերության տնօրեն Վահե Մաթոսյանի ներկայացմամբ, գրավատան բյուջեում շատ գումար չկա, եւ որպեսզի հասցնեն շատերին սպասարկել, որոշել են 100 հազարից ավելի գումար չտալ. «Որպեսզի մեր հաճախորդներին ետ չուղարկենք, չասենք գնացեք՝ հետո կգաք, տրամադրվող գումարը պակասեցրել ենք»: Իսկ թե ո՞րն է պատճառը, որ իրենց ֆինանսական միջոցները պակասել են, տնօրենն այսպես մեկնաբանեց. «Մարդկանց վճարողունակությունն ընկել է: Շատերը ուշացնում են վճարումները, չնայած այս դեպքում ոչ մի տուգանք չենք կիրառում: Կան մարդիկ, որ ուշացումները պատճառաբանում են նրանով, թե աշխատավարձ չեն ստացել կամ ուշ են ստացել, մարդիկ էլ կան՝ ասում են, որ գործից ազատվել են եւ այլն: Մեկ-մեկ լինում են դեպքեր, երբ մարդիկ ընդհանրապես չեն կարողանում պարտքը մարել եւ ստիպված գրավ դրված ոսկին կամ բջջային հեռախոսը թողնում են, որպեսզի աճուրդով վաճառենք, բայց այս ուղղությամբ դեռ աճ չենք նկատել»: Վ. Մաթոսյանի խոսքերով՝ մի քանի ամիս գրավատունը նույնիսկ կարողացել է 2 միլիոն դրամի չափով գումար տալ, ընդ որում՝ 3%-ով, սակայն այսօր այդպես հնարավոր չէ աշխատել:

Մայրաքաղաքի մեկ այլ գրավատուն՝ «Մուսոյան ԱԱԱ»-ն նույնպես բարձրացրել է իր տոկոսադրույքը՝ 5-ից դարձնելով 6: Ընդ որում, այս գրավատունն էլ իր հաճախորդներին 100 հազարից ավելի գումար չի տրամադրում: «Առավոտը» փորձեց պարզել, թե որո՞նք են այդ փոփոխությունների պատճառները, սակայն ընկերության տնօրենը հրաժարվեց այդ առնչությամբ որեւէ մեկնաբանություն տալ:

Ի տարբերություն մեծ շրջանառություն ունեցող գրավատների, փոքր բյուջե ունեցողները ճգնաժամի ազդեցությունը դեռ չեն զգում:

«Վարդան Օհանյան» գրավատան տնօրեն Վարդան Օհանյանի խոսքերով. «Քանի որ մենք այնպիսի հատվածում ենք գտնվում, որ մեր հարեւանությամբ մի քանի գրավատուն կա, ու մինչ մեզ հասնելն այնտեղ էլ են մտնում, դրա համար այնքան էլ մեծ շրջանառություն չունենք, որպեսզի փոփոխություններ կատարենք»: Տնօրենը վստահեցրեց, որ գումար տրամադրելու ուղղությամբ ոչ մի սահմանափակում չեն կատարում. «Եթե «կասսայում» այդ պահին մի միլիոն լինի, էդքան էլ կտանք: Ու ինչքան մեծ է գումարը, այնքան տոկոսը ցածր է»:

Գրավատնից պարզեցինք, որ 100 հազար դրամի դեպքում 6%-ով են վարկ տրամադրում, իսկ դրանից ցածրի դեպքում՝ 7%-ով:

Ինչ վերաբերում է հաճախորդների վճարունակությանը, Վ. Օհանյանն էլ հաստատեց, որ այն ընկել է. «Կան մարդիկ, որոնց աշխատավարձն են ուշացնում կամ դրսից գումարի են սպասում, բայց չեն ստանում, դրա համար էլ չեն կարողանում ժամանակին վճարումներ կատարել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել