Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԲԱՆԱՁԵՎՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ՉԷ

Փետրվար 06,2009 00:00

Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ-ում ընդունված թիվ 1643 բանաձեւը ընդդիմության մարտավարության վրա ազդեցություն չի ունենալու։ Այս մասին երեկ «Իրավունք դե ֆակտո» մամուլի ակումբում հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը: Նրա փոխանցմամբ, Կոնգրեսի ռազմավարությունը միշտ էլ հիմնված է եղել «այն պարզ իրողության վրա, որ Հայաստանում ժողովրդի իշխանություն հաստատելը բացառապես մեր ներքին գործն է։ Ուրիշ բան, որ այդ հարցում լուրջ խոչընդոտների ենք հանդիպում նաեւ միջազգային հանրության կողմից»: Որպես այդպիսի խոչընդոտ նա մատնանշել է հենց ԵԽԽՎ նոր բանաձեւը։

«Tert.am»-ի փոխանցմամբ, այդ բանաձեւի ընդունումը Դ. Շահնազարյանը պայմանավորել է քաղաքական պայմանավորվածություններով, նշելով միայն Արցախի հարցի մասին, շեշտելով, որ դրա հիմքում կան նաեւ այլ հարցեր: Միաժամանակ նա ընդգծել է, թե ԵԽԽՎ որոշումը՝ ՀՀ պատվիրակությանը ձայնի իրավունքից չզրկելու վերաբերյալ, համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ժորժ Կոլոմբիեի ասելով չի, որ ընդունվել է: Ըստ նրա, «այդ որոշումը կայացվել է քաղաքական ավելի բարձր ատյաններում»: Նա ասել է, թե բանաձեւն իր բովանդակությամբ անընդունելի չէ, անընդունելի են նրանում առկա պատճառաբանությունները, քանի որ իրականում անցած ամիսներին մեր երկրում ոչինչ էլ չի փոխվել։

«Անցյալ տարվա ընտրությունների արդյունքում առաջացած քաղաքական խոր ճգնաժամը իշխանությունների համառ ջանքերով էլ ավելի է խորանում, եւ մյուս բոլոր գնահատականները այս իրողության ածանցյալն են։ Իշխանությունները երկրում առաջացած խոր ճգնաժամից քաղաքական լուծումներ փնտրելու որեւէ միտում չունեն։ Ակնհայտ է, որ իշխանությունները էլ ավելի են խորացնում հասարակության եւ իրենց միջեւ եղած անջրպետը եւ ավելի են իրենք իրենց մեկուսացնում թե՛ հասարակությունից, թե՛ Հայաստանի եւ աշխարհաքաղաքական իրողություններից»,- ասել է Կոնգրեսի ներկայացուցիչը:

Խոսելով իշխանությունների նախաձեռնած դատաիրավական օրենսդրության բարեփոխումների մասին՝ Դ. Շահնազարյանն ասել է, թե դրանով Հայաստանում դատարանները վերածվում են «ռազմականացված տրոյկաների»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել