Վարչապետի խոսքի եւ գործի միջեւ հակասություն է տեսնում «Ժառանգության» փոխնախագահ Մովսես Արիստակեսյանը:
Երեկ «Հայացք» ակումբում հյուրընկալված «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Մովսես Արիստակեսյանն ահազանգեց, որ խնդիրներ են առաջացել բյուջետային մուտքերն ապահովելու հարցում, եւ արդեն իսկ արձանագրվում են կրթական ոլորտի աշխատողների աշխատավարձերի, կենսաթոշակների վճարման ուշացման դեպքեր. «Ինչի՞ են ուշանում՝ կազմակերպակա՞ն խնդիր է, թե՞ բյուջետային մուտքերի պակասորդի, այժմ չեմ կարող ասել: Բայց փաստը մնում է փաստ, որ ուշացնում են: Եվ այս խնդիրը սրվելու է՝ մենք հարկային եկամուտների հավաքագրման լուրջ խնդիր ունենք»: Ըստ նրա, ասենք, ՀՀԿ-ն վճարում է ավելի շատ հարկ, քան կուսակցության առանձին ներկայացուցիչներ, որոնք երկրի ամենախոշոր ձեռնարկատերերն են։ Եվ Մովսես Արիստակեսյանը նկատեց, որ ոչ թե վարչապետ Տիգրան Սարգսյանը պիտի վերջերս գնար «Վաղարշ եւ որդիներ» ոսկու տոնավաճառ, այլ «հարկային տեսուչը պիտի ամենօրյա հետազոտություն անցկացներ այնտեղ»:
Նա հիշեցրեց վարչապետի մի հայտարարությունը՝ գերեզմանոցում տեղ վերցնելու համար 2000 դոլարի կաշառք պահանջելու վերաբերյալ, եւ հայտնեց, թե ինչ է եղել այդ ամենի արդյունքը. «Պատժվե՞ց որեւէ մեկը: Չէ՛: Ընդամենն այնտեղի պահակը՝ Ռոզան պատժվեց»: Եվ հեռակա դիմեց կառավարության ղեկավարին. «Եթե հայտարարում եք՝ դրան պիտի հետեւի գործողությունը: Եթե գործողությունները չեն հետեւում՝ դրանք լոկ հայտարարություններ են»:
«Ժառանգության» փոխնախագահը նաեւ անդրադարձավ Տիգրան Սարգսյանի հայտարարությանը, որ ընդդիմությանը կոչ են անում մասնակցել կառավարության հակակոռուպցիոն համալիր միջոցառումների ծրագրի մոնիտորինգին: «Ես պատիվ եմ ունեցել Հակակոռուպցիոն ռազմավարության մոնիտորինգի հանձնաժողովում աշխատելու՝ որպես հասարակական կազմակերպության նախագահ: Եվ որեւէ արդյունքի չեմ հասել՝ իմ արած առաջարկություններով»,- ասաց Մովսես Արիստակեսյանը, որը նաեւ Տնտեսական իրավունքի կենտրոնի ղեկավարն է: Եվ այս կապակցությամբ մի դեպք վերհիշեց. «Ես նամակ եմ գրել պրն վարչապետին, որ միասնական ընդունելության քննությունների ընթացքում, եւ առանձին վերցրած՝ Ձերժինսկու անվան դպրոցում, կոռուպցիոն երեւույթները դիտարկի մեր հասարակական կազմակերպությունը: Այդ նամակին նախարարը չպատասխանեց: Ես էլ գրեցի վարչապետին՝ որպես կոռուպցիայի խորհրդի նախագահի: Առայսօր պատասխան չեմ ստացել»:
«Ժառանգության» փոխնախագահն ի հակակշիռ վարչապետի առաջարկի՝ հակակոռուպցիոն ծրագրի մոնիտորինգին մասնակցելու՝ պատասխան առաջարկ արեց. «Եկեք՝ Վերահսկիչ պալատը տվեք ընդդիմությանը կամ վերահսկիչ մյուս մարմինները: Դուք կատարեք բյուջեն՝ մենք էլ վերահսկենք: Այ, դա կլինի հավասարակշռություն»: