Շախմատի «Moscow Open» բաց առաջնությունում ամեն մի հաջորդ օրն ավելի դժվար է լինում հատկապես բարձր տեղերի հավակնողների համար, քանի որ յուրաքանչյուր մասնակից, ըստ վաստակած միավորների պաշարի, հերթական տուրում հանդիպում է մոտավորապես հավասարազոր մրցակցի հետ: Այստեղ արդեն կարեւորվում է շախմատիստի իրական վարպետությունը:
Նախորդ օրը կայացած չորրորդ տուրում ուժեղների «A» խմբում հանդես եկող մեր ամենափորձառու երկու գրոսմայստերները՝ Ռաֆայել Վահանյանը եւ Գաբրիել Սարգսյանը առավելության հասան մրցակիցների նկատմամբ եւ 3,0-ական միավորով ընդհուպ մոտեցան չորս առաջատարներին: Մինչ այդ, ընդամենը կես միավոր կորցրած Ռոբերտ Հովհաննիսյանը պարտություն կրեց ու նահանջեց մրցաշարային աղյուսակի միջին հորիզոնականներ:
«B» խմբում չորս շախմատիստներ, ՖԻԴԵ-ի վարպետ Ռոբերտ Աղասարյանը, Դավիթ Գեւորգյանը, Սուրեն Պողոսյանը եւ Սարգիս Մանուկյանը շարունակում են իրենց հաղթարշավը: Նրանք բոլոր չորս պարտիաներն էլ գրանցել են իրենց օգտին: