Հոլանդիայում անցկացված ձյուդոյի պատանիների եւ դեռահասների միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացված էր 19 մարզիկով, որից չորսը մեդալների է արժանացել:
Առավել հաջող է հանդես եկել մինչեւ 81 կգ քաշային Արման Սողոմոնյանը, որը, չկրելով ոչ մի պարտություն, նվաճել է հաղթողի կոչումը: Երկրորդ տեղ է զբաղեցրել Իշխան Գրիգորյանը՝ մինչեւ 66 կգ քաշային կարգ: Եվս երկու ձյուդոիստ՝ 55 կգ քաշային Արսեն Թովմասյանը եւ Սամվել Խաչատրյանը (մինչեւ 38 կգ) բավարարվել են երրորդ մրցանակով:
Մարզաձեւի պատանեկան հավաքականն առաջիկայում հանգստանալու է: Դրա փոխարեն ազգային հավաքականի անդամները մոտ օրերս կսկսեն նախապատրաստվել փետրվարի վերջին Վարշավայում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին: Ձյուդոյի ֆեդերացիայում մեզ տեղեկացրին, որ, ամենայն հավանականությամբ, հատուկ ուսումնամարզական հավաք չի կազմակերպվի: Յուրաքանչյուր ձյուդոիստ կմարզվի իր ակումբում՝ անձնական մարզչի ղեկավարությամբ: Դրա փոխարեն, նրանք բոլորը պարբերաբար կհավաքվեն եւ համատեղ մարզումներ կանցկացնեն: Ֆեդերացիայի մարզչական խորհուրդը մոտ օրերս կկողմնորոշվի, թե ովքե՞ր են մեկնելու Լեհաստան: Սակայն մեր առաջատար երկու ձյուդոիստների՝ Արմեն Նազարյանի եւ Հովհաննես Դավթյանի մասնակցությունը կասկածից վեր է: