Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կոստանյանն ինքնակամ հանձնել է Դադասյանին

Փետրվար 05,2009 00:00

Վերջինս հավաստիացնում է, որ ինքն էլ թատրոնը «կփոխանցի» մեկ այլ շնորհալի դերասանի

Երեւանի մնջախաղի պետական թատրոնը, որը շուրջ տասը տարի ղեկավարում է Ժիրայր Դադասյանը, այն բացառիկ թատերական օջախներից է, որի նկատմամբ, ի տարբերություն այլ մշակութային օջախների, ստեղծվել է բարյացակամ վերաբերմունք, երբ ոչ քննադատվում են այս թատրոնի ներկայացումները եւ ոչ էլ, ցավոք, ենթարկվում մասնագիտական լուրջ քննարկումների: Մնջախաղի թատրոնը իհարկե ունի մեծագույն խնդիր՝ շենքի հարցը: Բայց արի ու տես, որ այս օջախը երբեք դա չի շահարկում, փորձելով արդարացնել իր այս կամ այն վրիպումը:

Խաղացանկային շուրջ 10 ներկայացում ունեցող Մնջախաղի թատրոնում այսօր զուգահեռաբար ընթանում են «Արդաղյոն» եւ «Սեւ շրջանակ» բեմադրությունների փորձերը, համապատասխանաբար՝ Ժիրայր Դադասյանի եւ ՀՀ վաստակավոր արտիստ Յուրի Կոստանյանի ռեժիսուրայով:

«Առավոտը» Ժ. Դադասյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ իր ղեկավարած թատրոնում բեմադրություններ են իրականացնում միայն ներսի մարդիկ եւ, արդյոք, ինքը չունի՞ այն խանդի զգացումը, որ ուղեկցում է որոշ թատրոնների գեղարվեստական ղեկավարների:

Նշենք, որ ժամանակին մնջախաղաց Համլետ Չոբանյանը բեմադրել է «Մագաղաթը», իսկ Յու. Կոստանյանը՝ «Դեւը», «Արթմնի երազը», «Մետամորֆոզը» եւ «Գեները»: Մեր զրուցակիցը, հիշեցնելով, որ թատրոնը 5 տարի ղեկավարել է Յու. Կոստանյանը, ասաց. «Հենց Յուրայի ցանկությամբ թատրոնի ղեկավարումը փոխանցվեց ինձ: Ընդ որում՝ առանց խանդի: Վստահեցնում եմ, որ նույն «սցենարով» վաղը ինքս թատրոնի ղեկավարումը կհանձնեմ այն շնորհալի դերասանին, որը հանձն կառնի ղեկավարել այս խիստ ինքնատիպ թատրոնը: Մշտապես ասել եմ. ով վստահ է իր ուժերին, խնդրեմ՝ թատրոնի դռները բաց են: Ցավոք, մինչ օրս եւ ոչ մի բեմադրիչ չի դիմել: Իսկ որպեսզի բեմադրվի մնջախաղային ներկայացում, ինքը՝ բեմադրիչը, պետք է ստեղծի նաեւ դրամատուրգիան, ինչը ստեղծվում է մարմնի շարժումների շնորհիվ, եւ այստեղից էլ պիտի բխի ապագա բեմադրության սյուժեն: Մի խոսքով, այո, հենց մնջախաղացն է, որն իմանալով այս ամենը, կարող է բեմադրել մնջախաղային ներկայացում»:

Խոսելով իր նոր՝ «Արդաղյոն» աշխատանքի մասին, պարոն Դադասյանը, հակիրճ ներկայացնելով, նշեց, որ այն կաթոլիկ եւ ուղղափառ եկեղեցիներում սրբերի դասին պատկանող հույն դերասան Արդաղյոնի մասին է, որը Հռոմեական կայսրության պատվերով իրականացնում էր հակաքրիստոնեական բեմադրություններ. «Սակայն դրանցից մեկի ժամանակ երկնային լույս է իջնում նրա վրա՝ դարձի բերելով Արդաղյոնին: Որպեսզի փրկեն ներկայացումը, խաղընկերները բեմի վրա իսկապես խաչում են նրան»: Հարցին, թե աշխատանքի ընթացքում չի՞ կաշկանդում գեղարվեստական ղեկավարի ներկայությունը, մնջախաղաց բեմադրիչ Յու. Կոստանյանն ասաց. «Երբեք չի կաշկանդել, որովհետեւ առաջին հերթին ստեղծագործողը պետք է ունենա ազատություն, ինչը կա մեր թատրոնում»: Հակիրճ ներկայացնելով շեքսպիրյան թեմաներով իր նոր աշխատանքը, պարոն Կոստանյանը հայտնեց հետեւյալը. «Ցույց եմ տալիս խամաճիկին բռնակալի դիմակով, որը քանի դեռ իշխանություն ունի՝ բռնակալ է, բայց երբ հանում է այն՝ մնում է նույն խամաճիկն ու խրտվիլակը…»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել