Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱՅԵՐՆ ԱՎՍՏՐԻԱՅՈՒՄ ՊԱՌԱԿՏՎԱԾ ԵՆ

Փետրվար 05,2009 00:00

Ավստրիաբնակ Գայանե Սարգսյանի դիտարկումները

Մեր զրուցակից Գայանե Սարգսյանը (անունը փոխված է) արդեն 8 տարի ապրում է Վիեննայում: Երեւանում գլխավոր հաշվապահ է աշխատել, թե ինչու է տեղափոխվել Ավստրիա, չի մանրամասնում: Ասում է՝ իր պատճառներն ուներ, հենց խնդիրները լուծվեն՝ անպայման Հայաստան է վերադառնալու, որովհետեւ կարոտից մեռնում է:

Ընդհանրապես հայերը, որոնք այս երկրում 7000-8000 են կազմում, Ավստրիայում հայտնվել են Առաջին համաշխարհային պատերազմից հետո եւ անցյալ դարի 50-ականներին՝ Սիրիայից, Լիբանանից ու Իրանից: Վերջին շրջանում էլ շատ է հոսքը Իրանից, Թուրքիայից ու Հայաստանից: Ինչ վերաբերում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննային, այն հայերի համար նշանակալից է նրանով, որ այստեղ 1811-ից գործում են Մխիթարյանները: Հին ավստրահայերից հայտնի են Վարդյանները, որոնք ժամանակին զբաղվել են հին գորգերի բիզնեսով: 1685թ. Թեոդատոն՝ հայազգի Հարություն Աստվածատրյանը, Վիեննայում հիմնել է առաջին սրճարանը: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա հայերն այստեղ հիմնականում զբաղվում են առեւտրով:

Ավստրիայում հայերը թեկուզ շատ չեն, սակայն կուսակցականացված են՝ դաշնակցականներ, ռամկավարներ, կան Իրանի, Լիբանանի հայերի կազմակերպություններ, երկու եկեղեցի՝ հայ առաքելական եւ կաթոլիկ: Եկեղեցիների հովանու ներքո գործում են դպրոցներ, երգչախումբ: Հայերենի մասնագետների կարիք կա, շատերն, ըստ տիկին Գայանեի, իրենց երեխաներին եկեղեցի են տանում գոնե մեկ-երկու հայերեն բառ լսելու համար:

Գ. Սարգսյանի պատմելով, հայերն Ավստրիայում պառակտված են՝ պայմանավորված ծննդավայրով, կուսակցական, կաթոլիկ կամ առաքելական լինելով եւ այլն: «Այստեղ մեր հայրենակիցներն այնպիսի բաներ են անում, գողությամբ են իրենց գլուխը պահում, բանտ են նստում, ոչ էլ ամաչում են, նստում-դուրս են գալիս ու դրանից ավելի ուժեղ են զգում: Մեծ թիվ են կազմում իրավախախտ հայուհիներն ու երեխաները: Միայնակ ապրողները կայարաններում են գիշերում, մտածում են մի բան գողանան, որ բանտ նստեն՝ ձմռանն իրենց գլխին ծածկ ունենան»,- ասում է մեր հայրենակցուհին: Նա նեղսրտում է, որ հայերը հաճախ այլազգիների՝ սերբերի, ալբանների, անգամ թուրքերի հետ են ամուսնանում:

Տիկին Գայանեի ասելով, Ավստրիայի հայերը համախմբվում են ապրիլի 24-ին ու էլի նման առիթներով, երբ բողոքի երթեր են կազմակերպում Վիեննայի կենտրոնական փողոցներում, թուրքական դեսպանատան առաջ, վերջում էլ ծաղկեպսակ են դնում Ֆրանց Վերֆելի հուշաքարին. «Ցավոք, ավստրիացիները թուրքամետ են, թուրքերն այստեղ մեծ ազդեցություն ունեն: Չեմ տեսել, որ երբեւէ տեղական հեռուստաալիքներով ապրիլքսանչորսյան մեր ակցիաները լուսաբանվեն»:

Գ. Սարգսյանը դժգոհեց նաեւ մեր դեսպան Աշոտ Հովակիմյանից. «Նա ավելի շատ թուրքահայերի ու պարսկահայերի հետ է շփվում, քան հայաստանցիների: Մի անգամ խնդրանքով մոտեցա, շատ կոպիտ պատասխանեց: Մյուս կողմից էլ, հասկանում եմ, թե ինչու է այդպես վարվում, պատճառը այստեղ Հայաստանից եկածների վատ պահվածքն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել