ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ՝ ՓՈՂԻ ԴԻՄԱՑ
Մոսկվայում հավաքվել են Ռուսաստանի բարեկամ երկրների ղեկավարները, որոնք մասնակցելու են Հավաքական անվտանգության պետությունների կազմակերպության (ՀԱՊԿ), ինչպես նաեւ «Եվրազեսի» գագաթաժողովներին: ՀԱՊԿ-ի շրջանակներում Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը պայմանավորվեցին ստեղծել արագ արձագանքման ուժեր, իսկ «Եվրազեսը» (որտեղ Հայաստանը չի մտնում) որոշում ընդունեց ստեղծել հակաճգնաժամային հիմնադրամ՝ $10 միլիարդի չափով, որի գլխավոր ներդրումը կատարելու է Ռուսաստանը: Ըստ gazeta.ru-ի, Բելառուսը եւ Ղրղըզստանը, որի ղեկավարները գագաթաժողովից առաջ հանդիպել են Մեդվեդեւի հետ, առատ ֆինանսական օգնություն են ստանալու ՌԴ-ից: Լուկաշենկոն տուն է տանելու հակաճգնաժամային $2 միլիարդանոց արտոնյալ վարկի երկրորդ կեսը, ինչպես նաեւ 100 միլիարդ ռուբլի նոր վարկի մասին մտածելու խոստումներ: Ի պատասխան՝ Բելառուսը ՌԴ-ի հետ ստորագրեց համատեղ հակաօդային պաշտպանության մասին պայմանագիրը, ինչպես նաեւ խոստում՝ ապրիլին քննարկել Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի ճանաչման խնդիրը: Ղրղըզստանը նույնպես կստանա $2 միլիարդ արտոնյալ վարկ, ինչպես նաեւ $1,7 միլիարդ ուղիղ ռուսաստանյան ներդրումներ: Դրա դիմաց այդ երկրի նախագահ Կուրմանբեկ Բակիեւը փակեց Բիշքեկի մոտակայքում գտնվող ամերիկյան ռազմաբազան:
ԿԱՔԱՎՅԱՆ. «ԴԱ ԱՆՁՆԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԷՐ»
Ինչպես հաղորդում է day.az-ը, Սիդնեյի համալսարանի պրոֆեսոր Արմեն Կաքավյանը հայտարարել է, որ իր հարցազրույցը «Ռադիկալ» թերթին սխալ է մեկնաբանվել թուրքական եւ ադրբեջանական լրատվամիջոցներում: Նա ընդգծել է, որ ԱՍԱԼԱ-ի արածների համար թուրքերից ներողություն խնդրելու ստորագրահավաքի ծրագիրն իր անձնական նախաձեռնությունն է, եւ գոյություն չունի հայ մտավորականների ինչ-որ խումբ: Տեքստի նախագիծն, ըստ պրոֆեսորի, տարածվելու է էլեկտրոնային փոստով եւ կարող է հանդիսանալ որպես պատասխան թուրք մտավորականների հայտնի ստորագրահավաքի քայլին: «Ես իսկապես արտահայտել եմ իմ անձնական կարծիքը՝ անմեղ թուրքերի դեմ կատարած հանցագործությունների համար, բայց նաեւ նշել եմ, որ դրանք համեմատելի չեն ողջ ազգի ոչնչացման հետ,- նշել է Կաքավյանը:- Ես վճռականորեն հայտարարում եմ, որ հստակ տարբերակում եմ 1890-1920 թվականներին հայ հեղափոխականների օրինական եւ հերոսական ինքնապաշտպանական արարքները՝ մի կողմից եւ քաղաքացիական անձանց դեմ ահաբեկչական գործողությունները՝ մյուս կողմից: Հենց վերջիններիս համար էլ ես ներողություն եմ խնդրել»: Ըստ Կաքավյանի՝ նրա հարցազրույցի գլխավոր նպատակն էր երախտագիտություն հայտնել թուրքական կողմից արտահայտած ներողության համար, ինչպես նաեւ հիշեցնել թուրք ընթերցողին, որ ներողությունը պետք է ուղեկցվի կոնկրետ գործողություններով: «Ես կարծում եմ, որ վերջին փաստարկը կգտնի լրջմիտ եւ անկեղծ ընթերցողի արձագանքը»,- ամփոփել է պրոֆեսորը:
ՏԻՄՈՇԵՆԿՈՆ ՀԻՇԵՑ ՓԱՄՓԵՐՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Տիմոշենկոն եւ նրա կաբինետի նախարարները երեքշաբթի օրը զբաղեցրել են իրենց տեղը երկրի խորհրդարանի կառավարական օթյակում: Սակայն, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, նրանք չկարողացան հանդես գալ հաշվետվությամբ՝ երկրում ստեղծված տնտեսական իրավիճակի մասին, որն, ըստ իշխանության եւ ընդդիմության, օրըստօրե վատթարանում է: Հաշվետվությանը խոչընդոտեց Վիկտոր Յանուկովիչի ղեկավարած Ռեգիոնների կուսակցությունը, որը պահանջում էր անվստահություն հայտնել կառավարությանը: Երեկ Յանուկովիչը հայտարարեց, որ պահանջում է խորհրդարան հրավիրել մարզային վարչակազմերի ղեկավարներին, նախագահին, ԿԲ նախագահին՝ տնտեսական իրավիճակի մասին անկեղծ խոսակցության համար: Ի պատասխան՝ Տիմոշենկոն նշեց, որ զարմացած է իր ընդդիմախոսների կեցվածքից. «Եթե նախաձեռնում եք կառավարության հրաժարական, ապա ունեցեք սովորական տղամարդկային եւ քաղաքական իմաստություն՝ լսելու համար, ոչ թե փամփերսներ հագեք այդպիսի լսումների համար: Կառավարությունը պատրաստ է ցանկացած պահի քննարկել իր հրաժարականի հարցը»: Հավանաբար, Ռեգիոնների կուսակցությունը մի կողմից բանակցելու է Յուշչենկոյի կողմնակիցների հետ՝ կառավարությանն անվստահություն հայտնելու համար, մյուս կողմից՝ փորձելու է պաշտոնանկ անել նաեւ նախագահին: