Քննարկում են Կիպրոսի հարցը
Արդյոք Թուրքիան փոխհատուցում կվճարի՞ այն կիպրոսցի հույներին, որոնք կորցրել են իրենց ունեցվածքը 1974 թվականի թուրքական ներխուժման ընթացքում. սա է Կիպրոսի Հանրապետության նախագահ Դիմիտրաս Խրիստոֆիասի եւ կղզու թուրքական հատվածի ղեկավար Մեհմեթ Ալի Թալաթի՝ երեկ Նիկոսիայում կայացած բանակցությունների հիմնական թեման, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Խնդիրը բարդանում է այն պատճառով, որ թուրքական կողմը եւս նյութական պահանջներ է ներկայացնում, պնդելով, թե 1974-ի ամռանը կղզու հարավային հատվածը լքած թուրքերին եւս պետք է փոխհատուցում տրամադրվի: Դիմիտրաս Խրիստոֆիասը բանակցությունների շեմին խոստովանել է, որ հարցը զուտ ունեցվածքային շրջանակով չի սահմանափակվում: «Բանակցությունների դյուրին ընթացք ես չեմ ակնկալում, քանի որ սեփականության խնդրին միախառնվել է նաեւ փախստականների վերադարձի հարցը»,- ասել է Կիպրոսի նախագահը: Կիպրոսցի հույներից բռնագրավված սեփականության վերադարձի հավանականությունն ավելի մշուշոտ է դառնում այն առումով, որ հունական ունեցվածքի զգալի մասն այսօր նոր սեփականատերեր ունի: Դրանք հիմնականում Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ են, առավելապես թոշակառուներ, որոնց հրապուրել էին անշարժ գույքի համեմատաբար ցածր գները, որ առկա էին կղզու թուրքական հատվածում: Ընդհանուր առմամբ, վերլուծաբանները այս հանդիպման հետ լուրջ հույսեր չեն կապում, նշելով, թե 2008-ը կիպրոսյան խնդրում չդարձավ լուրջ առաջընթացի տարի:
Ապացույցները կորել են
Մոսկվայի շրջանային ռազմական դատարանը երեկ չկարողացավ վերսկսել լրագրող Աննա Պոլիտկովսկայայի սպանության գործով դատավարությունը՝ այն պատճառով, որ պետական մեղադրողները կորցրել են իրեղեն ապացույցը: Newsru.com-ը հիշեցնում է, որ վերջին շրջանում Մոսկվայի իրավապահներն ընդհանրապես աչքի են ընկնում զարմանալի ցրվածությամբ. օրերս նրանք կորցրել են նաեւ հետախուզման մեջ գտնվող բիզնեսմեն Եվգենի Չիչվարկինի գործի նյութերը: Լրագրողի սպանության գործի ապացույցների կորուստը հատկապես կդժվարացնի մեղադրողների գործը՝ այն պատճառով, որ դրանք փողոցում տեղադրված տեսախցիկների տեսագրություններ են, որտեղ, ենթադրաբար, պատկերված են մարդասպանները: Դատական նիստերի ժամանակ կողմերը բազմիցս են անդրադարձել այդ տեսագրությանը: Ընդ որում, մեղադրող կողմը վստահ է, որ տեսագրությունն ապացուցում է ամբաստանյալների մեղավորությունը, իսկ փաստաբանները կարծում են, որ դրանով ապացուցվում է իրենց պաշտպանյալների անմեղությունը: Դատարանը հայտարարեց ընդմիջում, որի ընթացքում կշարունակվի կորած ապացույցների փնտրտուքը:
Կայքը հիշեցնում է, որ «Նովայա գազե տա» թերթի մեկնաբան Աննա Պոլիտկովսկայան գնդակահարվել էր իր տան մուտքի մոտ՝ 2006 թվականի հոկտեմբերի 7-ին: Այս գործով մեղադրանք է առաջադրվել երեք հոգու՝ Սերգեյ Խոջիկուրբանովին, ինչպես նաեւ Մահմուդով եղբայրներին:
Ազնիվ մարդկանց դեֆիցիտ կա
Նախկին սենատոր Թոմ Դեշլը, որն ԱՄՆ նախագահ Օբամայի կողմից առաջադրվել էր սոցապ եւ առողջապահության նախարարի պաշտոնում, ինքնաբացարկ է հայտարարել: Մի շարք սենատորներ հայտարարել են, որ պատրաստ չեն հաստատել մի մարդու թեկնածությունը, որը ժամանակին խուսափել էր ավելի քան $100 հազար հարկ վճարելուց: Մի ամիս առաջ հայտնաբերվել էր, որ նա չէր վճարել հարկը՝ «բյուրոկրատական թյուրիմացության» պատճառով: Երբ Օբաման առաջադրեց նրա թեկնածությունը, Դեշլը վերադարձրեց պետությանը իր պարտքը՝ մուծելով նաեւ $12 հազար տուգանքը: Սակայն Սենատում քննարկումների ժամանակ թեկնածուն հայտարարեց, որ չի ցանկանում նախարարի պաշտոն զբաղեցնել՝ չունենալով Կոնգրեսի եւ ամերիկյան ժողովրդի լիակատար վստահությունը: Մեկնաբանելով Դեշլի ինքնաբացարկը՝ նախագահ Օբաման ընդգծեց. «Ես խոստացել եմ արմատապես փոխել ամերիկյան քաղաքականությունը: Չեմ ուզում, որ ամերիկացիները կարծեն, թե մեզանում կրկնակի ստանդարտներ են գործում՝ հարուստների եւ աղքատների համար: Հարկերը պետք է վճարեն բոլորը՝ թե աղքատները եւ թե՛ հարուստները»:
Դեշլի ինքնաբացարկից մի քանի ժամ առաջ նույնն արեց նաեւ Նենսի Քոլֆերը, որին նախագահն առաջարկեց Սպիտակ տան բյուջետային վարչության գլխավոր հսկիչի աթոռը: Պատճառը նույնն է՝ հարկային խնդիրները: Միաժամանակ Թիմոթի Գայթները, որը հաստատվել էր ֆինանսների նախարարի պաշտոնում, ուշացումով է վճարել $34 հազարի հարկը: Մեկնաբանելով այդ լուրերը՝ քաղաքագետները նշում են, որ Ամերիկայում ընդհանրապես դժվար է պատասխանատու պաշտոնների համար գտնել բացարձակապես իդեալական մարդկանց: