«Առավոտն» արդեն անդրադարձել է օրենսդրական միջամտությամբ մասնավոր դպրոցների սաներին պետական հոգածությունից դուրս թողնելու հավանականությանը («Առավոտ», 13.01.2009): Մասնավոր դպրոցների տնօրենների, ուսուցիչների եւ ծնողական համայնքի կարծիքով՝ դա խտրականության դրսեւորում է: Փորձեցինք այս առնչությամբ իմանալ ՀՀ ԿԳ նախարարի կարծիքը: Պարոն Սեյրանյանը խոսակցության հենց սկզբից հերքեց այն կասկածները, որ մասնավոր եւ պետական դպրոցների նկատմամբ՝ պետական վերաբերմունքի մեջ կա խտրականություն եւ նկատեց. «Ինձ եւ, բնականաբար, նախարարության համար տվյալ ուսումնական հաստատության նկատմամբ վերաբերմունք ցուցաբերելու հարցում առաջնահերթն այդ կրթական հաստատության սեփականության ձեւը չէ: Առաջիկայում նախարարությունը համալիր ստուգումներ կանցկացնի բոլոր այն մասնավոր դպրոցներում, որոնք իրականացնում են հանրակրթական ծրագրեր»: Ս. Սեյրանյանը անդրադարձավ նաեւ այն արատավոր երեւույթներից մեկին, որի ուղղությամբ էլ կկատարվեն այդ ստուգումները. «Ուսումնական տարեսկզբին մենք արգելեցինք տարիքը չլրացած երեխաների մուտքը հանրակրթական համակարգ: Բայց հինգ տարեկանների այն բանակը, որը մեր ստուգումների արդյունքում դուրս մնաց հանրակրթական համակարգից, հանգիստ տեղավորվեց մասնավոր դպրոցներում: Փորձը ցույց է տալիս, որ մասնավոր դպրոցներում մեկ տարի սովորելուց հետո այդ երեխաների ծնողները գնում են հանրակրթական դպրոցներ եւ առաջարկում իրենց երեխաներին տեղավորել այդ կրթօջախների երկրորդ դասարաններ»: Կրթության եւ գիտության նախարարը համոզված է. «Անկախ սեփականության ձեւից, կրթական հաստատությունը պիտի մատուցի որակյալ կրթական ծառայություն: Երբ համոզվենք, որ ուսումնական հաստատությունը բավարարում է մեզ համար էական չափորոշիչներին, ապա միայն այդ պարագայում մենք խնդիր չենք ունենա՝ կապված սեփականության ձեւի հետ»: Մեր այն հարցին, թե ասվածից կարելի՞ է եզրակացնել, որ մասնավոր դպրոցները դեռ չեն բավարարում այդ չափորոշիչներին, նախարարն այսպես պատասխանեց. «Մենք կարող ենք այդ հարցին պատասխանել, երբ ամբողջությամբ իրականացնենք մասնավոր դպրոցների ստուգումները»: