Լրահոս
Օրվա լրահոսը

Փետրվար 05,2009 00:00

Ուսուցիչների մինի-ցույց

Նախորդ օրը «Առավոտի» խմբագրություն էր այցելել թիվ 162 դպրոցի ուսուցիչների եւ ծնողական համայնքի մի հսկա բանակ, ավելին՝ նրանք իրենց հետ խմբագրություն էին բերել մի քանի աշակերտի: Այդ մեծ աղմուկ-աղաղակը նրանք բարձրացրել էին՝ կապված «Առավոտի» փետրվարի 3-ի համարում տպագրված «Դրամահավաքությո՞ւն, թե՞…» հոդվածի հետ: Հիշեցնենք, որ հոդվածում մեջբերել էինք այդ դպրոցից դժգոհ որոշ ծնողների բողոքը, թե դպրոցում դրամահավաք է ընթանում, սակայն ներկայացրել էինք նաեւ դպրոցի տնօրենի խոսքը, որում նա հերքում էր դրամահավաքի փաստը, ավելին, պնդում էր, որ իր օրոք ոչ մի լումա չի հավաքվում: Այնուամենայնիվ, դա չէր բավարարել ուսուցիչներին, եւ նրանք ողջ կոլեկտիվով էին եկել ու հավատացնում էին, որ իրենց դպրոցում, սեպտեմբերից ի վեր, ինչ փոխվել է տնօրենը, որեւէ առիթով դրամահավաք չի եղել: Ու ենթադրում էին, որ այդ բողոքը որոշ դավադիր ուսուցիչների ձեռքի գործն է, որոնք չեն համակերպվում առանց դրամահավաքության ապրելու ռեժիմին:

Դրամական պարգեւ՝ 500 լավագույն ուսուցչի

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու նախաձեռնությամբ՝ երկրի հանրակրթական դպրոցների 500 լավագույն մանկավարժ առաջիկա ութ ամիսներին ամսական 200 լարի դրամական պարգեւատրում է ստանալու: Հիշյալ ուսուցիչների ընտրությունը անցկացվել էր 2008 թվականի նոյեմբերին: Ախալքալաքի 1300 մանկավարժից 13-ը նույնպես արժանացել է «Լավագույն ուսուցիչ» կոչմանը: Թեեւ շրջանում գործում է 67 հանրակրթական դպրոց, բայց դրանցից 6-ը ինչ-ինչ պատճառներով հրաժարվել էր ներկայացնել իր թեկնածուներին:

Թե Ախալքալաքի ռեսուրս կենտրոնի աշխատակիցները եւ թե քվեարկության մասնակիցները վկայում են, որ պարզ եւ թափացիկ քվեարկությամբ են ընտրվել շրջանի 13 լավագույն մանկավարժները: Ուսուցիչներն էլ իրենց ուրախությունն ու երախտագիտությունն են հայտնում ոչ միայն հատկացվող գումարի համար, այլեւ հատկապես նրա, որ գնահատվել եւ ուշադրության են արժանացել իրենց տարիների ջանքն ու եռանդը:

ԵՐԱՆՈՒՀԻ ՅԱՅԼԱԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել