Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ «ԱՓԻ» ՄԵՋ

Փետրվար 05,2009 00:00

\"\"ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը ամփոփում է նախորդ տարվա արդյունքները

«Գիտության նախարարություն ստեղծելը երկրի ղեկավարների որոշման խնդիրն է,- երեկ տեղի ունեցած ասուլիսին հայտարարեց ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը եւ հավելեց:- Իմ համոզմամբ՝ միգուցե իմաստ ուներ ստեղծել առանձին նախարարություն՝ «Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների նախարարություն» անվանմամբ: Բայց մեր ունեցած ներկայիս գործառույթները դրա համար բավարար չեն: Նախարարություն ստեղծվելու դեպքում պիտի դրանց ավելացվեն ինովացիոն գործունեությունը, գիտության առեւտրայնացման խնդիրները, տեղեկատվական տեխնոլոգիաները»:

Ս. Հարությունյանն ամփոփեց շուրջ 1,5 տարի գործող կոմիտեի անցած ուղին եւ ապագա անելիքները: Ըստ պարոն Հարությունյանի ներկայացրած հաշվետվության՝ արդեն ավարտվել է կոմիտեի աշխատակազմի ձեւավորումը, միայն 2 թափուր տեղի մրցույթ կհայտարարեն մինչեւ ապրիլ, 1-2 ամսից կոմիտեն կտեղափոխվի Օրբելի եղբայրների 22 հասցեում գտնվող Ֆիզիոլոգիայի ինստիտուտի շենք:

2008-ին իրականացված ծրագրերից է գիտական աստիճաններ ունեցող անձանց շտեմարանների ստեղծումը, գիտական հիմնարկների՝ ըստ դրանց հետաքրքրությունների հնարավոր միավորումը, փորձագիտական անկախ համակարգի ստեղծումը, կադրերի պատրաստման պետական պատվերի ձեւավորման մեթոդաբանության մշակումը, որոշ առումով կատարելագործվել է իրավական դաշտը եւ այլն: Բարեփոխումներից թերեւս «ամենացավոտը» գիտական կազմակերպությունների անձնագրավորման գործընթացն էր, որին «Առավոտը» ժամանակին անդրադարձել է: Խոսելով միջազգային համագործակցությունից՝ կոմիտեի նախագահը նշեց. «2008-ին Հայաստանում $7 միլիոնի միջազգային ծրագրեր են իրականացվել»: Անդրադառնալով գիտական աշխատանքների՝ միջազգային հեղինակավոր ամսագրերում տպագրված լինելու խնդրին՝ Ս. Հարությունյանը նկատեց. «Ցավոք, խորհրդային ժամանակաշրջանի համեմատ միջազգային ամսագրերում հրապարակումների թիվը նվազել է, այն այժմ կազմում է տպագրված աշխատանքների 12%-ը»: Գիտության ասպարեզում առկա ֆինանսական «կնճիռների» մասին խոսելիս կոմիտեի ղեկավարն առանձնացրեց հավելավճարների հարցը. «Հայտնի է, որ գիտական աստիճան ունեցող անձինք, աշխատավարձից բացի, նաեւ հավելավճարներ են ստանում: Այստեղ կրկնություններ են նկատվում. պատահում է, որ նույն անձնավորությունը միանգամից մի քանի կազմակերպություններում է ներկայացված»: Մյուս խնդիրը վերաբերում էր գիտության ոլորտում աշխատող անձանց աշխատավարձերին: Ս. Հարությունյանը բարձրացրեց մի հարց, որը բնորոշ է հիմնարկների մեծամասնությանը. «Ցավոք, շատ գիտական հիմնարկներում աշխատավարձի սանդղակը չի պահպանվում. արդյունքում՝ գիտության դոկտորն ավելի ցածր աշխատավարձ է ստանում, քան ավագ լաբորանտը: Այդ երեւույթը վերացնելու առումով աշխատանքներ են տարվել»: Նա նշեց, որ վաղուց ժամանակն է անցնել ծրագրային ֆինանսավորման ձեւին, երբ գումար է հատկացվում ոչ թե անձին, այլ՝ ծրագրին: Լրագրողները հարցրին՝ մտավախություն չկա՞, որ գիտական ղեկավարները որոշ մարդկանց կկրճատեն՝ իրենց ավելի գումար պահելու նպատակով: Ս. Հարությունյանը պատասխանեց. «Կա նման մտավախություն, բայց ծրագրային ֆինանսավորումն աշխարհում ընդունված ամենաճիշտ ձեւն է: Անձին առանց հիմնավորման կոնկրետ աշխատավարձ տալը ոչ թե մեր, այլ սոցապնախարարության խնդիրն է»: Հարցին, թե գիտական աստիճան ունեցող անձանցից քանի՞սն են զբաղվում գիտական հետազոտական աշխատանքով, Ս. Հարությունյանն այսպես պատասխանեց. «Հայաստանում կա ավելի քան 9000 գիտության դոկտոր եւ 4500 գիտության թեկնածու, բայց գիտական ծրագրերում ընդգրկված են շուրջ 600 դոկտոր եւ 2700 թեկնածու»:

2009-ի ծրագրերից են գիտական կազմակերպությունների ռեյտինգավորման մեթոդաբանության, գիտության ոլորտի զարգացման ռազմավարության մշակումը, «Գիտության եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքը «բարեփոխելը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել