Լրահոս
Օրվա լրահոսը

Հարուստները՝ հուշարձանների սեփականատերեր

Փետրվար 05,2009 00:00

\"\"Հնագետների ահազանգերն առայժմ անարդյունք են

Հայ երկրաբանները Աշտարակի տարածաշրջանից մինչեւ Արմավիրի մարզի Ծաղկալանջ եւ Աղավնատուն համայնքներն ընդգրկող հատվածում դամբարանադաշտեր են հայտնաբերել, որտեղ, իրենց կարծիքով՝ միայն իրենց հայտնի, բայց դեռեւս չպեղված շատ ամրոցներ ու դամբարաններ կան:

Բայց մինչ գիտնականները գործի կանցնեն՝ ավելի արագ կողմնորոշվում են գանձահենները, որոնց հոտառությունն այս առումով անգերազանցելի է: Հնագետներից մեկի փոխանցմամբ, երբ վերգետնյա հետազոտությամբ պարզել են, որ Աղավնատան մերձակայքում դամբարան կա, հույս չեն ունեցել, որ բացելուց հետո այն ամբողջական կգտնեն: Բարեբախտաբար, այդ անգամ մտավախությունն անհիմն է եղել. գանձագողերի ձեռքն այդ շերտերին չի հասել:

Պատմամշակութային հուշարձանները մի կողմից գանձեր որոնողներն են ոչնչացնում՝ իրենց խիստ որոշակի նպատակով «պեղումներով», մյուս կողմից՝ պետության անտարբերությունը: Հաշվի չառնելով հողերի շերտերում առկա հազարամյա պատմությունը, համայնքների ղեկավարները արտոնում են դրանց սեփականաշնորհումը: Դրանց ոչ փոքր մասը վաղուց արդեն մելիորացվել են՝ բացառելով կամ գրեթե բացառելով հետագա պեղումների հեռանկարը:

Եթե ԱՄՆ-ում որոշ հուշարձաններ անվտանգության նկատառումներով գաղտնի են պահվում, իսկ Ֆրանսիայում դրանք պետականորեն պահպանվում են 1300 թվականից գործող հուշարձանների պահպանության մասին օրենքով, ապա մեր երկրում այս առումով դեռ վայրի վիճակ է: Հուշարձանաշատ հողատարածքները սեփականաշնորհում են աջ ու ձախ՝ այդ ընթացքում լուրեր են տարածվում, որ կադաստրի պատասխանատուները եւ համայնքապետերը «մեծ-մեծ» փողեր են աշխատում, բայց վիճակը չի փոխվում արդեն քանի տարի:

ՀՀ կառավարության 2003 եւ 2005 թվականներին ընդունած որոշումներով հողերը հանձնվեցին համայնքներին: Համայնքներն էլ կարծես ավելի շահագրգիռ են հողերը վարձակալությամբ տալու կամ վաճառելու հարցերով, եւ պատմամշակութային արժեքների պահպանությունը, մեղմ ասած, առաջին կարեւորության հարց չեն համարում: Իրենց շերտերում չպեղված հուշարձաններ ունեցող հողատարածքները վաղուց արդեն մեծահարուստների սեփականությունն են: Մասնավորապես՝ 170 հա պահպանողական գոտի ունեցող Ծաղկալանջի դամբարանադաշտի 90%-ն այլեւս հարուստ տերեր ունի, ազատ է այդ տարածքի միայն 10%-ը, որը ժայռաբլրի վրա է եւ հողագործության համար ոչ պիտանի:

Պատմականորեն արժեքավոր է նաեւ Մեծամորից մինչեւ Լեռնամերձ ընկած տարածքը, որի հողերը եւս դուրս չեն մնացել սեփականաշնորհման ցուցակից: Լավատեղյակների փոխանցմամբ, այս տարածքից մի քանի հարյուր հեկտարների հասնող հողեր ունեն Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, Արմավիրի նախկին մարզպետ Ալբերտ Հերոյանը, ֆինանսների երբեմնի նախարար Վարդան Խաչատրյանը, «Արցախ ալկո»-ն՝ Աղավնատան մերձակայքում:

Հնագետներն անընդունելի են համարում պատմամշակութային հուշարձանների նկատմամբ պետության անհասկանալի վերաբերմունքը եւ դիմում են հատկապես մշակույթի նախարարին՝ մշակութային արժեքները ոտնատակ չանելու պահանջով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել