ԴԱՏԱԽԱԶԸ ՓԱԽԱՎ
2005 թ. օգոստոսի 11-ի գիշերը տեղի ունեցած Մեսրոպ Մաքոյանի սպանության գործով Երեւանի քրեական դատարանը (Ա. Ազարյան, Ե. Դարբինյան, Մ. Մարտիրոսյան կազմով) երեկ հրապարակեց իր դատավճիռը: Ամբաստանյալ Սերոբ Տեր-Մելիքսեթյանը դատապարտվեց՝ 13, Հրաչ Սահակյանը՝ 11, Զավեն եւ Վլադիմիր Մկրտչյանները՝ 15 եւ 14 տարվա ազատազրկման:
Չնայած «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հանգուցյալ Մ. Մաքոյանի հայրը դատարանից պահանջեց՝ «ով մեղավոր է՝ թող նա պատժվի», իսկ ամբաստանյալների պաշտպաններն էլ միջնորդեցին, որպեսզի արդարացման դատավճիռ կայացվի, սակայն այդպես չեղավ: Արդյունքում ջարդվեցին սեղաններ ու աթոռներ, սրտի տագնապ ստացած դատավորների համար հրավիրվեց շտապօգնություն, իսկ դատախազ Գայանե Լյուդվիգյանը մազապուրծ փախավ դատական նիստերի դահլիճից:
«ՕԴՆՈԿԼԱՍՆԻԿԻ» ԳՈՐԾԸ
Նախորդ օրը Երեւանի քրեական դատարանում, դատավոր Վարդան Աբրահամյանի նախագահությամբ, սկսվեց «Օդնոկլասնիկ» սրճարանում անցյալ տարվա սեպտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը տեղի ունեցած ծեծկռտուքի գործով դատական անդրանիկ նիստը: Դատավորը ճշտեց կողմերի ինքնությունը: Տուժողներ Աբել Միքայելյանն ու Արթուր Սահակյանը չէին ներկայացել դատական նիստին, այդ պատճառով նիստը հետաձգվեց մինչեւ փետրվարի 19-ի ժամը 14.00-ն: Հայտնի է, որ տուժող, «Ռադիոլուրի» նախկին գլխավոր խմբագիր Արթուր Սահակյանը գտնվում է ԱՄՆ-ում:
Նիստի ժամանակ դատական կարգադրիչները դասարանի նախագահին «ավետեցին» ԶԼՄ-ների մասնակցության մասին: Իսկ դատավորը «ուրախացրեց» լրագրողներին՝ արգելելով տեսաձայնագրել, լուսանկարել դատական նիստը:
ԹՄՐԱՆՅՈՒԹԸ ՁԵՌՔԻՆ
Ըստ ՀՀ արդարադատության նախարարության ՔԿՀ մամուլի պատասխանատու Արսեն Բաբայանի, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկսվել է ծառայողական քննություն:
Տնտեսական մասի դատապարտյալ Դանիել Վարդանյանի մոտից անձնական զննության ժամանակ հայտնաբերվել է 50 մգ անհայտ հեղուկ եւ սուր հոտով 16,1 գր զանգված: Դատապարտյալը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, եւ այն իրեն է փոխանցել ՔԿՀ աշխատակից Զավեն Հարությունյանը: