Օրերս մեծ շուքով նշեցինք Հայկական բանակի 17-ամյակը, բայց ես չեմ ընդունում այդ հարցադրման ճշմարիտ լինելը
17 տարեկան է ՀՀ պաշտպանության նախարարությունը, իսկ մեր բանակը շատ ավելի տարիքով է: Տիգրան Մեծի օրոք մեր բանակը աշխարհում առաջիններից ջարդեց հռոմեական բանակին, նույն ժամանակաշրջանում մեր բանակն աշխարհում առաջինն իրագործեց «հատուկ նշանակության օպերացիա»։ Դեռեւս 2000 տարի առաջ մեր բանակն արդեն ուներ իր ռազմավարությունը, այն է՝ հեծելազորային հարձակում գլխավոր ուղղությամբ եւ օժանդակ հետեւակի պասիվ առաջխաղացում թեւերով։ Հայ-պարսկական, հայ-արաբական ճակատամարտերում մեր բանակը ցույց է տվել այդ ժամանակաշրջանի համար աննախադեպ մարտունակություն (զինվորների քանակի համեմատությամբ)։ 20-րդ դարի սկզբում մենք կրկին ձեռք բերեցինք անկախություն, եւ, դրան զուգահեռ, դաժան պատերազմների մարտադաշտերում ստեղծեցինք մարտունակ բանակ։
Անկախանալուց դեռ 3 տարի առաջ՝ 1988-ին Ռազմիկ Վասիլյանը ստեղծեց ՀԱԲ-ը (Հայ ազգային բանակ), որը 1990-ի վերջին ավելի մարտունակ էր, քան մնացյալ բոլոր ջոկատները։ ՀԱԲ-ն իր կառուցվածքով, կառավարման ձեւով եւ մարտունակությամբ բավարարում էր «բանակ» բառի համարյա բոլոր սահմանումներին: Սակայն հետո ՀԱԲ-ը ցրվեց, իսկ մոտ մեկ տարի հետո՝ 1992-ի հունվարին, այլ ջոկատների հետ մեկտեղ, նաեւ (եւ հիմնականում) ՀԱԲ-ին ենթակա ջոկատների, հանրապետությունով մեկ սփռված տարածքային ստորաբաժանումների, տարբեր շտաբների հիման վրա ստեղծվեց ՊՆ-ն, եւ ՀԱԲ-ի ու Ռազմիկ Վասիլյանի մասին բոլորը մոռացան:
Եվ, ի վերջո, հանրահայտ Երեւանի հատուկ գունդը (բանակային սպեցնազը), որն այսօրվա մեր բանակի ամենամարտունակ զորամիավորումն է, հիմնվել է դեռ 1990-ի սեպտեմբերի 20-ին, երբ քչերն էին պատկերացնում, որ գոյություն է ունենալու ՀՀ, որն ունենալու է ՊՆ:
Այսօր արդեն ոչ ոք չի հիշում, թե ինչպես էր կատարվում մեր զորքերի (ջոկատների) կառավարումը մինչեւ 1992-ը, իսկ ոմանց մոտ ընդհանրապես հեռուստացույցից տպավորվել են դեմքեր, որոնք իրականում ի հայտ են եկել 1992-ից, իսկ ոմանք էլ ընդհանրապես հրադադարի կնքումից հետո, բայց դա այլ հարց է։