Աշխատելու տարիներին հաշմանդամ դարձած մարդիկ իրենց հասանելիք անգամ 3 000 դրամ թոշակը չեն կարողանում ստանալ:
«1984 թվին ձախ ձեռքս ստանոկի տակ մնաց, հիմա անաշխատունակ է: 42 տարեկան էի, 5 տղաների մայր, որոնցից չորսն անչափահաս էին: Մի ձեռքով շատ դժվար է: Դե, մենք ոչ մեկս էլ ողորմություն չենք խնդրում, մեր հասանելիք գումարն ենք ուզում: Վատ պայմաններում ապրող մարդիկ կան, որոնց համար այդ գումարները շատ կարեւոր են»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց Վանաձորի բնակիչ Շամրիկ Մարտիրոսյանը, որը հաշմանդամ է դարձել աշխատավայրում՝ Լուսատեխնիկական գործարանում: Դեպքից հետո, Շ. Մարտիրոսյանին գործարանի ղեկավարությունը ամեն ամիս 1600, այնուհետեւ 3000 դրամ թոշակ է վճարել: Սակայն արդեն 2-րդ տարին է՝ ոչ Շ. Մարտիրոսյանը, ոչ էլ աշխատավայրում հաշմանդամ դարձած մյուս աշխատակիցները ոչ մի լումա չեն ստանում: Այդ առիթով Վանաձորի Լուսատեխնիկականի 14 աշխատակից արդեն որերորդ անգամ հավաքվում են նախկին գործարանի մոտ՝ քննարկելու բոլորին միավորող խնդիրը՝ վերջին 2 տարիների ընթացքում չվճարված խեղման թոշակի հարցը:
Նշենք, որ գործարանը զբաղվել է տարբեր տիպի լամպերի արտադրությամբ եւ աշխատել է մինչեւ 1990 թվականը: Հաշմանդամ դարձած աշխատակիցների մեծ մասը հիմա թոշակառու է, ոմանք էլ ապրում են միայնակ:
79-ամյա Սաթենիկ Մելքոնյանի ձախ ձեռքը դաստակից կտրված է. «1974 թվին էր: Ձեռքս կտրվեց ստանոկի տակ: Հույս չունեի, որ դրանից հետո կապրեմ: Շատ դժվար էր: Միձեռանի մարդն ի՞նչ կարա անի՝ եթե ուտիլ ուզի, հագնիլ, դուս գալ ուզի: Շատ ներվային վիճակ ա: Շաբաթը մինը՝ հարեւան ա, բարեկամ ա, գալիս ա յոլա տանում: Էս վիճակով իմ ապրելն ում ա պետք»:
Վիկտորյա Հովհաննիսյանն էլ 80 տարեկան է: Նա կորցրել է աջ ձեռքի 2 մատը: Հիմա մենակ է ապրում. «Վիճակս շատ ծանր ա, երանի մի կամիսիա ուղարկեն՝ գան իմ վիճակը տեսնեն: Ոչ ոքի պետք չեմ, լույսն էլ վախում եմ վառեմ: Որ շատ գրի՝ ո՞նց եմ մուծելու: Ստիպված արեւի հետ դուրս եմ գալիս պտտվում, իրիկունն էլ մթնեց՝ մտնում եմ տեղերս: 22 հազար դրամ թոշակ եմ ստանում, դրանով ի՞նչ վարձ տամ»: Ըստ տիկին Վիկտորյայի. «Հիմա հարեւանն էլ առաջվա հարեւանը չի: Հարուստը քյասիբին հաշվի կառնի՞: Չգիտեմ ո՞ւմ դիմեմ: Գնացի, ասի նպաստ տվեք, չտվեցին: Ասին՝ չի հասնում: Չգիտե՞ք, տերավորին ա հասնում: 3 օրը մեկ մի հաց եմ առնում, յոլա գնում, մնացածն էլ վարձերն եմ տալիս»:
Աշխատակիցների տեղեկացմամբ, նրանցից յուրաքանչյուրին գործարանի պարտքը կազմում է 84 000 դրամ: Շամրիկ Մարտիրոսյանի ներկայացմամբ. «2007 թվականին ամսական 3000 դրամ էր: Ասում են, որ 2008-ից դառել ա 4000 դրամ: Եթե էդպես հաշվենք, կլինի, որ ամենքիս պարտք են 36 000 գումարած 48 000 դրամ»:
«14 մարդուց 2-ն արդեն մեռել են, ի՞նչ ա, սպասում են մենք էլ մեռնե՞նք»,- մեզ հետ զրույցում ասաց Վիկտորյա Հովհաննիսյանը:
Լուսատեխնիկական գործարանն այժմ լուծարման գործընթացում է: Աշխատակիցների բողոքի առնչությամբ պարզաբանումներ ստանալու համար դիմեցինք Լուծարային հանձնաժողով, որտեղից պատասխանեցին, որ համապատասխան պարզաբանումներ կարող են տալ միայն դատական գործընթացն ավարտվելուց հետո՝ դատարանի թույլտվությամբ: Ըստ նախնական տվյալների, դատական նիստը տեղի է ունենալու փետրվարին: Իսկ թե ինչպես են մարելու հաշմանդամ աշխատակիցների պարտքերը, պարզ կլինի դատարանի վճռից հետո: Մեր տեղեկություններով, գործարանում անգամ նորմալ գույք էլ չի մնացել, որպեսզի վաճառքի հանեն եւ աշխատակիցների պարտքերը մարեն: