Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆԳՈՒՑՅԱԼՆԵՐԻՆ «ՏԻՐՈՒԹՅՈՒՆ» ԿԱՆԵՆ

Փետրվար 05,2009 00:00

«Գերեզման» ընկերությունը վստահեցնում է, որ ձեր հանգուցյալը «ապահով ձեռքերում կլինի»

Պարզվում է, ուրիշների հանգուցյալներին «խնամելը» կարող է բավականին շահութաբեր բիզնես լինել: Որոշ ընկերություններ արդեն գլխի են ընկել ու եկամուտներ են ստանում օտարների հանգուցյալների շիրիմները տիրություն անելով: Ճիշտ է, հարազատի վրա էժան չի նստի հանգուցյալին հուղարկավորելն ու գերեզմանը քիչ թե շատ նորմալ վիճակում պահելը, սակայն նմանատիպ ծառայություններ մատուցող ընկերությունները վստահեցնում են, որ ջանք ու եռանդ չեն խնայի շիրիմը մանրակրկիտ խնամված պահելու համար: Նրանք խոստանում են տարածքն ավելորդ խոտաբույսերից մաքրել, մահացածի հոգու հանգստության համար պատարագ մատուցել եւ այլն: Մի խոսքով, սրտացավորեն անել այն ամենը, ինչ հարազատը կաներ:

«Գերեզման» ընկերությունը գործում է Անգլիայում, նրան պատկանող «gerezman.com» կայքէջում արտերկրում բնակվող հայերին, որոնց հարազատների գերեզմանները գտնվում են Հայաստանում ու լքված են, մանրամասն առաջարկվում է, թե ինչպես իրենք ամբողջ հոգսն իրենց վրա կվերցնեն ու գերեզմաններին «տիրություն կանեն»:

Օրինակ, մոտ 17 եվրոյով ընկերությունը խոստանում է 1 անգամ մաքրել գերեզմանը աղբից ու ավելորդ խոտերից, լվանալ շիրմաքարը, թարմ ծաղիկներ տեղադրել, նույնիսկ եկեղեցում պատարագ մատուցել հանգուցյալի հոգու հանգստության համար: Եվ որպեսզի հարազատներն իսկապես վստահ ու հանգիստ լինեն, որ իրենց վճարած գումարները ծառայել են նպատակին, այսինքն՝ գերեզմանը խնամված է ու թարմ ծաղկեփնջեր դրված, ընկերությունը որպես ապացույց իր կատարած աշխատանքները կլուսանկարի ու կտեղադրի կայքէջում: Իսկ եթե հանգուցյալի հարազատները վճարեն 84,95 եվրո, ապա ընկերությունը վերը նշված ծառայությունը կմատուցի 6 անգամ՝ մեկ տարվա ընթացքում: Ընկերության պատասխանատուները վստահեցնում են, որ իրենց աշխատակցի միջոցով հնարավոր է ընտրել սգո ծաղիկներ եւ պսակներ՝ ցանկացած ճաշակի եւ չափսի:

Որոշակի վճարում կատարելուց հետո «gerezman.com»-ը խոստանում է նույնիսկ գերեզմանաքար, հուշարձան կամ խաչքար տեղադրել, շիրիմը ցանկապատել, ներկել եւ այլն: Գումարը կախված է նրանից, թե պատվիրատուն ինչ կընտրի: Կայքէջի պատասխանատուները վստահեցնում են, որ իրենց բարձրակարգ դիզայներներն ու մասնագետներն ամեն բան կանեն, որպեսզի տվյալ հանգուցյալի շիրիմը բարեկարգ եւ ժամանակակից տեսք ունենա՝ ցանկապատված, ծաղկամաններով, տարածքը խնամված ու կանաչապատված:

«Այսպիսով, դուք կարող եք ձեր հարազատի գերեզմանը խնամված պահել եւ դրանով երկարացնել նրա կյանքը ժառանգների հիշողությունում»,- նման բովանդակությամբ տեքստ է տեղադրված «gerezman.com»-ում:

«Առավոտը», ներկայանալով որպես պատվիրատու, ընկերությունից հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է միայնակ եւ լքված ծեր հարազատների մահվան դեպքում նրա թաղման արարողությունը պատշաճ կերպով կազմակերպել, հետո էլ հանգուցյալի շիրիմին «տիրություն անել»: Ընկերությունից մեզ վստահեցրին, որ հարցին կմոտենան սրտացավորեն՝ թաղումը կկազմակերպեն, գերեզմանի տեղ կգնեն, իսկ ահա հարազատների սրտաճմլիկ լացն ու տառապանքը չեն կարող ապահովել, սակայն դրա փոխարեն հանգուցյալի հոգու հանգստյան համար տեղը տեղին պատարագ կմատուցեն:

Իսկ թե ինչպես կարող է հաճախորդը վստահ լինել, որ 6 անգամվա համար վճարից հետո, ընկերությունն ընդամենը 1 անգամ չի կատարի բարեկարգման աշխատանքները, քանի որ պատվիրատուն Հայաստանում չի բնակվում, ուստի չի կարող հետեւել, թե քանի անգամ գերեզմանը կարգի բերվեց, «gerezman.com»-ի պատասխանատուներն ասացին. «Մենք մեր ծառայություններն ամփոփում ենք լուսանկարներով, որտեղ դուք կարող եք տեսնել, օրինակ, եղանակի կամ ծաղիկների տարբերությունները: Ցանկության դեպքում կարող ենք լուսանկարի մեջ տեղադրել նաեւ այդ օրը լույս տեսած որեւէ թերթ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել