Գյումրիի հարկային տեսչության պետին տեղափոխում են մայրաքաղաք, իսկ նոր պետ նշանակում՝ մայրաքաղաքից:
Արդեն քանի օր է՝ Գյումրին դարձել է բողոքականների քաղաք. լույսը բացվելուն պես մարզպետարանի շենքը միաժամանակ շրջափակում են տաքսու վարորդները, կենտրոնական շուկայի վաճառականները, տարադրամի փոխանակմամբ զբաղվող «բիրժեվիկները»: Երեկ նրանց միացան նաեւ Հաղթանակի պողոտայում փողոցային առեւտրով զբաղվող առեւտրականները, որոնց Գյումրիի քաղաքապետը ստիպում է տեղափոխվել փակ շուկա ու «քաղաքակիրթ» առեւտրով զբաղվել: Բանը հասել է նրան, որ Շիրակի հանրապետական փոխմարզպետ Միքայել Վարդանյանն այլեւս շունչ քաշելու ժամանակ չունի: Նա, բողոքավորների մի խմբին չճանապարհած, ստիպված է ընդունել հաջորդ խմբին, իհարկե՝ չկարողանալով նրանց հարցադրումներին հստակ պատասխան տալ: Ու չնայած բողոքավորները տարբեր ոլորտներից են, սակայն նրանց հուզող հարցը մեկն է՝ «հայի տունն ավերող հարկային «բարեփոխումները»:
Նշենք, որ այս պահին Գյումրիում խառնաշփոթ է, պարզվում է՝ պաշտոնից ազատել են Գյումրիի հարկային տեսչության պետ Խաչատուր Երոյանին: Այս մասին տեղեկացանք երեկ, երբ մի շարք բողոքների հետ կապված, ուզում էինք պարզաբանումներ ստանալ այդ պաշտոնյայից: Տեղեկացանք, որ Խաչատուր Երոյանին տեղափոխում են մայրաքաղաք՝ նույն համակարգում այլ պաշտոնի նշանակելու նպատակով: Հիշեցնենք, որ Խաչատուր Երոյանին ՀՀ հարկային ծառայության մեթոդոլոգիայի բաժնից Գյումրի էին ուղարկել մի քանի ամիս առաջ, երբ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության հետ կոնֆլիկտի արդյունքում պաշտոնազուրկ արեցին մարզի ամենահայտնի հարկահավաքներից մեկին՝ Մարտին Զիլֆիմյանին: Այս պաշտոնյան գյումրեցիների հիշողության մեջ մտավ որպես «ԳԱԼԱ»-ի վնասատու», անկախ հեռուստաընկերությանը հալածող անձ, որն ամեն կերպ փորձում էր հեռուստաալիքի ձեռքից խլել իր վերադասի կողմից «ԳԱԼԱ»-ի գլխին սարքած 26 միլիոն 899 հազար 955 դրամի պարտքը: Նկատենք, որ, ի տարբերություն Զիլֆիմյանի, պարոն Երոյանն այս կարճ ժամանակահատվածում աչքի ընկավ իր բաց, հրապարակային գործելաոճով, տեղական հեռուստաալիքների հետ շփվելու բարձր մակարդակով: Ասել, թե գյումրեցի գործարարները կտխրեն Երոյանի համար, դեռ վաղ է, քանի որ գաղափար չունեն, թե ով է նորանշանակը: Գործարարներից մի քանիսն, «Առավոտի» հետ զրույցում Խաչատուր Երոյանին որակելով որպես «իր գործի լավ մասնագետ», ողջունեցին հարկային դաշտում պետերի ժամանակ առ ժամանակ կատարվող տեղափոխությունները: «Կարեւոր է, որ պաշտոնյան արմատներ չքցի, եթե Աստված մի արասցե՝ արմատներ գցեց, ապա արմատախիլ անելը շատ դժվար է»,- մեզ հետ զրույցում ասաց հարկայինի հետ ամենօրյա շփման մեջ գտնվող հաշվապահներից մեկը: Իսկ թե ո՞վ է հաջորդ պետը, հարկայինի կոլեկտիվին ամենայն հավանականությամբ կներկայացնեն այսօր. այսուհետեւ Խաչատուր Երոյանի աթոռը կզբաղեցնի Նորք-Մարաշ համայնքի հարկային տեսչության նախկին պետ Ռաֆիկ Մաշազյանը, հետաքրքիրն այն է, որ վերջինս Գյումրի է տեղափոխվում իր տեղակալի հետ: Իսկ թե ինչո՞ւ հարկայինի պետ նշանակում են դրսից, եւ մի՞թե գործազուրկ Գյումրիում մասնագետներ չկան, մեր հարցին ի պատասխան՝ գործարարները կատակում են, թե պատճառը պաշտոնի եկամտաբեր լինելն է, այդպիսի պատասխանատու պաշտոնների համար Շիրակի մարզում միշտ մայրաքաղաքից են «դեսանտներ» իջեցնում: Ի դեպ, պաշտոնաթող են արել նաեւ Արթիկի ու Մարալիկի հարկային տեսչության պետ Նահապետ Նահապետյանին, որի փոխարեն կնշանակեն Շահումյանի շրջանի հարկայինի պետին: