Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՆՐ ԱՌԵՎՏՐԱԿԱՆՆԵՐԻՆ ԴՈ՞ՒՐՍ ԿՎՌՆԴԵՆ

Փետրվար 05,2009 00:00

\"\"Տոնավաճառների տերերը չեն ցանկանում աշխատել քիչ եկամուտ ունեցող առեւտրականների հետ, քանի որ այսուհետեւ տեղի վարձը պետք է գանձվի նրանց աշխատած գումարին համապատասխան:

Այս օրերին որոշ տոնավաճառներում սեփականատերերը առեւտրականների զբաղեցրած տաղավարներն են չափում-ձեւում եւ «աչքները չորս արած» վերահսկում, թե վերջիններս ինչքան ապրանք են վաճառում, որպեսզի որոշեն՝ տոնավաճառում նրանց տեղ տալն իրենց համար որքանով է ձեռնտու: Մեր տեղեկություններով, այսպես են վարվում մասնավորապես «Ռաֆայել Տաթեւ» ՍՊԸ-ին պատկանող «Մալաթիա» տոնավաճառում: Համեմատաբար քիչ գումար վաստակողներին այս տոնավաճառներում սկսել են նեղել: Բանն այն է, որ այսուհետեւ առեւտրի կենտրոններում, տոնավաճառներում եւ այլ վաճառքի կետերում առեւտրականները 1 ամսվա համար պետք է տեղի վարձ վճարեն իրացված ապրանքների շրջանառության 1,5%-ը: Ու քանի որ էժան եւ քիչ քանակությամբ ապրանքներ վաճառողներն ամսական ընդամենը մի քանի հազար դրամի եկամուտ են ունենում, տոնավաճառների տերերը նրանց հետ չեն ցանկանում գործ ունենալ:

Նշենք, որ այս նորարարությունը սահմանվել է «Առեւտրի եւ սպասարկումների մասին» օրենքում կատարված փոփոխություններով:

Մինչեւ հիմա առեւտրի կենտրոններում եւ տոնավաճառներում աշխատող մարդիկ վճարում էին այնքան գումար, որքան պահանջում էին հաստատությունների սեփականատերերը: Նայած տոնավաճառի տիրոջ «ախորժակին», տարբեր տոնավաճառների առեւտրականներ մեկ ամսվա համար $500-ից մինչեւ անգամ $1000 տեղի վարձ են վճարում: Սակայն, նկատի ունենալով այն, որ տերերն արդեն չեն կարող առեւտրականներից պահանջել իրենց սրտի ուզած գումարը, որոշել են իրենց տարածքները հատկացնել նրանց, ովքեր զբաղվում են մեծածավալ առեւտրով եւ շատ եկամուտներ են ստանում:

Պետության կողմից օրենսդրական այս փոփոխությունը թերեւս խորամանկ քայլ է, որպեսզի տոնավաճառների տերերը շահագրգռված լինեն վերահսկելու իրենց մոտ աշխատողների շրջանառությունը եւ նրանց ստիպեն, որ թեկուզ 100 դրամ արժողությամբ ապրանքի վաճառքի ժամանակ անպայման հաշվիչ դրամարկղային կտրոններ տրամադրեն, քանի որ այլ կերպ պարզապես հնարավոր չէ հաշվարկել, թե տաղավարներում աշխատողներն օրվա մեջ որքան գումար են աշխատում: Նշենք նաեւ, որ որոշ տոնավաճառների տերեր հայտարարել էին, որ ՀԴՄ-ների տեղադրումից հետո իրենք ստիպված պետք է բարձրացնեն տեղի վարձը, որովհետեւ հարկայինում գրանցելու են իրենց բոլոր աշխատակիցներին ու, բնականաբար, ավելանալու են իրենց հարկային մուծումները: Սակայն վերոնշյալ օրենքը կանխել է նաեւ նրանց այս մտադրությունը: Բնական է, որ օրենքը տոնավաճառների տասնյակ տերերի դժգոհության առիթ կտա, քանի որ, բացի այն, որ կպակասեն իրենց ամսական կայուն եկամուտները, դեռ մի բան էլ պետք է հատուկ աշխատակիցներ վարձեն, որպեզի վերջիններս վերահսկեն, թե ով ինչքան առեւտուր է անում: Սակայն նրանցից ոմանք դեռ հույս ունեն, որ օրենքը փոփոխությունների կենթարկվի: «Առավոտի» հետ զրույցում «Հրազդան» տոնավաճառի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանն ասաց. «Մենք մտածում ենք, որ դա երեւի թե տոնավաճառներին չի վերաբերի, այլ՝ կրպակներին եւ նման առեւտրային գործունեություն վարողներին: Այդ հարցը պետք է նորից քննարկման առարկա դարձնել»:

Մեր այն հարցին, իսկ նման ձեւով աշխատելն իրենց ձեռնտո՞ւ կլինի, պարոն Աղաբաբյանը պատասխանեց. «Ո՞նց կարող է ձեռնտու լինել: Մենք 1 քառակուսի մետրի համար վճարում ենք 5500 դրամ, եթե այդպես լինի՝ մենք չենք կարողանա անգամ մեր հաստատագրված վճարը տալ: Այդտեղ նաեւ անհամապատասխանություն է առաջանում: Ո՞նց կարող ենք մի 10 քմ-ի համար գանձել այլ գումար, մյուսի համար՝ այլ: Մեզ մոտ վարձավճարները կախված են մեր ծախսերից, վարկավորումներից, հարկերից: Այս ամենից ելնելով ենք մենք վարձավճարի չափ որոշել»:

«Հայաստան» առեւտրի կենտրոնի տնօրեն Հայկազ Հովհաննիսյանն էլ մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ դա իրենց չի վերաբերում. «Այդ 1,5%-ը մեզ չի վերաբերում, մենք առեւտրի կենտրոն ենք եւ այդ դրույքաչափը մեզ վրա չի տարածվում: Այդ պատասխանատվությունը դնել տոնավաճառի կազմակերպիչների վրա, կարծում եմ, ճիշտ է, բայց համապատասխան լծակներ չեն տվել, որպեսզի նրանք կարողանան իսկապես այդ հսկողությունն իրականացնել: Մեզ վրա միայն մի խնդիր է դրված՝ առեւտրի բոլոր կետերում պետք է ՀԴՄ դրված լինի, եթե չկա, դրա համար ես եմ պատասխանատվություն կրում՝ տուգանքներով»:

Մենք փորձեցինք պարզաբանումներ ստանալ նաեւ «Մալաթիա» տոնավաճառի տնօրինությունից, որտեղից ասացին, որ մեր հարցերին պատասխանելու իրավունք ունեցող անձը քաղաքում չէ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել