Լրահոս
Օրվա լրահոսը

Այս մի սպանությունը կբացահայտվի՞

Փետրվար 05,2009 00:00

\"\"Այս հարցադրումը միայն թերահավատության է արժանի

Փետրվարի 3-ին, 20:15-ի սահմաններում, իր տան մուտքի մոտ սպանվել էր ՀՀ ոստիկանապետի տեղակալ, գնդապետ Գեւորգ Մհերյանը: Այդ սպանությունը երեկ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը որակել է որպես «չարաբաստիկ» ու հայտարարել, թե իրավապահներն աշխատում են հանցագործության բացահայտման ուղղությամբ:

ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ Գ. Մհերյանը ստացել է կյանքի հետ անհամատեղելի 4 հրազենային մարմնական վնասվածք. 1-ը՝ կրծքավանդակի, 3-ը՝ գլխի շրջանում: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 9 մմ տրամաչափի 8 պարկուճ եւ 4 գնդակ: Սպանության փաստի առնչությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում հարուցվել է քրգործ՝ ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի՝ «Սպանությունը՝ անձի կամ նրա մերձավորի՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ», եւ 235-րդ հոդվածի առաջին մասի՝ «Ապօրինի կերպով հրազեն» պահելու հատկանիշներով: Ստեղծված օպերատիվ-քննչական խմբում ներգրավված են ոչ միայն ՀՔԾ-ի, այլեւ ՀՀ ոստիկանության եւ Ազգային անվտանգության աշխատակիցները: Քննչական խումբը ղեկավարում է Հեկտոր Սարդարյանը, որը վարել է նաեւ Տիգրան Նաղդալյանի սպանության գործը: Հ. Սարդարյանը երեկ «Ազատություն» ռ/կ-ի հարցին ի պատասխան ասել է, որ իրենք սպասում են դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը, որը ստանալուց հետո ավելի ստույգ կարող են ասել՝ արդյոք փոխոստիկանապետի ճակատին արձակած կրակոցները ստուգողակա՞ն են եղել: Սրանից, թերեւս, պարզ կլինի՝ արդյոք սպանությունը պատվիրված եւ իրականացված է եղել, օրինակ, վարձու մարդասպանի՞ կողմից, թեեւ քննչական խմբի ղեկավարը կարծիք է հայտնել, թե հավանաբար մարդասպանը պրոֆեսիոնալ չի եղել, որովհետեւ նրա արձակած ոչ բոլոր կրակոցներն են նշանակետին հասել: Հ. Սարդարյանի փոխանցմամբ, հայտնի է, որ սպանության գործիք հրազենը եղել է առանց խլացուցիչի:

Ու մինչ իրավապահները ձեռնարկում են «օպերատիվ-հետախուզական եւ քննչական անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործություն կատարած անձի ինքնությունը ճշտելու եւ նրան հայտնաբերելու համար», հասարակության շրջանում շրջանառվում են կատարված ոճրագործության հնարավոր վարկածներ: Սկսենք հենց Հ. Սարդարյանի վկայակոչած առայժմ նախնական, բայցեւ պաշտոնական այն վարկածից, թե՝ սպանությունը, ենթադրաբար, կապված է փոխոստիկանապետի մասնագիտական գործունեության հետ: Հիշեցնենք, որ նա, արդեն 7 ամիս լինելով ՀՀ փոխոստիկանապետ, ի պաշտոնե վերահսկում էր անձնագրային եւ վիզաների ու իրավական ապահովման վարչությունների գործունեությունը: «Առավոտի» աղբյուրների ասելով՝ Գ. Մհերյանն այդ պաշտոնում նշանակվելուց հետո ստուգումներ է իրականացրել, այսպես կոչված՝ ՕՎԻՐ-ում եւ ինչ-ինչ մեքենայություններ ու չարաշահումներ է բացահայտել, որոնք տեղի են ունեցել վարչության նախկին պետ Ալվինա Զաքարյանի պաշտոնավարության օրոք: Ըստ այդմ, չի բացառվում, որ նրա ի հայտ բերած «ավարը» դառնալու էր այդ փաստերի առիթով քրգործ հարուցելու հիմք:

Վարկածներից մյուսը զուտ անձնական է, որը փորփրելն այսօր նպատակահարմար չէ: Մեկ այլ վարկածով, Գ. Մհերյանը, ժամանակին լինելով ՀՀ նախագահի իրավական խորհրդատու եւ վերջին շրջանում՝ ՀՀ փոխոստիկանապետ, շատերի համար է «հարցեր լուծել»: Ենթադրվում է, որ նա նաեւ սեփական նյութական շահագրգռվածությամբ պայմանավորված փորձել է ոմանց ինչ-ինչ ծառայություն մատուցել, բայց չի արել դա եւ կոպիտ ասած՝ «քցել» է «պատվիրատուին», որն էլ նրանից այդկերպ վրեժ է լուծել:

Թե այս վարկածներից ո՞րն է համապատասխանում իրականությանը, եւ թե գործի քննությունը ի՞նչ բացահայտման կհանգի՝ դժվար է ասել, նկատի ունենալով մինչ այս տեղի ունեցած պետական բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ՀՀ հարկային ծառայության օպերատիվ-հետախուզության վարչության նախկին պետ Շահեն Հովասափյանի չբացահայտված սպանությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել