Տիգրան Կյուրեղյանի կարծիքով՝ Հայաստանը դարձել է հայ արտահանող երկիր
«ՀՀ սահմանադրությամբ ամրագրված չէ շատ կարեւոր մի բան՝ յուրաքանչյուր հայ ունի ՀՀ քաղաքացիության իրավունք: Դա նույնքան բնական եւ անօտարելի իրավունք է, ինչքան մարդու ցանկացած այլ իրավունքը»,- կարծում է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Տիգրան Կյուրեղյանը: Մեր Սահմանադրությամբ նախագահն իրավունք ունի շնորհել կամ մերժել քաղաքացիություն հայցողների դիմումները: Մեր զրուցակցի կարծիքով՝ եթե նշյալ իրավունքն ամրագրված լիներ Սահմանադրությամբ, ապա նախագահը եւ պետական այլ մարմիններն ընդամենը կոչված կլինեին ապահովելու դրա իրականացումը, այլ ոչ թե որոշելու՝ «որեւէ հայ ունի՞ քաղաքացիություն ստանալու իրավունք, թե՞ ոչ»: «Նորմալ, ազգային իշխանություն ունենալու դեպքում, կարծում եմ, ի վերջո դա կլինի, եւ ցանկացած հայ, իր առաջին իսկ դիմումի դեպքում, մեխանիկորեն կստանա ՀՀ քաղաքացիություն, քանի որ յուրաքանչյուր հայ այդ իրավունքը ստանում է իր ծնվելու պահից: Սա լուրջ խնդիր է, քանի որ մեր քաղաքական լեքսիկոնում հայտնվել են բառեր՝ հայաստանցի, ղարաբաղցի եւ այլն, որոնք արդեն ցույց են տալիս մեր ազգի պառակտվածությունը: Բայց Հայաստանը հայերի հայրենիքն է, ոչ միայն հայաստանցիների: Ունենալով երկու անգամ ավելի մեծ սփյուռք, քան Հայաստանում ապրողներն են, մենք չենք կարող մեզ այդպիսի ճոխություն թույլ տալ եւ Սահմանադրության մեջ նման մերժողական հոդված դնել: Մինչ դա Սահմանադրությամբ ամրագրելը, կարծում եմ՝ ՀՀ նախագահը պարտավոր է իրեն այդ սկզբունքին համաձայն պահել»,- ասաց նա: Այս համատեքստում, «Առավոտի» խնդրանքով անդրադառնալով նորաստեղծ՝ «Ժիրայր Սեֆիլյանի ՀՀ քաղաքացիության իրավունքի պաշտպանության կոմիտեի» առաքելությանը, մեր զրուցակիցն ասում է, որ Ժիրայր Սեֆիլյանի դեպքն ընդամենը օրինակ պետք է լինի, իսկ նման կոմիտեների առաքելությունը պետք է լինի ՀՀ քաղաքացիություն հայցող բոլոր հայերի իրավունքների պաշտպանությունը:
«Առավոտի» դիտարկմանը, որ թերեւս հենց նշյալ խնդիրները լուծելու մղումով Հայաստանի օրենսդիրը ՀՀ քաղաքացիության մասին օրենքում ընդունեց երկքաղաքացիության դրույթը, իսկ գործադիրը փորձում է սփյուռքի նախարարության միջոցով հաջողություններ գրանցել, Տիգրան Կյուրեղյանն այսպես արձագանքեց. «Նախարարություն ստեղծելուց առաջ պետք էր ամրագրել այդ իրավունքը, որպեսզի աշխարհի բոլոր անկյուններում ապրող հայերը Հայաստանը դիտեին որպես հայրենիք՝ ամենաապահով վայրը, որտեղ իրենք պարտավորված չեն կողքիններին ինչ-որ բան ապացուցելու: Հայը պետք է ապրի հայերի մեջ: Այլ միջավայրերում հայը ձեռք է բերում հատկություններ, որոնք գուցե այդքան էլ հաջող չեն»: Իսկ արդյոք աշխարհասփյուռ հայերը ցանկանո՞ւմ են Հայաստանն ընդունել իբրեւ հայրենիք: «Ամեն ինչ փոխադարձ է: Շատերը չեն դիմի, բայց ով որ կդիմի՝ չպետք է մերժում ստանա: ՀՀ իշխանությունների եւ հասարակության խնդիրն է մեր հայրենակիցների նկատմամբ հանդուրժողականություն դրսեւորել: Ինչեւէ, ինտեգրման գործընթացը լավից-վատից ընթանում է. պետք չէ այն կանգնեցնել, այլ՝ խթանել: Կարծում եմ, այդպիսով նաեւ համամարդկային առումով լավ գործ արած կլինենք: Հայկական ինտեգրացիան ձեռնտու է եւ կարեւոր՝ նաեւ մարդկության համար: Մենք՝ հայերս, ապրելով տարբեր քաղաքակրթությունների, կրոնական, մշակութային միջավայրերում, հավաքվելով իրար գլխի, կինտեգրենք նաեւ աշխարհը: Ինչու չէ, դրանով իսկ կարող ենք նաեւ մասնակցել աշխարհի կառավարմանը՝ եթե կարողանանք ներհայկական միասնությունը պահել, որը դժվար չէ, ուղղակի կամք է պետք»,- ասում է Տիգրան Կյուրեղյանը: Մեր զրուցակիցը լուծելի է համարում նաեւ ներկայիս ներհայկական խնդիրները՝ եթե կամքը դրսեւորվի թե՛ իշխանությունների, թե՛ հասարակության կողմից. «Իշխանությունների կողմից այսօր Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների քաղաքացիության դիմումների մերժումը բոլորովին չի նպաստում համերաշխության մթնոլորտի ձեւավորմանը: «Միացում» բառը, որը ետին պլան է մղվել, նորից պետք է առաջ գա եւ կիրառվի գործնականում՝ նաեւ նման կարգի հարցերում: Այլապես, մենք դառնում ենք հայ արտահանող երկիր: Խեղդելով մանր ու միջին բիզնեսը, հարուստների, օլիգարխների մի խավի առաջ գցելով՝ դատարկում ենք Հայաստանը: Հեռու չի այս իշխանություններից՝ կարող է սկսեն էժան, ոչ հայկական աշխատուժ ներմուծել: Որոշ գործարանատերերից լսել եմ նման մտքեր, որ Չինաստանում 500 միլիոն մարդ աղքատության շեմից անդին է եւ հաճույքով կաշխատեն ամսական $50-ով: Նման մարդկանց պետք է հասարակական պարսավանքի ենթարկել եւ օրենսդրորեն բացառել նման երեւույթները: Ես դեմ եմ որեւէ էթնոսի ներկայացուցիչներին Հայաստանում նման դեր տալուն»: