Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագիծը վերամշակման կարիք ունի

Փետրվար 05,2009 00:00

Ասում է «Ֆորում» իրավունքի կենտրոնի ղեկավարը՝ նկատի ունենալով ԱԺ-ում քննարկվող Քրդատօր.-ի փոփոխված օրինագիծը:

Երեկ ՀՀ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է կառավարության առաջարկած օրինագիծը «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»: Ընդդիմությունն այս նախաձեռնությունը որակում է որպես «Յոթի գործով» մեղադրվողների համար գրված օրենք: Փոփոխություններից մեկով նախատեսվում է, որ «ամբաստանյալի կողմից դատական նիստի բնականոն ընթացքին խոչընդոտելու կամ նախագահող դատավորի կարգադրությունները» դատավորի զգուշացումից հետո կրկին չկատարելու դեպքում ամբաստանյալը կարող է հեռացվել նիստերի դահլիճից, որից հետո գործի քննությունը կարող է շարունակվել ամբաստանյալի  բացակայությամբ, «սակայն դատավճիռը  հրապարակվում է ամբաստանյալի ներկայությամբ»: Իսկ դատարանի նկատմամբ ամբաստանյալի կողմից անհարգալից վերաբերմունք դրսեւորելու դեպքում դատարանը կարող է նրան նիստերի դահլիճից հեռացնել առանց նախազգուշացման, «եւ գործի քննությունը շարունակվում է ամբաստանյալի բացակայությամբ, սակայն դատավճիռը հրապարակվում է ամբաստանյալի ներկայությամբ կամ հրապարակումից հետո անհապաղ հանձնվում է նրան»:

«Ֆորում» իրավունքի կենտրոնի ղեկավար Տիգրան Տեր-Եսայանի դիտարկմամբ, օրենքի այս փոփոխությամբ խախտվում է դատավարության կողմերի հավասարության սկզբունքը: «Եթե նման նորմ է մտցվում, ապա դա պետք է լինի դատավարության բոլոր կողմերի համար, հավասարապես պետք է վերաբերի ոչ միայն ամբաստանյալին, այլեւ ամբաստանողին՝ մեղադրող կողմին, քանի որ մեղադրողը եւս կարող է անհարգալից վերաբերմունք դրսեւորել դատարանի նկատմամբ»,- նկատեց Տ. Տեր-Եսայանը:

Նրա ասելով՝ այդ փոփոխությամբ դատարանին տրվում է բավականին մեծ լիազորություն. «Դատարանը ամբաստանյալին դատարանից հեռացնելու եւ առանց նրա դատաքննություն անելու նորմը կիրառելով՝ կարող է շատ սուբյեկտիվ մեկնաբանություններ ներկայացնել»: Տ. Տեր-Եսայանը նկատեց, որ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքն ու դատական նիստի ընթացքին խոչընդոտելը տարբեր բաներ են. «Օրինագծի հեղինակները թող նախ բացեն, թե ի՞նչ է նշանակում անհարգալից վերաբերմունք եւ դատական նիստերի խոչընդոտում, եւ թող տարանջատեն այդ հասկացությունները: Եթե մեղադրողը դատարանի դահլիճում դատավորին ասում է՝ «ղամազ, էս ի՞նչ ես անում», դա անհարգալի՞ց վերաբերմունք է դատարանի նկատմամբ, թե՞ դատական նիստի խոչընդոտում: Մենք նախադեպեր ունենք, երբ դատարանի դահլիճում մեղադրողը դատավորին հենց «ղամազ» էլ ասել է կամ որեւէ այլ ռեպլիկ է արել: Ռեպլիկ անելը հո չի՞ նշանակում, որ ամբաստանողը կամ ամբաստանյալը ուզում է ձգձգել դատական նիստը»:

Տեր-Եսայանն անդրադարձավ փոփոխության մեկ այլ կողմի, որը նրա ձեւակերպմամբ՝ «իրավունքի կոպտագույն խախտում է»: Խոսքն առանց ամբաստանյալի անցկացվող դատաքննության, իբր, օբյեկտիվությունը պահելու համար պարտադրանքով պաշտպանական կողմ ապահովելու մասին է: Ըստ նրա՝ «ոչ ոք իրավասու չէ ամբաստանվողին փաստաբան պարտադրել: Երբեւէ պարտադրանքի ձեւով պաշտպանություն չի կատարվում՝ դա միջազգային նորմ է: Այս փոփոխությունը ՀՀ արդարադատության համակարգին նոր խնդիրներ է առաջադրելու»: Տ. Տեր-Եսայանի համոզմամբ՝ «նման լայն լիազորություններ տալ դատարաններին՝ զարհուրելի է, դա կբերի համակարգում լուրջ թերացումների: Օրենք վերամշակելուց մենք պետք է հաշվի առնենք ոչ միայն «Յոթի գործը», այլեւ ընդհանուր իրավիճակը, ու նկատի ունենանք նաեւ ապագայում քննության առնվելիք այլ գործերը եւս»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել