Լրահոս
Օրվա լրահոսը

ՇՏԿԵԼ՝ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

Փետրվար 05,2009 00:00

\"\"ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը վստահ է, որ իրավիճակը փոխելու նպատակով իշխանությունները հենց դա էլ անելու են:

Մինչ կկայանար ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը եւ պարզ կդառնար՝ զրկվելո՞ւ է մեր երկրի պատվիրակությունը ձայնից, թե՞ ոչ, ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը «Առավոտի» հետ զրույցում վստահություն էր հայտնել, որ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունը ձայնից չի զրկվի: Երեկ փորձեցինք պարզել, թե ինչո՞ւ էր պարոն Ադոնցն այդքան վստահ, եւ հիմա, երբ 1609 եւ 1620 բանաձեւերին ավելացել է եւս մեկը՝ 1643-ը, ինչպե՞ս են հայրենի իշխանությունները կարողանալու գլուխ հանել այդ անթիվ պահանջներից եւ ինչպե՞ս են հասցնելու ապրիլին եվրոպական այս կառույցին հայտնելու, որ ամեն ինչ ok է: Պարոն Ադոնցն ասաց, որ ինքը լավատես է եւ շարունակում է վստահ լինել, որ իշխանությունները կկարողանան դրսեւորել քաղաքական կամք եւ կատարել բոլոր պահանջները. «Արդեն ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ, որի անդամներն ենք նաեւ ես, Արմեն Ռուստամյանը եւ Արծրունի Աղաջանյանը: Այս աշխատանքային խմբի գործունեությունն արդեն իսկ ԵԽ-ի ուշադրության կենտրոնում է: Խումբն արդեն աշխատում է, եւ ըստ աշխատանքային գրաֆիկի, որը ներկայացվել է ԱԺ նախագահին եւ ԵԽ-ին, փետրվարի 20-ի մոտ մենք պետք է ներկայացնենք մեր առաջարկությունների առաջին նախագիծը՝ Քրեական օրենսգրքի 300 եւ 225 հոդվածների փոփոխությունների հետ կապված»: ԵԽԽՎ-ի նիստից վերադառնալուց անմիջապես հետո Դավիթ Հարությունյանը եւ Ավետ Ադոնցը մեկնեցին Վրաստան եւ այնտեղ հանդիպեցին Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ: Պարոն Ադոնցի ներկայացմամբ՝ փորձագետների հետ քննարկվել են 300 եւ 225 հոդվածների փոփոխություններին վերաբերող հարցեր. «Քննարկել ենք, թե ինչպես ենք պատկերացնում այդ հոդվածների փոփոխությունները»: Մեր հարցին՝ մի՞թե արդեն կար փորձագետներին ներկայացնելու կոնկրետ փաստաթուղթ, Ավետ Ադոնցը պատասխանեց. «Կոնկրետ ներկայացնելու բան կունենանք երեւի 7-10 օրից, եւ հիմա ասել, թե ինչպես ենք պատկերացնում այդ փոփոխությունները, չեմ կարող, որովհետեւ դեռ մի քանի օր էլ պետք է, որպեսզի ձեւավորվի այդ փոփոխությունների կոնցեպցիան, եւս մի քանի օր էլ՝ որ դրանք մշակվեն»:

Նա ասաց նաեւ, որ մարտի վերջին իրենք կզեկուցեն կատարված աշխատանքների մասին. «Վստահ եմ, որ մեր տեղեկատվությունը հանձնաժողովում կլինի բավական էական, գործնականում կվերահաստատվի ՀՀ իշխանությունների կամքը՝ իրավիճակը շտկելու ԵԽ-ի եւ ժողովրդավարության սկզբունքների շրջանակներում: Հարցնում եք, թե 1643 բանաձեւն ինչպե՞ս կանդրադառնա ՀՀ-ում ժողովրդավարության մակարդակին: Ասեմ, որ որեւէ բանաձեւ որեւէ երկրի ժողովրդավարության մակարդակի վրա անդրադարձ չի կարող ունենալ, եթե չլինի այս կամ այն երկրի իշխանությունների քաղաքական կամքը: Նորից եմ հավաստում, որ այդ կամքն առկա է, եւ այդ կամքին հավատում են նաեւ Եվրոպայի խորհրդում»:

«Առավոտը» գրել էր, որ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի այն նիստին, որի ընթացքում քվեարկվում էր 2009-ի ապրիլյան նստաշրջանում Ռուսաստանի եւ Վրաստանի պատվիրակությունների քվեարկության իրավունքը կասեցնելու առաջարկը՝ հայկական պատվիրակությունից ոչ ոք դահլիճում չի եղել, եւ սա այն դեպքում, երբ ռուսական պատվիրակները բավականին ակտիվ էին մեր երկրի հարցի քննարկման ժամանակ: Հարցրինք, թե ինչո՞ւ են այդ օրը այդ ժամին հայաստանյան պատվիրակները լքել ԵԽԽՎ դահլիճը: Ի պատասխան՝ Ավետ Ադոնցն ասաց. «Պատվիրակությունը դահլիճում էր, իսկ ներկայացուցչությունում ԵԽԽՎ-ում մեր առաքելության ղեկավարը ժամը 19.30-ին կազմակերպել էր ընդունելություն Հայաստանից եկած լրագրողների համար, եւ երեկոյան մենք եւս ներկա եղանք այդ ընդունելությանը, ներկա էին նաեւ լրագրողները (բոլորը չէ, բայց ներկա էին): Իսկ ցերեկը եւ դահլիճում էինք, եւ դահլիճում չէինք: Պարզապես պետք է ծանոթ լինել ԵԽԽՎ աշխատանքների տեխնիկային: Եթե լրագրողը կամ որեւէ մարդ ծանոթ է այդ տեխնիկային, ապա որեւէ մեղադրանք՝ դահլիճում լինել-չլինելու հետ կապված, պարզապես չի կարող լինել: Այն շահարկումը, թե ՀՀ պատվիրակության որոշ անդամներ ներսում էին եւ որոշները՝ ոչ, գալիս է նրանից, որ մարդիկ պարզապես ծանոթ չեն այդ կառույցի աշխատանքների տեխնիկային»: «Առավոտի» կողմից ճշտենք, որ ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունում կազմակերպված այդ ընդունելությունը հունվարի 28-ին սկսվել է ոչ թե 19.30-ին, այլ 18.30-ին: Եվ այն, որ ինչպես եւ գրել էր մեր թերթը՝ այդ ընդունելությանը մասնակցելու պատճառով ԵԽԽՎ-ում հայ պատվիրակները չեն մասնակցել ո՛չ բանաձեւում արված վերոհիշյալ՝ 54-րդ առաջարկի, ո՛չ «Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ պատերազմի վերաբերյալ 1633 բանաձեւի կատարման շուրջ» բանաձեւի ընդհանուր քվեարկությանը՝ կարող են բոլորը համոզվել, ծանոթանալով ԵԽԽՎ պաշտոնական կայքէջում այդ քվեարկության արդյունքների վերաբերյալ տվյալներին՝ https://assembly.coe.int /ASP/Votes/DBVotesResults_EN.asp?VoteID=1171&DocID=12609&SessionID=320:

Ավետ Ադոնցին հարցրինք նաեւ իր հետագա ճակատագրի մասին: Ըստ լուրերի՝ նրան առաջիկայում նշանակելու են Բելգիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան: Այդ դեպքում ո՞ւմ է տրվելու հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Մեր զրուցակիցն ասաց, որ իր դիվանագիտական աշխատանքի անցնելու մասին խոսակցությունները շատ են. «Իսկապես շատ են, կարծեմ թե, այդքան արժանի չեմ, որպեսզի այդ վարկածն այդպես ակտիվ քննարկվեր՝ մեկ տարի առաջ, ըստ նույն վարկածների, ինձ «նշանակում էին» ԱԺ փոխնախագահ, հետո անցավ եւս ութ ամիս՝ ինձ «նշանակեցին» սփյուռքի նախարար, հիմա ինձ «նշանակում են» դեսպան: Եկեք այսպես պայմանավորվենք. եթե նշանակումը լինում է, թող լինի, հետո մենք դրա մասին կխոսենք, կխոսենք նաեւ ինձ փոխարինողի կամ չփոխարինողի մասին: Հիմա միայն մեկ բան կարող եմ ասել՝ որ այդ պաշտոնին նշանակողի հետ, իսկ այդ պաշտոնին նշանակում է հանրապետության նախագահը, որեւէ քննարկում կամ որեւէ խոսակցություն այդ թեմայով չենք ունեցել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել