Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՀԵՏԱՁԳԵՑԻՆ

Փետրվար 05,2009 00:00

\"\"Հեռարձակման օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու հարցը կքննարկվի հաջորդ քառօրյայում: Սակայն արդյոք մինչ այդ սույն փաթեթը կվերանայվի՞՝ համապատասխանեցնելով ԵԽԽՎ պահանջներին:

Նախօրեին Երեւանի մամուլի ակումբը, «Ինտերնյուսը», Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն եւ Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը հայտարարությամբ անդրադարձել էին ԱԺ նստաշրջանի քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկված հեռարձակման օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու փաթեթին՝ մասնավորապես նշելով. «Հաշվի առնելով նստաշրջանի քննարկմանը դրված փաստաթղթերի որակը, դրանց վրա մեր հետագա լուրջ աշխատանքը կնշանակեր անհարգալից վերաբերմունք սեփական պրոֆեսիոնալ արժանապատվության նկատմամբ»: Եվ այնուամենայնիվ՝ մատնացույց էին արել մի քանի սխալներ, հասկացությունների կոպիտ խեղաթյուրման օրինակներ. «Տեղական փորձագետները եւ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի ընդունումից (2000 թ.) հետո՝ առաջին իսկ օրերից, բարձրաձայնում են Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդում օրենսդրորեն հասարակական-քաղաքական բազմազանություն ապահովելու անհրաժեշտության մասին: Սրա փոխարեն, օրինագծի հեղինակներն առաջարկում են մասնագիտական բազմազանություն (լրագրության մասնագետ, հեռուuտառադիոհեռարձակման կամ հեռահաղորդակցության ինժեներ-կառավարիչ, գործարարության կամ ֆինանսների կառավարիչ եւ այլն): Երկրորդ՝ չմշակելով Խորհրդի, ինչպես նաեւ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անկախության որեւէ իրական երաշխիք, ինչի անհրաժեշտության մասին նույնպես մշտապես խոսվում է, հեղինակները հորինել են այդ մարմինների անդամների երդման տեքստ: Քաղաքացիական հասարակության ձեւավորմանը նպաստելուն, տեղեկատվության ազատությանը եւ այլ բարձր սկզբունքներին հավատարմության երդում տալու պահանջը՝ առանց անկախությանը, բազմակարծությանը եւ հասարակությանը հաշվետու լինելուն նպաստող հուսալի մեխանիզմների, միայն ավելացնում է երեսպաշտությունը, ինչն առանց այդ էլ մեր հանրային կյանքի մեծագույն հիմնախնդիրներից է»: Ըստ հայտարարության հեղինակների՝ փաթեթում նաեւ շրջանցել են ԵԽԽՎ բանաձեւերի այն պահանջները, որոնք վերաբերում են այս ոլորտին. «Հեռարձակման օրենսդրության շուրջ կատարվող ամեն ինչ, ցավոք, խոսում է այն մասին, որ ԱԺ պատգամավորները ոչ մի կերպ չեն գիտակցում, որ անհրաժեշտ է դասեր քաղել այնպիսի իրավիճակներից, երբ հայ խորհրդարանականների պատվիրակությունը կանգնած էր ձայնից զրկվելու իրական վտանգի առջեւ»:

Այս օրենսդրական փաթեթի համահեղինակներից մեկից՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Անահիտ Բախշյանից հետաքրքրվեցինք, թե լրագրողական կազմակերպությունների այս քննադատությունն իր համար ընդունելի՞ է, թե՞ ոչ. «Հայտարարության մեջ հնչած տեսակետները կիսում եմ, թեեւ կա մի հարց, որի հետ համաձայն չեմ: Այն է, որ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի եւ ՀՌԱՀ-ի անկախության ապահովման ուղղությամբ ոչինչ չենք արել: Մի քիչ այդպես չէ: Մենք օրենքով սահմանել ենք այդ խորհրդի ընտրության, նաեւ արտոնագրման մրցույթների հստակ չափորոշիչներ: (Այս փաթեթի մեկ այլ համահեղինակ՝ Արմեն Աշոտյանն «Ա1+»-ին երեկ հայտնել է, թե իրենց նախաձեռնության մեջ նշել են, որ արտոնագրի համար հավասար պայմաններում դիմողներից նախապատվությունը տրվում է բազմազանություն ապահովող հեռուստառադիոընկերությանը.- Ա. Ի.): Եվ սահմանել ենք, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովում աշխատանքն այսուհետ վճարովի է՝ դա նույնպես անկախության գրավական է: Համաձայն եմ, որ օրենքների այս նախագծերով նախատեսվածն էլ բոլորովին բավարար չէ, որպեսզի այդ մարմինները լինեն իրապես անկախ իշխանության քաղաքական ճնշումներից»:

Անահիտ Բախշյանն ասաց, որ ինքն էլ դեռ չի տեսել այն 10 առաջարկները, որոնք արել են ԵԽ փորձագետները՝ հեռուստաոլորտը կարգավորող երկու մարմինների անկախությունն ապահովելու համար. «Հետեւաբար սպասում ենք, որ այդ խումբը, որը հայտարարություն է արել՝ նորից կգա, եւ միասին կրկին կքննարկենք այդ խնդիրները»: Իսկ մինչ այդ՝ օրենսդրական այս փաթեթը չի քննարկվի այս քառօրյայում. «Ես հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի հետ համաձայնության եմ եկել: Իրեն ասել եմ, ու ինքն էլ էր համաձայն, որ ավելի լավ կլինի՝ այս քառօրյայում չքննարկվի այս փաթեթը»:

Մեր հարցին, թե հնարավո՞ր է, որ այս լրացուցիչ ժամանակն օգտագործվի՝ ներառելու համար ԵԽԽՎ բանաձեւերի պահանջները եւ ԵԱՀԿ Լրատվամիջոցների ազատության հարցերով հանձնակատարի կոչերը, որոնք չեն արտացոլվել այս օրենսդրական նախաձեռնության մեջ՝ տիկին Բախշյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ պիտի օգտագործենք այդ հնարավորությունը: Ինքս՝ որպես ընդդիմադիր պատգամավոր, պիտի պնդեմ, որ այդ առաջարկները դրվեն քննարկման: Այդ ուղղությամբ աշխատելու եմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել