Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում քաղաքացու սով է

Փետրվար 04,2009 00:00

«Ուրբաթ» ակումբի երեկվա հյուրերն էին կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն ու դրամատուրգ Կարինե Խոդիկյանը:

«ԵԽ-ն Հայաստանին ձայնից զրկում էր: Մտավորականների մի մասը ցավ ապրեց, մյուսներն անտարբեր մնացին, բայց համախմբվել էր պետք: Մեր մշակույթը քրիստոնեական արժեհամակարգի վրա է հիմնված, աշխարհայացքը հակված է եվրոպականին, ԵԽ մտնելը պարտադրված չէր, այլ կամովի, ուրեմն այնպես արեք, որ մեզ չպատժեն: Չէի ցանկանա, որպես անկարգ երեխայի՝ մեզ դուռը ցույց տան»,- ասաց Կարինե Խոդիկյանը:

Տիգրան Խզմալյանն էլ ավելացրեց մտավորականների երրորդ խումբը, ովքեր սրտանց ցանկանում են, որ Հայաստանին անպայման զրկեն ձայնի իրավունքից: «Մենք վաղուց մեկ ազգ, մեկ մշակույթ չենք, Հայաստանն ու Հայաստանի պատվիրակությունն էլ նույնը չեն, որովհետեւ զրկված ենք ընտրելու բնական իրավունքից: Իշխանությունը պետք է լինի իշխանություն եւ ոչ թե «Էշխանություն»: Մտավորականությունն էլ նրա համար է, որ ասի՝ արքան մերկ է, եթե չի ասում՝ ուրեմն մեզ պետք չէ»,- ասաց կինոռեժիսորը:

«Մենք միայն հետընթաց ենք ապրում, անպատժելիության սահմանների անցնելը հանգեցրեց մարտի 1-ին: Զարմանում եմ մարդկանց հակաեվրոպական կողմնորոշումից. նույն ծաղկից մեղուն մեղր է քամում, օձը՝ թույն: Եվրոպական արժեքներից վերցրեք այն լավը, ինչ մեզ պետք է»,- նկատեց Կարինե Խոդիկյանը:

«Ինքնակոչները մեզ տանում են հետընթացի: Նրանք գիտեն՝ ինչ են անում, դրա համար մենք ստիպված ենք թողնել մեր գործերը եւ զբաղվել սոցիալական քննադատությամբ, որ հետո չասեն՝ չէինք հասկանում,- նշեց Տիգրան Խզմալյանը՝ հավելելով:- Հայաստանում քաղաքացու զգացում ունեցող մարդու սով է: Իմ երկիրն այսօր հիվանդ է. Երեւանի վրա տասը անմեղ զոհերի մահվան ստվերն է սավառնում, արյունը գին ունի, ես չեմ կարող լռել, ոչինչ չի անցել: Այդ ստվերը պետք է չլինի,- մտահոգվում է Կարինե Խոդիկյանը՝ նաեւ ավելացնում,- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պետք է ամենադժգոհը լինի մեր երկրից: Որպես քաղաքացի, ինձ պետք է, որ քաղբանտարկյալներ չլինեն: Հայաստանում օրենք չկա, իսկ օրենքի առաջին պաշտպանը երկրի նախագահն է, եւ չեմ կարծում, որ նա կցանկանա իր երկիրն այս վիճակում լինի: Նրան բաժին հասավ այս երկիրը, ու եթե մենք դժգոհ ենք, նախագահը պետք է ամենադժգոհը լինի»: Տիգրան Խզմալյանն էլ նշեց. «Մեր ողբերգությունն այն է, որ ժողովրդական շարժումը կիսված է երկու մարդկանց կամ երկու ուժերի միջեւ, որոնք, վերջիվերջո, երկիրն ուզում են տանել նույն տեղը: Իշխանափոխությամբ չպետք է լուծվի այս հարցը: Հայաստանի սահմանադրության մեջ էլ գրած է՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Քարերով կամ այլ զենքով հարց չես լուծի: Ազնիվ հոդվածն էլ է դիմադրություն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել