Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկին՝ ընդդեմ Հեքեքյանի

Փետրվար 04,2009 00:00

«Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի ճակատագիրը հուզում է յուրաքանչյուր հայ մտավորականի, առավել եւս՝ երաժշտի, քանի որ անհանդուրժելի է բարոյահոգեբանական այն մթնոլորտը, որն այսօր տիրում է դպրոցում: Սայաթ-Նովայի անվան դպրոցը ավելի քան վաթսուն տարի կրթել ու դաստիարակել է աշխարհահռչակ շատ երաժիշտ կատարողների։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ երեխայի տաղանդն ու ընդունակությունները կարող են բացահայտել ու զարգացնել միայն բարձրակարգ մասնագետները։ Այսօր այդպիսիք դպրոցում գրեթե չեն մնացել։ Համատեղությամբ աշխատող մի քանի պրոֆեսորներից յուրաքանչյուրն ունի մեկ կամ երկու աշակերտ։ 2003թ. սկսած՝ դպրոցից հեռացել է շուրջ վաթսուն ուսուցիչ, որոնց թվում այնպիսի երաժիշտներ, ինչպիսիք են Արամ Թալալյանը, Ռուբեն Ալթունյանը, Ժիրայր Ալթունյանը, ՀՀ վաստակավոր ուսուցիչ Էլզա Թանդիլյանը: Իր շնորհալի մենակատարներով մշտապես փայլող դպրոցն այս տարի քաղաքային մրցույթում գրավեց ընդամենը հինգերորդ տեղը: Արվեստի այս փայլուն կրթօջախն ավերակի վերածվեց վերջին հինգ տարիների ընթացքում՝ տնօրեն Տիգրան Հեքեքյանի ղեկավարության օրոք: Աշակերտների թիվը կտրուկ նվազել է ոչ թե այն պատճառով, որ «նվազել է ծնելիությունը», այլ որովհետեւ մարդիկ չեն ցանկանում իրենց երեխաներին կրթության տալ մի դպրոցում, որտեղ մթնոլորտը սովորելու համար, մեղմ ասած, բարենպաստ չէ:

Հանդուրժել այս ամենը՝ անթույլատրելի է, հարգելի պարոնայք պետական այրեր: Եկեք աչք չփակենք կատարվածի առջեւ, ցույց չտանք, թե ամեն ինչ կարգին է եւ կատարվում է «օրենքի շրջանակներում»: Եկեք անտարբեր չլինենք մի խումբ ուսուցիչների բողոքի եւ պահանջի նկատմամբ, որն է՝ ազատել տնօրեն Հեքեքյանին իր զբաղեցրած պաշտոնից»,- մասնավորապես գրված է բաց նամակում՝ ուղղված ՀՀ պետական այրերին: Նամակի տակ ստորագրել են մի շարք ճանաչված երաժիշտներ՝ Արամ Թալալյանը (Կոմիտասի անվան քառյակ, ԵՊԿ դոցենտ), Սյուզի Երիցյանը (Կոմիտասի անվան քառյակ), Ի. Բադալյանը (պետկոնսերվատորիայի դոցենտ), Օ. Պապիկյանը (պետկոնսերվատորիայի պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր արտիստ), Բ. Վարդանյանը (պետկոնսերվատորիայի լարային ամբիոնի վարիչ, պրոֆեսոր), Ռ. Թանդիլյանը (վաստակավոր արտիստ, պետկոնսերվատորիայի պրոֆեսոր), Ս. Զաքարյանը (պետկոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնամուրային ամբիոնի վարիչ), Յակով Զարգարյանը (պետկոնսերվատորիայի մասնագիտական դաշնամուրի ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր ուսուցիչ), Մ. Վարդազարյանը (կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ), Է. Թանդիլյանը (ՀՀ վաստակավոր ուսուցիչ), Էդուարդ Թոփչյանը, Արմեն Մանուկյանը (ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ) եւ այլք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել