Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր գաղափարներ, նոր ծրագրեր

Փետրվար 04,2009 00:00

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ու սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն այս օրերին շարունակում են աշխատել Լոնդոնում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի նախապատրաստության՝ 2009-2012 թթ. քառամյա փուլի համար հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման միջնաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրերի մշակման եւ իրականացման ուղղությամբ:

2009 թվականը ոլորտում կառուցողական տարի է լինելու, որի ընթացքում հիմնականում կատարվելու են նախորդ տարիներին իրականացված գործունեության վերլուծություն եւ դրանց հիման վրա մշակվելու եւ հաստատվելու են հաջորդ երեք տարիներին կատարելիք աշխատանքների նոր հստակ ծրագրեր: Դրանք հիմնական գծերով ներկայացրել ենք «Առավոտի» երեկվա համարում:

Բայց կան նաեւ այլ նպատակներ: Դրանց մեջ կարեւորներից է 2010 թվականից երկու տարին մեկ հանրապետության պատանեկան սպարտակիադա անցկացնելու գաղափարը, որում ընդգրկվելու են հնարավորին չափ շատ մարզաձեւեր: Նպատակը ոչ միայն բոլոր մարզերում շնորհալի, հեռանկարային պատանիներին հայտնաբերելն ու մեծ սպորտ բերելն է, այլեւ առողջ ապրելակերպը հանրապետության ողջ տարածքում տարածելը: Դրա համար այսօրվանից տեղերում լուրջ ուսումնասիրություններ են կատարվում, որոնց ավարտին պետք է հետեւեն ճշգրիտ հաշվարկները եւ մարզաձեւերի ճիշտ ընտրությունը: Երկրորդը՝ տարվա մեկ օրը մասնագիտական տոն դարձնելու գաղափարն է, որով նույնպես զբաղվում են: Հարցն արդեն մտցված է փետրվարի սկզբներին հրավիրվելիք կոլեգիայի առաջին իսկ նիստի օրակարգ, որտեղ կորոշվեն ստույգ ամսաթիվը, օրվա պաշտոնական անվանումը, կազմակերպվելիք զանգվածային մարզական միջոցառումների ծրագրերը: Հետո այդ ամենը կներկայացվի կառավարության հաստատմանը: Բացառված չէ, որ մասնագիտական օրը նշվի արդեն այս տարի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել