Կյանքի «ամենաքաղցր» տարիները
Պատանեկությունը կյանքի մի փուլ է, ու թեեւ այն թվում է անհոգ, առանց դժվարությունների, սակայն իրականում շատ պատանիներ կյանքի ճիշտ ուղուց շեղվում են հենց այս տարիքում: Իզուր չէ, որ պատանեկության տարիներն անվանում են նաեւ «անցումային շրջան»: Այս փուլում է, որ մարդու հոգեկան աշխարհում, օրգանիզմում կատարվում են «գլոբալ» փոփոխություններ: Պատանեկան տարիքում անձը սեռապես հասունանում է, սովորաբար տղաների մոտ այս պրոցեսը սկսվում է 12-14 տարեկանում, իսկ աղջիկներն ավելի վաղ են հասունանում՝ 10-12 տարեկանում: Սեռական հասունացման ժամանակ աղջիկների օրգանիզմում ավելանում է էստրոգեն, իսկ տղաների մոտ՝ տեստոստերոն հորմոնների արտազատումը, եւ հենց այդ պահից օրգանիզմը սկսում է աճել արագ տեմպերով: Պատանիների մոտ հաճախ են նկատվում ինքնահավանության, քմահաճության դրսեւորումներ, եւ շատ հաճախ նրանք իրենց արտաքինից դժգոհ են մնում, իրենց տգեղ են համարում: Այս տարիքում նրանք փորձում են ինքնահաստատվել, ձեռք են բերում կուռքեր, ձգտում նմանվել նրանց: Դեռահասի օրգանիզմը պատանեկության փուլում «քմահաճ» է դառնում, օրինակ, ակտիվանում են քրտնագեղձերը եւ առատ քրտնարտադրություն է սկսվում, դեմքին առաջանում են բշտիկներ, կորյակներ ու պզուկներ: Հատկապես վերջին երեւույթները շատերի մոտ թերարժեքության բարդույթ է առաջացնում, խուսափում են «մարդամեջ» դուրս գալ՝ ամաչելով իրենց արտաքինի համար: Ի դեպ, մասնագետների պնդմամբ, այս հարցում տղաների օրգանիզմը շատ ավելի զգայուն է, քան աղջիկներինը:
Սեռական հասունացման շրջանում տղաների ձայնը կոպտանում է, ձայնալարերը երկարում ու լայնանում են: Բացի դա, պատանիները հաճախ իրենց լքված են զգում եւ միայնություն փնտրում, սակայն այս երեւույթը եւս տարիքային է ու ժամանակավոր բնույթ է կրում: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հաճախ դեռահասներին թվում է, թե իրենք աշխարհի ամենախորթ զավակներն են, եւ նրանց աչքին նույնիսկ ամենաչնչին խնդիրը կարող է աղետ երեւալ: Դեռահասների մոտ սկսում է զգացմունքների տեղատարափ, փոխվում է բնավորությունը, նրանք դառնում են անհանդուրժող, դյուրագրգիռ, ամենից շատ նրանց հուզում է այն, թե ինչ են իրենց մասին մտածում հակառակ սեռի ներկայացուցիչները: Հենց այդ ժամանակահատվածում էլ պատանին «բախվում» է սիրո հետ, ու հաճախ այդ զգացմունքն ավելի շփոթեցնող է լինում: Պատանիները հաճախ սերը շփոթում են տարվածության, կապվածության եւ հրապուրանքի հետ, ինչն էլ, ըստ հոգեբանների, կարող է լուրջ հիասթափությունների պատճառ դառնալ, հոգեկան աշխարհի վրա վատ ազդեցություն թողնել: Մասնագետների պնդմամբ, պատանին կարող է սիրահարվել ցանկացած մարդու, ինչն էականորեն տարբերվում է հրապուրանքից: Առաջին դեպքում անհրաժեշտ է դիմացինի մեջ տեսնել անհատականության տարրեր, օրինակ՝ ունի հիանալի ձայն, գերազանց պարուհի է եւ այլն: Հրապուրանքը բոլորովին այլ է՝ ավելի շատ զգացմունքային ռեակցիա է զուգընկերոջ արտաքին տվյալների, գրավչության, վարքագծի նկատմամբ: Կարելի է ասել՝ զգացմունքային հարաբերությունները «ծնվում» են հրապուրանքից: Հաճախ են շփոթում նաեւ սիրահարվածությունը սիրո հետ: Ինչ-որ առումով սիրահարվածությունը հոգեբանները համարում են «կարճատեւ խելագարություն», քանի որ սիրահարվածները հիմնականում վախենում են իրականությունից, որովհետեւ նրանց օդ ու ջրի պես պետք է գաղտնի պահել իրենց զգացմունքները: Իզուր չէ, որ հատկապես դեռահասները սիրահարվում են նամակագրական կապի միջոցով կամ «գժվում» երգիչ-երգչուհիների, դերասանների համար: Քանի որ պատանիները շատ դյուրագրգիռ են, հարկավոր է նրանց ճիշտ կողմնորոշել ցանկացած հարցում:
Պատանիների ծնողները նրանց հետ շփվելիս պետք է շատ կտրուկ ու խիստ չլինեն, որովհետեւ այս դեպքում պատանին հաստատ կձգտի համտեսել բոլոր արգելված պտուղները: Բայց նաեւ ծնողներին խորհուրդ չի տրվում զավակներին չափից շատ ազատություն տալ, ինչը բնորոշ է հատկապես հայերին: Խոսքը վերաբերում է այն ծնողներին, որոնք կատարում են տղայի բոլոր ցանկություններն ու քմահաճույքները, վերջինիս այն աստիճան շփացնելով, որ նա շատ հանգիստ կարող է ծխել, օգտագործել ալկոհոլ, տարվել խաղամոլությամբ եւ նույնիսկ շփվել մարմնավաճառների հետ: Թվարկված «ճոխություններից» օգտվող պատանիները, ի վերջո, հայտնվում են փակուղու արջեւ՝ ձեռք բերելով տարբեր հիվանդություններ, կախվածություն եւ այլն: Այսպիսով, պատանիներին դաստիարակելու համար հարկավոր է լինել շատ զգույշ, չսահմանափակելով նրանց ազատությունները, բայց ամեն դեպքում պահպանելով չափի զգացողությունը:
Ամենեւին էլ կարիք չկա վախենալ պատանեկությունից, որովհետեւ խելացի լինելու դեպքում այս տարիքը հիանալի միջոց է կյանքից բավականություն ստանալու համար: