Լրահոս
Օրվա լրահոսը

ՋՈՒԹԱԿԱՀԱՐԸ՝ «ԿՐԻՎՈՅԻՑ»

Փետրվար 04,2009 00:00

\"\"Օպերան մի կողմ, հոբիները՝ մյուս

Օպերային թատրոնը հիվանդություն է, ստիպված ամեն ինչ մոռանում ես, երբ թատրոն ես մտնում: Ոչ միայն ներկայացման ժամանակ հեռախոսս չեմ անջատում, այլեւ՝ գիշերը: Սիրում եմ աշխատանքս, որը, ցավոք, շատ ժամանակ ու էներգիա է խլում, սիրելի զբաղմունքների համար բան չի մնում: Իմ թիվ 1 հոբին է՝ այնպես ապրել, որ ոչ մեկը որեւէ վատ բան չկարողանա քո մասին ասել: Հաջորդը շփումն է ընկերներիս հետ, առանց նրանց կյանք չունեմ: Գողության նման մի բան է, որ մի երկու ժամով օպերայից բացակայում եմ, որ հանդիպեմ ընկերներիս: Չնայած երաժիշտ եմ, բայց ահավոր շատ եմ սիրում սպորտը՝ լող, թենիս, բիլիարդ, ֆուտբոլ… Երբ փոքր-ինչ ազատ ժամանակ է լինում, անպայման բիլիարդ եմ խաղում կամ նարդի: Ի դեպ, վերջինիս դեպքում խաղն անպայման ուղեկցվում է իրեն բնորոշ աղմուկ-աղաղակով ու աշխուժությամբ: Սիրում եմ երաժշտություն լսել՝ առանց ժանրային ու ոճային խտրականության: Լինելով անհանգիստ մարդ, ինչպես տանը հեռուստացույցի պուլտով ալիքներն եմ անընդհատ փոխում, այնպես էլ մեքենայիս մեջ ռադիոալիքները: Ցավոք, մեկ-մեկ այնպիսի FM-ներ կան, որ անհարմար ես զգում լսել:

Սիրում եմ կարդալ, սեղանիս գիրքն է Կարապետ Մելիք-Օհանջանյանի «Սասնա Ծռերը»: Կարծում եմ՝ ամեն հայ տղամարդու համար Սասունցի Դավիթը երկնային ձգտում է, ընդհանրապես Սասունցի Դավթի տրադիցիաներով եմ մեծացել…

«Կրիվոյի» շունչը թիկունքիս զգում եմ»

Սովորել եմ «Կրիվոյ» փողոցում գտն վող Վորոշիլովի անվան 40 դպրոցում, որի տնօրենը ընկերոջս հայրն էր՝ Վարդգես Անդրեասյանը: Նա հրաշալի մանկավարժ էր, ֆուտբոլի մեկնաբան, շատ խորը գիտելիքներով անձնավորություն: Տնօրեն աշխատելով այդ բարդ տարածքում, նա շատերին է դաստիարակել, այդ թվում՝ ինձ: Վերջերս նրա որդին հոր գիրքը հրատարակեց, որը մի շնչով կարդացի: Ի դեպ, «Կրիվոյ» փողոցում բացառիկ երեւույթ էր ջութակով տղան: Մյուս կողմից էլ ինձ համար դա դժվար չէր, որովհետեւ «Կրիվոյի» բոլոր մեծերը սիրում էին ինձ: Այն ժամանակ դիսկոտեկ չկար, միմյանց տներում ու բակերում էինք մեծանում, անձամբ ես հաճելի հյուր էի բոլորի տներում… Շատ լավ ժամանակներ էին, այդ տարիների «գողականներն» ու «հեղինակություններն» էլ էին ուրիշ: Ես միշտ մեջքիս զգացել եմ «Կրիվոյ» փողոցի շունչը, ինձ շատ է օգնել այդ փողոցում ապրելը: Մինչեւ հիմա լավ կապեր ունեմ: Եվ եթե պատահաբար մեր փողոցում դպրոցական ընկերներիս հանդիպում եմ՝ երկար զրուցում եմ, կինս կատակով ասում է՝ odnoklassniki.ru:

«Ընտանիքս ջերմ է եւ հրակայուն»

Ինձ համար առաջնային տեղում ընտանիքս է: Այն պետք է ջերմ լինի եւ հրակայուն: Կինս՝ Գայանեն, քիմիկոս է, դուստրս՝ Դիանան, դաշնակահարուհի: Մեր ընտանիքի ուրախությունը 4,5 տարեկան թոռնիկս է, որն իրեն Կակա է անվանում, ինձ էլ անունով՝ Կամո: Երաժշտական բացառիկ լսողություն ունի, այնքան աշխույժ երեխա է, որ հաճելիորեն մեզ հոգնեցնում է: Ամեն ուրբաթ զանգում է. «Կամո, վաղը շաբթի է, քո տուն եմ գալու»: Այդ օրերը մեզ համար տոն են: Եթե աշխատանքից 1-2 ժամով փախչում եմ, ուրեմն գալիս եմ թոռնիկիս հետ խաղալու:

Սիրում եմ նվերներ անել, կարող է, օրինակ, մեր հարսանիքի օրը մոռանամ, բայց կարող է նաեւ առանց հատուկ պատճառի գեղեցիկ ժեստեր անեմ կնոջս ու դստերս: Քանի դեռ աղջիկս չէր ամուսնացել, մեկ-մեկ կիրակի օրերը պոմիդորով ձվածեղ ու էլի ինչ-որ բաներ էի պատրաստում: Հիմա ամեն ինչ կինս է անում, շատ բաներ մորիցս է սովորել:

Առաջին ժամադրությունը՝ գարեջրով

Կնոջս հետ հանդիպումը պատահա կան է եղել: Նրա մայրն ու իմ քույրը մանկավարժներ էին, նույն դպրոցում էին աշխատում: Քույրս տեսել էր ապագա կնոջս ու շատ էր հավանել, ինձ էլ հրավիրեցին նրանց տուն, որ տեսնեմ: Տեսա իրեն, բայց չկողմնորոշվեցի: Մի օր էլ պատահաբար հանդիպեցինք փողոցում, ապագա կինս հրավիրեց իրենց տուն՝ գարեջուր խմելու: Ու ամեն ինչ այդպես սկսվեց:

Բոզբաշն ու պոմիդորը՝ համով, օծանելիքը՝ հոտով

Աշխատանքի բերումով շատ երկրներում եմ եղել ու նրանց ազգային խոհանոցին ծանոթացել: Ափսոսում եմ, որ հայկականն այդքան բազմազան չէ: Բայց մյուս կողմից էլ մեր տոլմային, սպասին, բոզբաշին, բաստուրմա-սուջուխին ոչինչ չի հասնի, մեր կարմիր լոբու ու պոմիդորի համն ուրիշ է, աշխարհում ուրիշ տեղ չես հանդիպի: Բոզբաշ եմ շատ սիրում: Գարեջուր եմ սիրում, բայց առողջական պատճառներով արդեն քանի տարի է՝ միայն օղի եմ խմում: Օծանելիք ընտրելիս անուններին կամ տուփերի ձեւավորմանը չեմ նայում, հոտով եմ ընտրում: Փողկապներիս ընտրությունն էլ ոչ մեկին չեմ վստահում:

Գեղեցիկ լինելը քիչ է

Մարդու մեջ ազնվությունն ու բարությունն եմ գնահատում, եթե այդ երկու գիծը կա, ուրեմն նա սիրելի ու հաճելի անձնավորություն է, նրա հետ կարելի է երկար ճանապարհ գնալ: Մարդիկ կան, որ չորությամբ, չուզողությամբ կարող են սիրտ կոտրել, դրա համար էլ այդպիսիները լավ շրջապատ ու ընկերներ չեն ունենում: Ախր աշխարհը շատ մեծ է ու այն կարելի է գրավել բարությամբ: Ինչ վերաբերում է կանանց՝ գեղեցիկ լինելը բավարար չէ, առաջին հայացքից է դա գրավում, իսկ բարության բացակայության դեպքում, կինը որքան էլ չքնաղ լինի՝ բանի պետք չէ…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել